Մերձավոր Արեւելք. Թուրքիայի ցանկություններն ու իրական հնարավորությունները

Written by

in

Ներկայացնում ենք Foreign Affairs պարբերականում հրապարակված The Fantasy of a Turkish Middle East հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մելիհա Բենլի Ալթունըշըք 
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի՝ Իսրայելի վրա հարձակումից հետո Մերձավոր Արեւելքի ապագայի շուրջ պայքարը կտրուկ սրվել է։ Ծոցի երկրների շուրջ ձեւավորված նախկին կարգի շրջանակում Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) փորձում էին կայունացնել եւ վերաձեւել տարածաշրջանը՝ օգտագործելով տնտեսական գործիքները եւ կարգավորելով հարաբերությունները նախկին հակառակորդների՝ Իրանի, Իսրայելի, Թուրքիայի եւ Սիրիայի հետ։ Գազայում, ապա՝ Իրանում եւ Ծոցի տարածաշրջանում արդեն երեք տարի շարունակվող պատերազմները լրջորեն խաթարել են կարգի ձեւավորման այդ նախագիծը՝ խոր անորոշություն ստեղծելով ապագայի վերաբերյալ։
Թուրքիան, ինչպես Մերձավոր Արեւելքի մյուս խոշոր տերությունները, փորձել է լրացնել տարածաշրջանում առաջացած վակուումը։ Մինչեւ 2023 թվականը Անկարայի ազդեցությունը նվազման միտում ուներ. արաբական ապստամբություններին հաջորդած դիվանագիտական մեկուսացման տարիներից հետո միայն այն սկսեց տարածաշրջանային խոշոր դերակատարների հետ հարաբերությունների վերականգնման գործընթացը։ Սակայն վերջին տարիներին Թուրքիան ստացել է Սիրիայում իր քաղաքականության եւ տարածաշրջանային դիվանագիտության հարցում ԱՄՆ-ի աջակցությունը եւ միաժամանակ սկսել է ջանքեր գործադրել ներքին կայունությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ խաղաղ գործընթաց նախաձեռնելով։ 
2026թ. օգոստոսին Պակիստանը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան ստորագրեցին Մեքքայի պաշտպանական դաշինքը՝ հավաքական անվտանգության համաձայնագիր, որն ամրապնդում է Թուրքիայի տարածաշրջանային դիրքերը եւ երկիրն ուղղակիորեն ներքաշում Սաուդյան Արաբիայի՝ հուսիների դեմ պայքարում։
2023թ. հոկտեմբերի 7-ից հետո Թուրքիայի որդեգրած ռազմավարությունը նպաստել է երկրի՝ որպես տարածաշրջանային ծանրակշիռ ուժի դիրքերի վերականգնմանը։ Սակայն Անկարան ի վիճակի չէ իրագործել ավելի մեծ հավակնությունը՝ սեփական պայմաններով տարածաշրջանային կարգ հաստատել։ Թուրքիայի, ինչպես եւ տարածաշրջանային առաջնորդության հավակնող մյուս երկրների, ուժը չի բավականացնում՝ մյուսներին նոր անվտանգային համակարգ պարտադրելու համար։ Նման համակարգ ստեղծելուն ուղղված Թուրքիայի նախնական քայլերը, այդ թվում՝ Մեքքայի համաձայնագիրը, միայն անապահովության զգացում են առաջացնում դաշինքից դուրս մնացած երկրների մոտ՝ խորացնելով անկայունությունը։ 
Հետեւաբար, տարածաշրջանային առաջնորդության հասնելու Անկարայի ամենահավակնոտ ձգտումները, ամենայն հավանականությամբ, անիրագործելի կմնան կամ նույնիսկ հակառակ արդյունքը կտան։ Քանի դեռ Մերձավոր Արեւելքում պահպանվում են խիստ ռազմականացված եւ «զրոյական գումարով խաղի» (zero-sum game) տրամաբանության վրա հիմնված անվտանգային հարաբերությունները, Անկարայի համար առավել նպատակահարմար կլինի կենտրոնանալ իր սահմաններին մոտ շահերի վրա՝ այնպիսի շահերի, որոնք նա ի զորու է պաշտպանել։
Ռիսկ եւ պարգեւատրում
Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան փորձում է ձեւավորել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային կարգը։ 2010-ականների սկզբին Անկարան արաբական ապստամբությունները դիտարկում էր որպես պատմական հնարավորությունների պատուհան։ Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AKP) տարածաշրջանը պատած քաղաքական վերափոխումները բնորոշում էր որպես «ժողովրդի իշխանության գալուստ»։ Թուրքիայի կառավարությունը հույս ուներ, որ բողոքի ալիքով ողողված արաբական երկրներում ընտրությունների արդյունքում իշխանության կգան Մուսուլման եղբայրներ կազմակերպության հետ առնչություն ունեցող կուսակցությունները, որոնց գաղափարախոսությունը համահունչ էր AKP-ի գաղափարներին, եւ որոնց հետ AKP-ն գործնական կապեր ուներ։ Անկարայի հաշվարկով՝ բարեկամական կառավարությունների ձեւավորումը կմեծացներ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։
Սակայն այդ հույսերը չարդարացան։ 2013 թվականին տապալվեց Մուսուլման եղբայրներ կազմակերպության հետ կապեր ունեցող Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, իսկ Սիրիայում ընդդիմադիր ուժերի վրա Թուրքիայի կատարած խաղադրույքը չարդարացավ, քանի որ Բաշար ալ-Ասադին հաջողվեց պահպանել իշխանությունը։ Արդյունքում, Թուրքիան հայտնվեց տարածաշրջանային մեկուսացման մեջ։ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն հակադիր առանցք ձեւավորեցին, որը դեմ էր Թուրքիայի՝ Մուսուլման եղբայրներ կազմակերպության հետ կապերին եւ ձգտում էր սահմանափակել Անկարայի ազդեցությունը։ Այս երկրները մարտահրավեր նետեցին Թուրքիայի դիրքերին Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արեւելյան Միջերկրականում եւ Աֆրիկայի Եղջյուրում՝ փաստացի Թուրքիայի դեմ միջնորդավորված պայքար մղելով Լիբիայում, Սոմալիում եւ Սիրիայում։
2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումները սկիզբ դրեցին տարածաշրջանային ցնցումների նոր փուլին։ Դրան հաջորդած որոշ զարգացումներ բխեցին Թուրքիայի շահերից։ Դրանցից ամենակարեւորը 2024 թվականի դեկտեմբերին «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորած ընդդիմադիր խմբավորումների ձեռքով Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն էր։ Կարելի է ասել, որ Դամասկոսում իշխանափոխության հասնելու գործում Թուրքիան ավելի մեծ դեր է ունեցել, քան որեւէ այլ երկիր. տարիներ շարունակ այն աջակցել է ընդդիմադիր խմբավորումներին։ Այդուհանդերձ, ժամանակի ընթացքում Ասադի վարչակարգի տապալման հեռանկարն ավելի ու ավելի անհավանական էր թվում։ Տարածաշրջանի մյուս խոշոր տերություններն արդեն համակերպվել էին նրա իշխանության պահպանման հետ, եւ նույնիսկ Անկարան սկսել էր դիտարկել Ասադի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը՝ տարածաշրջանային մեկուսացումից խուսափելու համար։ 
Ասադի տապալումը կտրուկ փոխեց Թուրքիայի դիրքերը՝ նրան Սիրիայում ապահովելով ավելի մեծ ազդեցություն, որից նա զրկված էր ավելի քան մեկ տասնամյակ։
Այլ զարգացումները, սակայն, ավելի մեծ վտանգներ են ստեղծել Անկարայի համար։ Հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելի արտաքին քաղաքականությունը դարձել է ավելի վճռական եւ ռեւիզիոնիստական, իսկ անվտանգության ոլորտում նրա ընդլայնվող հավակնությունները սկսել են բախվել Թուրքիայի շահերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ քննադատությունը՝ ուղղված Գազայում Իսրայելի վարած քաղաքականությանը, սրել է երկկողմ հարաբերությունները։ 
Լարվածությունն էլ ավելի է աճել, երբ Թուրքիան ընդլայնել է իր ներկայությունը Սիրիայում՝ Ասադի վարչակարգի տապալումից հետո, ինչը Իսրայելը դիտարկում է որպես ուղղակի սպառնալիք։ Քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում գտնվող թիրախներին, ինչն Անկարան դատապարտել է, էսկալացիայի վտանգը միայն աճում է։ Կողմերից որեւէ մեկի սխալ հաշվարկը կարող է իսրայելական եւ թուրքական ուժերի միջեւ անմիջական բախման հանգեցնել։
Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը Թուրքիայի համար հակասական հետեւանքներ է ունեցել։ Թեեւ Թեհրանի ուշադրությունն այժմ կենտրոնացած է այլ ուղղությամբ, Անկարան ողջունել է Սիրիայից Իրանի նահանջը եւ Իրաքում նրա դեռեւս պահպանվող ազդեցությունը սահմանափակելու հնարավորությունը։ Միեւնույն ժամանակ, Թուրքիան շահագրգռված չէ, որ միջուկային զենք ունեցող Իրանը խախտի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Սակայն Իրանի գործող վարչակարգի տապալման դեպքում Թուրքիայի արեւելյան սահմանի երկայնքով քաոսի առաջացման հեռանկարը լուրջ մտահոգություն է առաջացնում Անկարայում։ Նույնքան մտահոգիչ է նաեւ Իրանի՝ պատերազմից անվնաս դուրս գալու եւ դրա հետեւանքով ավելի համարձակ դառնալու հավանականությունը։
Այս բարդ իրավիճակում Անկարան ձգտում է պաշտպանել իր անվտանգային շահերը եւ օգտվել տարածաշրջանային ցնցումների հետեւանքով առաջացող հնարավորություններից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իշխանության վերադառնալուց հետո Էրդողանը փորձել է խորացնել Թուրքիայի մերձեցումը Միացյալ Նահանգների հետ՝ օգտագործելու Վաշինգտոնի հետ հարաբերությունները Անկարայի տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու համար։
Թուրքիան շարունակել է նաեւ տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ զարգացնելով 2020-ականների սկզբին Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ արաբական այլ առանցքային երկրների հետ կապերը վերականգնելու ուղղությամբ գործադրված ջանքերը։ Անկարայի նպատակն է ձեւավորել ավելի լայն տարածաշրջանային դաշինք։ Ներքին ճակատում էլ Անկարան նախաձեռնել է «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» գործընթացը, որը նպատակ ունի կարգավորել PKK-ի հետ հակամարտությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այս հակամարտությունը Թուրքիայի հակառակորդները երկար ժամանակ օգտագործել են իրենց նպատակների համար՝ զինելով քրդական խմբավորումներին կամ նրանց քաղաքական աջակցություն ցուցաբերելով։
Ոչ բավարար
Անկարայի ձեռնարկած որոշ քայլեր արդեն արդյունք են տվել։ Դրա վառ օրինակն են Վաշինգտոնի հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ գործադրված ջանքերը։ Թրամփի եւ Էրդողանի սերտ հարաբերությունները նպաստել են, որ Միացյալ Նահանգներն ընդունի Սիրիայում Թուրքիայի դերի ընդլայնումը։ Թուրքիան այն չորս երկրներից մեկն էր, որոնց Վաշինգտոնը ներգրավեց Իսրայելի եւ Համասի միջեւ 2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Դրանից հետո Թրամփն առաջարկեց, իսկ Էրդողանն ընդունեց Գազայի վերականգնման նպատակով ԱՄՆ նախագահի նախաձեռնած, այսպես կոչված, Խաղաղության խորհրդում տեղ զբաղեցնելու առաջարկը։ 
Վերջին պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվ դեր է խաղացել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջնորդական ջանքերում։ Բացի այդ, Թրամփը հրապարակայնորեն ողջունել է Մեքքայի պաշտպանական դաշինքը՝ այն բնութագրելով որպես «մեծ, համարձակ եւ կարեւոր»։ Այս զարգացումները վկայում են, որ Վաշինգտոնը ճանաչում է Թուրքիայի տարածաշրջանային նշանակությունը, ԱՄՆ վարչակազմը պատրաստակամ է աջակցելու Անկարայի որոշ առաջնահերթություններին, իսկ Թուրքիան վճռական է տրամադրված՝ ամրապնդելու իր տարածաշրջանային դիրքերը։
Այդուհանդերձ, Թուրքիայի՝ տարածաշրջանում ազդեցությունն ընդլայնելու ձգտումը բախվում է հստակ սահմանափակումների։ Այսպես, 2026 թվականի փետրվարին կայացած Խաղաղության խորհրդի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիային թույլ չտվեցին մասնակցել Գազայում նախատեսված միջազգային զորակազմի տեղակայմանն ու ոստիկանական ուժերի վերապատրաստմանը։ Սա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունների ջերմացումը բավարար չեղավ՝ հաղթահարելու Իսրայելի առարկությունները Պաղեստինի տարածքում թուրքական ռազմական ներկայության դեմ։ Սիրիայում եւս Թրամփի վարչակազմի աջակցությունը չխանգարեց Իսրայելին ռազմական հարվածներ հասցնել թուրքական դիրքերի մերձակայքում գտնվող սիրիական թիրախներին։ Այլ կերպ ասած՝ Թուրքիային չհաջողվեց Թրամփի վարչակազմի հետ իր հարաբերություններն օգտագործել՝ հաղթահարելու Իսրայելի սահմանած սահմանափակումները տարածաշրջանում Անկարայի դերի մեծացման վրա։
Թուրքիայի՝ տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու ջանքերը նույնպես հակասական արդյունքներ են տվել։ Անկասկած, Սաուդյան Արաբիայի նման կարեւոր դերակատարների հետ դիվանագիտական կապերի վերականգնումը բխում է Անկարայի շահերից։ Սակայն այդ երկրների հետ ձեւավորվող դաշինքները կարող են ոչ թե բարձրացնել Թուրքիայի եւ տարածաշրջանի անվտանգության մակարդակը, այլ, ընդհակառակը, նվազեցնել այն։
Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի պայմանագիրը կարող է հանգեցնել հակադիր դաշինքների ամրապնդման եւ տարածաշրջանային լարվածության աճի։ Թուրքիան պնդում է, որ այս դաշինքն ուղղված չէ որեւէ կոնկրետ երկրի դեմ, եւ չի բացառում, որ հետագայում դրան կարող են միանալ Եգիպտոսը, Սիրիան կամ նույնիսկ Իրանը։ Սակայն առայժմ Իրանը, Իսրայելը եւ հուսիները կարող են դաշինքն ընկալել որպես սպառնալիք եւ փորձել ստուգել կամ թուլացնել դրա անդամների հանձնառությունը։
Ավելին, այս պայմանագիրը կարող է Թուրքիային ներքաշել այլ երկրների հետ պատերազմների մեջ։ Նման վտանգն արդեն իսկ առկա է, քանի որ Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը, իսկ հուսիներն ակտիվացնում են Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումները։ Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ հնարավոր ռազմական աջակցությունը կսահմանափակվի զսպման միջոցառումներով, հետախուզական տվյալների փոխանակմամբ եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությամբ։ 
Այդուհանդերձ, Սաուդյան Արաբիան ակնկալում է Պակիստանի եւ Թուրքիայի աջակցությունը հակաօդային եւ տարածքային պաշտպանության հարցերում, իսկ երեք երկրները պայմանավորվել են պատրաստել ուժեր՝ արագ տեղակայման հնարավորությամբ։ Թուրքական զորքերը Սաուդյան Արաբիա ուղարկելու համար անհրաժեշտ կլինի խորհրդարանի առանձին հավանությունը։ Եթե նման թույլտվություն տրվի, ապա նույնիսկ սահմանափակ թվով զորքերի տեղակայումը կարող է Թուրքիային ներքաշել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության մեջ։
Տարածաշրջանին անհրաժեշտ է անվտանգության որոշակի միասնական համակարգ։ Խնդիրն այն է, որ տարածաշրջանի ոչ մի երկիր, այդ թվում՝ Թուրքիան, բավարար ուժ չունի մյուսներին սեփական պայմաններով անվտանգային կարգ պարտադրելու համար։ Նման փորձերի դեպքում մյուս երկրները կընկալեն դա որպես սպառնալիք։ Ավելի արդյունավետ կարող է լինել համագործակցության ոչ պաշտոնական շրջանակի ստեղծումը, որը բաց կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար եւ որի մասնակիցները փոխադարձ պաշտպանության պարտավորություններ ստանձնելու փոխարեն կպարտավորվեն միմյանց վրա չհարձակվել։ 
Սակայն նման դաշինքի ձեւավորումն ու գործունեությունը վստահություն են պահանջում, որը տարածաշրջանի կառավարությունները չունեն։ Այս փակուղուց դուրս գալու համար, հավանաբար, անհրաժեշտ կլինի, որ Միացյալ Նահանգներն ավելի կառուցողական դեր ստանձնի։ Խոսքը ոչ թե պարզապես տարածաշրջանային ցանկացած պայմանավորվածության հավանություն տալու մասին է, ինչպես Թրամփն արեց Մեքքայի համաձայնագրի դեպքում, կամ երկրների վրա ճնշում գործադրելը՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ առանց Իսրայելից որեւէ փոխադարձ ակնկալիք ունենալու, ինչպես վարվել է հենց Թրամփը։ Փոխարենը՝ Վաշինգտոնը, հնարավոր է Պեկինի աջակցությամբ, պետք է խթանի տարածաշրջանային մրցակիցների, մասնավորապես՝ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Դրանք երկարաժամկետ հեռանկարում կարող են հիմք ստեղծել անվտանգության ներառական եւ կենսունակ համակարգի ձեւավորման համար։ Առանց նման արտաքին միջամտության՝ տարածաշրջանում ձեւավորվող սահմանափակ կազմով անվտանգային դաշինքները միայն ավելի կխորացնեն անկայունությունը։
Ապավինել սեփական ուժեղ կողմերին
Անկարայի ամենամեծ հնարավորություններն իր անմիջական հարեւանությամբ են։  
Քրդական խաղաղ գործընթացը դանդաղ է ընթանում 2025 թվականի փետրվարից ի վեր, երբ PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ արեց զինված խմբավորմանը վայր դնել զենքերը։ Այդուհանդերձ, արդեն իսկ արձանագրվել է շոշափելի առաջընթաց. 2025 թվականի մայիսին PKK-ն հայտարարեց ինքնալուծարման որոշման մասին։ Սիրիայում քրդական ուժերը ներառվում են սիրիական բանակի կազմում, իսկ օգոստոսին PKK-ի հետ կապեր ունեցող քրդական զինված խմբավորման՝ Ժողովրդական պաշտպանության ջոկատների (YPG) հրամանատար Մազլում Աբդին նշանակվեց նախագահի խորհրդական։ 
Սիրիայում հետպատերազմյան անցումային գործընթացը դեռեւս փխրուն է։ Դամասկոսի եւ երկրի հյուսիս-արեւելքում գործող քուրդ զինյալների միջեւ հաշտեցումը կարող է պայմանավորված լինել ինչպես ԱՄՆ-ի ճնշմամբ, այնպես էլ Թուրքիայի՝ երկրի ներսում PKK-ի հետ խաղաղության հասնելու ջանքերով։ 
Այդուհանդերձ, սիրիական քրդական ուժերի՝ պետական կառույցներում եւ բանակում ինտեգրումը վերացնում է այն վտանգը, որը Անկարան տեսնում էր իր հարավային սահմանի մոտ ինքնավար եւ զինված քրդական միավորի գոյության մեջ։ Հաշվի առնելով Դամասկոսի հետ Անկարայի ձեւավորած սերտ անվտանգային եւ տնտեսական կապերը, ինչպես նաեւ այն քաղաքական ու իրավական քայլերը, որոնք կառավարությունը կարող է ձեռնարկել երկրի ներսում՝ PKK-ի լիակատար կազմալուծումն ապահովելու եւ ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու համար, Թուրքիան հնարավորություն ունի նպաստելու այս դրական զարգացումների շարունակականությանը։ 
Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն առավել հաջող է լինում այն ժամանակ, երբ երկիրն ապավինում է սեփական ուժեղ կողմերին, այլ ոչ թե փորձում ուժով թելադրել իր կամքը տարածաշրջանի մյուս դերակատարներին։ 21-րդ դարի առաջին տասնամյակում Անկարան իրական ազդեցություն ձեռք բերեց՝ միջնորդի դեր ստանձնելով Սիրիայի եւ Իսրայելի, ինչպես նաեւ պաղեստինյան խմբավորումների միջեւ, ընդլայնելով տնտեսական ներկայությունը Լեւանտում եւ առաջ քաշելով տարածաշրջանի էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքները միմյանց կապելուն ուղղված նախագծեր։ Միեւնույն ժամանակ, ռազմական ուժի կիրառումն առավել արդյունավետ է եղել հստակ նպատակների համար, օրինակ՝ Սիրիայի հետ սահմանն անվտանգ դարձնելու նպատակով։ Հենց այս համադրությունն է Թուրքիայի հաջողության բանաձեւը՝ դիվանագիտություն եւ տնտեսական ներգրավվածություն՝ ազդեցությունն ընդլայնելու, եւ սահմանափակ ռազմական ուժի կիրառում՝ կենսական շահերը պաշտպանելու համար։ Ի տարբերություն դրա՝ լայնածավալ եւ անորոշ ժամկետով ստանձնած պարտավորությունները կարող են Թուրքիային ներքաշել տարածաշրջանային հակամարտությունների մեջ՝ առանց երկրի անվտանգությունն ամրապնդելու։
Այսօր ավելի արդյունավետ ռազմավարության որդեգրումը չի նշանակում հրաժարվել տարածաշրջանային քաղաքականությունից։ Այն ենթադրում է հստակ առաջնահերթությունների սահմանում եւ երկարաժամկետ պլանավորում։ Թուրքիայի սահմանների անվտանգությունն ապահովելու համար առանցքային նշանակություն ունեն քրդական խաղաղ գործընթացի ամրապնդումը, Սիրիայի կայունացման գործում Վաշինգտոնի ներգրավվածության պահպանումը, Սիրիայում Իսրայելի հետ ռազմական առճակատման ռիսկի կառավարումը, ինչպես նաեւ Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի տարածաշրջանային կառավարության եւ Բաղդադի կենտրոնական կառավարության հետ կառուցողական հարաբերությունների պահպանումը։ Այս նպատակների իրագործումը լիովին Թուրքիայի հնարավորությունների շրջանակում է։
Անկարան կարող է շարունակել օգտագործել միջնորդական իր փորձը՝ նպաստելով խաղաղ գործընթացների առաջմղմանը, երբ դրա համար համապատասխան հնարավորություններ են ստեղծվում։ Այն կարող է նաեւ խթանել տարածաշրջանի տնտեսական փոխկապակցվածությունը՝ ընդլայնելով առեւտրային կապերը եւ աջակցելով տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին, ինչպիսիք են «Իրաք-Եվրոպա զարգացման ճանապարհը» (Iraq-Europe Development Road) եւ Ծոցի երկրները Հորդանանի, Սիրիայի ու Թուրքիայի հետ կապող խողովակաշարային ցանցի նախագիծը։ Թուրքիան կարիք չունի նաեւ խուսափելու Ծոցի երկրների հետ անվտանգային համագործակցությունից, պայմանով, որ այն իրականացվի առանց պաշտոնական պարտավորություններ ստանձնելու։ Այդուհանդերձ, այս բոլոր նախաձեռնություններն իրականացնելիս Անկարան պետք է հիշի, որ իր ազդեցությունն առավել մեծ է լինում այն ժամանակ, երբ զերծ է մնում տարածաշրջանային հակամարտություններին միջամտելուց։
Մերձավոր Արեւելքում սրվող պատերազմներն ու հակամարտող դաշինքների ձեւավորումը կարող են այսօր ավելի դժվարացնել Թուրքիայի՝ անվտանգության ոլորտում ավելի նեղ շրջանակով քաղաքականություն վարելու հնարավորությունը, քան նախկինում։ Անկարան պետք է զգուշորեն հավասարակշռի սեփական շահերի պաշտպանությունն ու անկայուն հարեւանության մեջ կառուցողական դերակատարում ունենալու ձգտումը։ Թերեւս տարածաշրջանային կայունությանը նպաստելու լավագույն միջոցը Թուրքիայի համար չափազանց մեծ թվով ուղղություններով միաժամանակ գործելու փորձերից խուսափելն է։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *