ՀՀ կառավարությունը հրաժարվում է մեկնաբանել Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ինժեներական աշխատանքները։
Ավելի վաղ անդրադարձել էինք վերջին տարիներին և ամիսներին Ադրբեջանի ԶՈւ իրականացրած ինժեներական աշխատանքներին Հայաստանի օկուպացված տարածքներում՝ Ջերմուկի, Սև լիճի հարակից հատվածներում, Սյունիքի այլ շրջաններում, ինչպես նաև Տավուշում։ Հրապարակել էինք նաև համապատասխան արբանյակային լուսանկարները։
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։
Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ արդյոք գրասենյակը տեղյակ է Հայաստանի տարածքում իրականացվող աշխատանքներից, այդ թվում՝ ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1974–1978 թվականների քարտեզներով Հայաստանի տարածք համարվող հատվածներում, և արդյոք այդ աշխատանքները տեղավորվում են սահմանազատման գործընթացի տրամաբանության մեջ։
Հարցրել էինք նաև՝ արդյոք աշխատանքները քննարկվել են Ադրբեջանի հետ (եթե այո, ապա ինչ արձագանք է եղել), և ինչ է նախատեսում անել սահմանազատման հանձնաժողովը ստեղծված իրավիճակի համատեքստում։
Փոխվարչապետի գրասենյակը չի պատասխանել հարցերին՝ հարցումն ուղարկելով ՀՀ պաշտպանության նախարարություն։
«Տեղեկացնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ պարբերաբար տրվում են պաշտոնական պարզաբանումներ և տեղեկատվություն, այլ տեղեկություններ չենք կարող հաղորդել»,– պատասխանել են ՊՆ-ից։
Հատկանշական է, որ ռազմական ենթակառուցվածքների ամրապնդումն ու ընդլայնումը շարունակվել են նաև այն բանից հետո, երբ կողմերը Տավուշում խորհրդային քարտեզների հիման վրա սկսել են սահմանազատման գործընթացը, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո։
Leave a Reply