Վլադիկավկազի հետ առաջին անգամ ծանոթացա դեռեւս երրորդ կուրսում՝ այնտեղ մեկնելով համակուրսեցուս հրավերով։ Նրա շնորհիվ ինձ բախտ վիճակվեց տեսնել Հյուսիսային Օսիայի գեղեցկությունները՝ Կովկասյան լեռների ձյունաճերմակ գագաթները, որոնք նույնիսկ ամառվա տապին վեր էին խոյանում կանաչ փշատերեւ լանջերից վեր։ Ես բացահայտեցի Վլադիկավկազը՝ կամ Ձաուջիկաուն, ինչպես այն անվանում են տեղացիները. այն հաճելի քաղաք է ցարական եւ խորհրդային ժամանակաշրջանների ճարտարապետությամբ։
Մինչեւ մեկնելը, սովորության համաձայն, քարտեզի որոնման դաշտում մուտքագրեցի «հայկական» բառը եւ գտա միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այդ ժամանակ դեռ չէի պատկերացնում, թե որքան մեծ է հայկական հետքը Վլադիկավկազի պատմության մեջ։
Երեք տարի անց կրկին մեկնեցի Հյուսիսային Օսիա, այս անգամ՝ որոշակի նպատակով․ ծանոթանալու մի ժառանգության հետ, որի գոյության մասին առաջին այցելությանս ժամանակ գրեթե ոչինչ չգիտեի։
Հնադարից դեպի ռուսական Հյուսիսային Կովկաս
Հյուսիսային Կովկասի հետ հայերի առնչությունը խոր պատմական արմատներ ունի։
Այդ մասին են վկայում հայ-ալանական վաղ շփումները, որոնց հայտնի դրվագներից մեկը արքայադուստր Սաթենիկի պատմությունն է։ Այդ կապերը հատկապես տեսանելի դարձան ավելի ուշ, երբ ռուսական իշխանությունները սկսեցին նպատակաուղղված խրախուսել հայերի բնակեցումը։ Դեռեւս 1711 թվականին Պետրոս Առաջինը հրամանագիր արձակեց, ըստ որի՝ հայերին անհրաժեշտ էր «հնարավորինս բարեհաճ վերաբերվել եւ ըստ պատշաճի թեթեւացնել նրանց վիճակը»՝ տարածաշրջանի տնտեսական զարգացումն աշխուժացնելու նպատակով։
Պատմաբան եւ լրագրող Ֆելիքս Կիրեեւը, որն ուսումնասիրում է քաղաքի եւ Տերեքի կազակության պատմությունը, նշում է, որ 1784 թվականին Վլադիկավկազի բերդի հիմնադրումից հետո քաղաքացիական բնակչության առաջին ներկայացուցիչներից էին հայերը, որոնց մեծ մասը՝ Թիֆլիսի նահանգից։
Պատմաբանը հայերի այստեղ հայտնվելը կապում է ռուսական վարչակազմի՝ առեւտուրը զարգացնելու եւ անհանգիստ միջավայրում գտնվող բերդի մատակարարումը կազմակերպելու ձգտման հետ։
Հայ համայնքի ձեւավորումը
Քաղաքի ընդարձակմանը զուգընթաց մեծանում էր նաեւ հայ համայնքը։ Հայերը, ինչպես բնորոշ էր գաղթօջախներին, բնակություն էին հաստատում բավականին համախումբ՝ Շտիբի հրապարակի, Չերմեն Բաեւի, Հայկական եւ Ցագոլովի փողոցների շրջանում, այսինքն՝ ներկայիս Վլադիկավկազի հենց կենտրոնում։
Հայկական գաղութների առօրյա կյանքը պատմականորեն սերտորեն միահյուսված է եղել եկեղեցու հետ՝ որպես հասարակական կյանքի ինստիտուտի։ Վլադիկավկազի համայնքն այս առումով բացառություն չէ. այսօր կենտրոնական հրապարակի, Հյուսիսային Օսիայի կառավարության շենքի եւ Վլադիկավկազի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվում է գեղեցիկ ճարտարապետությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։
Առաջին փայտե եկեղեցին այստեղ կառուցվել է դեռեւս 1843 թվականին, սակայն համայնքի աճին զուգընթաց այն այլեւս չէր կարողանում տեղավորել բոլոր ուխտավորներին: 1862 թվականին դրվեց նոր քարե եկեղեցի կառուցելու հարցը։ Դիմումը հաստատեց Տերեքի մարզի այն ժամանակվա ղեկավար Միքայել Լոռիս-Մելիքովը (Լոռու Մելիքյանը), որը ստանձնեց ծախսերի մի մասը։
Եկեղեցին ընդլայնվեց մինչեւ 1869 թվականը, իսկ հետագայում այն կրկին վերակառուցվեց, եւ 1902 թվականին տեղի ունեցավ հանդիսավոր օծումը, որից հետո շենքը ստացավ ներկայիս տեսքը։ Եկեղեցու ներքին հարդարանքի ուշագրավ տարրերից են նկարիչ Կարապետ Նշանյանի հեղինակած սրբապատկերները։
1870-ական թվականների կեսերին եկեղեցուն կից բացվեց ծխական դպրոց, իսկ 1883 թվականի աշնանը սկսեց գործել հայ աղջիկների ուսումնարանը։ Չնայած ցարական իշխանությունների կողմից բազմիցս թելադրված սահմանափակումներին՝ քաղաքում հայկական կրթությունը շարունակում էր զարգանալ. 1908 թվականին տեղի համայնքի նվիրատվություններով կառուցվեց հայկական դպրոց։ Խորհրդային տարիներին այն գործում էր որպես Շահումյանի անվան թիվ 20 դպրոց եւ այդ կարգավիճակը պահպանեց մինչեւ 1957 թվականը։
Միքայել Լոռիս-Մելիքովի մասին միայն մեկ հիշատակմամբ սահմանափակվել չեմ կարող. նա եղել է Տերեքի մարզի ղեկավար, իսկ հետագայում՝ Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար։ Հենց Լոռիս-Մելիքովի օրոք Վլադիկավկազը փոքր բնակավայրից Հյուսիսային Կովկասի ամենազարգացած կենտրոններից նեկը դարձավ։
Նրա ղեկավարության տարիներին քաղաքն ակտիվորեն զարգանում էր․ ձեւավորվեց քաղաքացիական կառավարման համակարգը, կառուցվեցին Ռոստով-Դոն–Վլադիկավկազ երկաթուղային ճյուղը, Հյուսիսային Կովկասի ամենահին թատրոնը՝ Վախթանգովի անվան ռուսական թատրոնը, սկսեց լույս տեսնել տարածաշրջանի առաջին տպագիր պարբերականներից մեկը՝ «Տերսկիե վեդոմոստի» թերթը։
Մարզը ղեկավարելու տարիներին ուսումնական հաստատությունների թիվը մի քանի տասնյակից հասավ երեք հարյուրի։ Լոռիս-Մելիքովի անձնական միջոցներով բացվեց արհեստագործական ուսումնարան, որին նա աջակցում էր նույնիսկ պաշտոնաթող լինելուց հետո՝ արդեն Նիսում գտնվելու ժամանակ։ Լոռիս-Մելիքովի՝ քաղաքի կայացման գործում ունեցած նշանակալի ներդրման մասին է վկայում նաեւ այն, որ արհեստագործական ուսումնարանը նրա անունը կրեց դեռ նրա կենդանության օրոք, իսկ 1880 թվականին նա դարձավ Վլադիկավկազի առաջին պատվավոր քաղաքացին։ Մինչեւ 1917 թվականի հեղափոխությունը նրա անունն էր կրում նաեւ ներկայիս Լենինի փողոցը, որն անցնում է Խաղաղության պողոտային զուգահեռ։
Հայկական ազդեցությունն ի սկզբանե առավել նկատելի էր քաղաքի տնտեսական կյանքում։ Հայերը ներգրավված էին առեւտրի եւ արհեստագործական արտադրության մեջ. նրանց թվում տասնյակ ոսկերիչներ, փորագրիչներ եւ դերձակներ կային։
Տեղի հայերին էին պատկանում աղյուսի եւ կղմինդրի գործարաններ, գարեջրի եւ ծխախոտի ֆաբրիկաներ, մի շարք այլ ձեռնարկություններ, հյուրանոցներ։ 20-րդ դարի սկզբին Վլադիկավկազի ձեռնարկությունների կեսից ավելին, որոնցից ամենամեծը Կիրակոզով-Օգանովի ընկերակցությունն էր, գտնվում էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ձեռքում։
Հայ համայնքի ժառանգությունն այսօր էլ նկատելի է Վլադիկավկազի դիմագծում։ Երբեմնի հարուստ անցյալի բազմաթիվ հետքերը կարելի է գտնել Զավեն Խաչատուրյանի կողմից անցկացվող «Հայկական Վլադիկավկազ» շրջագայության ընթացքում։
Զավենի մայրական նախնիները Վլադիկավկազ հայերի գաղթի երկրորդ ալիքի ներկայացուցիչներից էին։ Փրկվելով Օսմանյան կայսրությունում իրականացվող ցեղասպանությունից՝ Զավենի նախապապն ու նախատատը հասել էին Վլադիկավկազ, որտեղ էլ սկսվել է նրա ընտանիքի պատմությունը։
Մեր շրջագայությունը սկսվեց «Նարդու խաղ» քանդակից, որը հայ եւ օս ժողովուրդների բարեկամության ու բարիդրացիության խորհրդանիշն է։ Այցելելով Պավել Լիսիցյանի տուն՝ շարունակեցինք ճանապարհը Հայկական փողոցով՝ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ Վախթանգովների ընտանիքի տուն։
Ազատության հրապարակի մոտ Զավենը ցույց տվեց այն վայրը, որտեղ ժամանակին եղել է խորհրդային ռեժիսոր Եվգենի Սիմոնովի ընտանիքի տունը։ Այնտեղից շարժվեցինք դեպի Բոգդան Օգանովի (Աստվածատուր Օհանյանի)՝ յուրօրինակ ճարտարապետությամբ աչքի ընկնող տուն, եւ շարունակեցինք ճանապարհը Խաղաղության պողոտայով՝ քաղաքի պատմության մեջ նկատելի հետք թողած հայ ընտանիքների հետքերով:
Զավենը պատմեց նաեւ Աննա Պոպովայի եւ Կոստա Խետագուրովի սիրային դրամայի մասին։
Օս նշանավոր բանաստեղծ Կոստա Խետագուրովը խորապես սիրահարված էր Աննա Պոպովային՝ հայ վաճառական Յակով Պոպովի դստերը։ «Անյա, արի՛ իմ հետեւից » ակրոստիքոսը, որը Կոստան 1887 թվականի մայիսին նետել էր Աննա Պոպովայի պատուհանից ներս, հետագայում դարձավ նրա նշանավոր «Ֆաթիմա» պոեմի նախերգանքը։
Նամակներից մեկում նա գրում էր․ «Սիրելի՛ Աննա Յակովլեւնա։ Ինչպես տեսնում եք, ես չափազանց շատ բան եմ ասել, բայց Դուք, այնուամենայնիվ, գուցե տարակուսանքով հարցնեք ինքներդ Ձեզ․ «Ի՞նչ է նա ուզում»։ Ասե՞մ Ձեզ՝ ինչ։ Ես խնդրում եմ, տենչում եմ Ձեզ հետ թեկուզ մի քանի ակնթարթ զրուցել… Թվում է՝ շատ բան չեմ խնդրում, բայց միեւնույն ժամանակ շատ բան եմ խնդրում»։
Ճակատագիրն այդպես էլ նրանց չմիավորեց։ Կոստայի մահից հետո Աննան այցելում էր բանաստեղծի գերեզմանին եւ վառ էր պահում նրա հիշատակը։
1918. Դարյալի կիրճով դեպի Վլադիկավկազ
Շարունակվող ցեղասպանությունն ու 1918 թվականի գարնանը Հարավային Կովկասում օսմանյան զորքերի առաջխաղացումը տասնյակ հազարավոր հայերի ստիպեցին փրկություն որոնել Հյուսիսային Կովկասում՝ սկիզբ դնելով քաղաք հայերի հաստատման երկրորդ ալիքին։
1918 թվականի մայիսյան իրադարձությունների նկարագրությունը կարելի է գտնել Լեոյի «Անցյալից» գրքում (1925)։
«Չեմ մոռանում ես այդ մայիսի 26-ը։ Կիրակի օր էր, պայծառ ու տաք։ Հայաստանի կողմից փախածներն ահագին խմբերով անցնում էին Գոլովինսկի պրոսպեկտով դեպի Վլադիկավկազի ճանապարհը՝ Ռուսաստան գնալու համար։ Ամբոխը ոտքով էր, շատ քչերն էին կարողացել ֆուրգոններ վարձել։ Շտապում էին փախչել նախեւառաջ բոլոր թուրքահայերը՝ շատ լավ իմանալով, որ եթե գան թուրքերը՝ իրենցից մեկն էլ չպիտի ազատվի մահից։ Բայց առհասարակ խուճապ էր, որ ազդում էր ամենքի վրա։ Թիֆլիսից էլ շատ ու շատ հայեր, մինչեւ գերմանացիների գալը, փախել էին դեպի Վլադիկավկազ՝ ծախելով իրենց վերջին ստացվածքը»։
Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում (1928) այսպես է նկարագրում այն ժամանակ տիրող քաոսը․
«Անտանելին, սակայն, հայ ժողովրդի, Թիֆլիսում խռնված կարսեցի, շիրակեցի, արեւմտահայ բազմահազար գաղթականության վիճակն էր: Մանավանդ, շատ էին ջղայնանում արեւմտահայերը, որոնք, հասկանալի պատճառներով, ավելի էին սարսափում թուրքական արշավից: Նրանց դրությունը ահռելի էր: Ի՞նչ անել: Ո՞ւր գնալ: Եվ ահա ժայր տվեց մի խուճապային փախուստ դեպի Հյուսիսային Կովկաս: Հազարավոր մարդիկ, ծեր ու երեխա, գյուղացի ու քաղաքացի, աշխատավոր ու մտավորական – ով ինչով կարող էր – խուժեցին դեպի ռազմավիրական ճանապարհը: Հոսանքի մի ծայրը հասել էր արդեն Վլադիկավկազ որ Արմավիր, մինչ մյուսը դեռ նոր էր դուրս գալիս Թիֆլիսից։ […] Մայիսի 25-ին Ազգ. Խորհրդի ներկայացուցիչը հեռագրում էր Դուշեթից. «Հարյուր հազար սոված ու մերկ գաղթականներ հավաքվել են Մցխեթի, Դուշեթի միջեւ եւ ավելի հեռուները: Ո՜չ մի օգնություն եւ ո՜չ մի տեղից»։
Լեոյի եւ Վրացյանի վկայությունների համաձայն՝ գաղթի ամենաողբերգական դրվագներից մեկը մայիսի 23–27-ի իրադարձություններն էին։ Օսմանյան քարոզչության զոհ դարձած ինգուշները փակեցին Վլադիկավկազ տանող Դարյալի կիրճը, ինչի արդյունքում տասնյակ հազարավոր փախստականներ արգելափակվեցին Կազբեկ կայարանի մոտ (այժմ՝ Ստեփանծմինդայի մերձակայքում)։
Իրավիճակի կարգավորման գործում առանցքային դեր խաղաց Վլադիկավկազի հայկական եկեղեցու երկարամյա սպասավոր եւ Վլադիկավկազի փախստականների կոմիտեի ղեկավար Հակոբ Սառիկյանը։ Հաջող բանակցությունների արդյունքում մայիսի 27-ին կիրճը բացվեց, եւ նույն օրը շուրջ 18 հազար մարդ լցվեց քաղաք։ Տեղի հայկական համայնքը պատրաստ էր նրանց ընդունելուն. փախստականներին տեղավորում էին դպրոցներում, մասնավոր տներում եւ եկեղեցում, իսկ օգնություն էին ցուցաբերում հայկական կոմիտեներն ու քաղաքային իշխանությունները։
Այս զանգվածային փախուստի հետեւում թաքնված էին առանձին ընտանիքների պատմություններ։ Այդպիսի մի պատմությամբ ինձ հետ կիսվեց Ռիմմա Մանուկյանցը՝ քաղաքի կլինիկաներից մեկի սաղմնաբանը, որի մորական նախնիները Մուշի շրջանի Տապավանք գյուղից էին։ Նրա պապին հաջողվել էր փրկվել ցեղասպանության ժամանակ. սկզբում նա ոտքով հասել էր ներկայիս Հայաստանի տարածք, որոշ ժամանակ անցկացրել Թիֆլիսում, ապա հասել Վլադիկավկազ։ Օսիայում հաստատվելուց հետո նա երկար տարիներ աշխատել է Սադոնի եւ Միզուրի հանքերում, իսկ Վլադիկավկազում ծանոթացել է Ռիմմայի տատիկի հետ, որը նույնպես փախստական էր այդ գյուղից։ Նրա ընտանիքն ապրում էր Կուզնեչնայա փողոցում (այժմ՝ Ռամոնովի փողոց), որտեղ այդ ժամանակ փախստականների համար մի քանի բակ էր հատկացվել։
Այս ալիքը փոխեց տեղի համայնքի կազմը. 1920 թվականին Վլադիկավկազի հայերի թիվը հասել էր գրեթե 12 հազարի։ 1926 թվականի Համամիութենական մարդահամարի համաձայն՝ հայերը կազմում էին քաղաքի բնակչության 9.9 տոկոսը՝ թվաքանակով զիջելով միայն օսերին (13.8%) եւ ռուսներին (57.8%)։ Քաղաքը, որտեղ հայկական ներկայությունն ի սկզբանե կապված էր առեւտրի եւ արհեստների հետ, դարձավ նաեւ հազարավոր փախստականների ապաստան։
Խորհրդային շրջանից մինչեւ մեր օրերը
Համայնքի ներկայությունը նկատելի էր նաեւ խորհրդային տարիներին, հատկապես սկզբնական շրջանում․ 1929 թվականին քաղաքային խորհրդի կազմում ընտրվեց 46 հայ։ Հասարակական կյանքի գլխավոր կենտրոններից էին եկեղեցին եւ ավելի վաղ հիշատակված հայկական դպրոցը՝ Շահումյանի անվան թիվ 20 դպրոցը, որը որպես կրթական հաստատություն գործեց մինչեւ 1957 թվականը, որից հետո դպրոցի շենքն օգտագործվեց այլ նպատակներով։
Ի տարբերություն բազմաթիվ հայկական եկեղեցիների, որոնք խորհրդային շրջանում փակվեցին կամ ամբողջությամբ ավերվեցին, տեղի եկեղեցին ոչ մի օր չի փակվել։
Տապանաքարերի հետ այլ կերպ վարվեցին։
Խորհրդային տարիներին լայն ճանաչում ձեռք բերեցին տեղի հայկական միջավայրից սերած մի շարք գործիչներ՝ աշխարհում առաջին լուսնագնացների եւ մարսագնացների նախագծող Ալեքսանդր Քեմուրջյանը, օպերային երգիչ Պավել Լիսիցյանը, Սիմոնովների թատերական գերդաստանի ներկայացուցիչները եւ այլք։
Քաղաքային ճարտարապետության մեջ հայկական ներդրման շարունակությունը դարձավ Գեւորգ Ճգնավորյանի գործունեությունը։ Թեեւ նա ծագումով տեղի հայ համայնքից չէր, սակայն նկատելի հետք թողեց խորհրդային Վլադիկավկազի դիմագծում։
Նրա աշխատանքների թվում են Արդարադատության պալատը, Մետալուրգների մշակույթի պալատը, Կենտրոնական շուկայի տաղավարները, մի շարք բնակելի շենքեր։
Վլադիկավկազի հայ համայնքն այսօր
Խորհրդային Միության մայրամուտին Ադրբեջանում սկսված հայկական ջարդերը, Արցախյան առաջին պատերազմը եւ դրան հաջորդած Հայաստանում տնտեսական խնդիրները պատճառ դարձան հայերի՝ քաղաք ներգաղթի արդեն երրորդ ալիքին։
Ռուսաստանի 2020 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալներով՝ Վլադիկավկազում բնակվում է շուրջ 8 հազար հայ կամ քաղաքի բնակչության մոտ 2.5 տոկոսը։ Վլադիկավկազում ծնված մերօրյա գործիչներից կարելի է առանձնացնել Տանզանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Ավետիսյանին եւ Հյուսիսային Օսիա-Ալանիայի խորհրդարանի պատգամավոր Սուրեն Մանուկյանցին։ Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ներգրավված են բժշկության եւ կրթության ոլորտներում։
Մեր օրերում հայկական ժառանգության պահպանման գործում կարեւոր դեր է խաղում «Էրեբունի» միությունը, որը ղեկավարում է Արաքսի Սաֆրոնիդի-Մելիքյանը։
Անցկացվում են մշակութային միջոցառումներ եւ համաժողովներ, աշխատանքներ են տարվում քաղաքի նշանավոր հայերի հիշատակը հավերժացնելու եւ համայնքային կառույցները պահպանելու ուղղությամբ։ «Էրեբունի»-ի մասնակցությամբ քաղաքում տեղադրվել են Արտյոմ Կացյանի եւ Միքայել Լոռիս-Մելիքովի հուշատախտակները։
Արաքսի Սաֆրոնիդի-Մելիքյանը ջանքեր է գործադրում, որպեսզի դպրոցի շենքը վերադարձվի համայնքին։ Հետագայում նախատեսվում է դրա տարածքում ի պատիվ Լոռիս-Մելիքովի հուշարձան կանգնեցնել։
Ռիմմա Մանուկյանցը վարում է «Վլադիկավկազի եւ Օսիայի հայերը» էջը՝ հավաքելով եւ հրապարակելով արխիվային լուսանկարներ, ընտանեկան պատմություններ եւ նյութեր հայկական համայնքի ժառանգության մասին։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին շարունակում է համայնքային կյանքի կենտրոն մնալ։ Եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ երեխաները հնարավորություն ունեն սովորելու հայոց լեզուն եւ պատմությունը։ Այստեղ գործում է նաեւ «Միասին» երիտասարդական միությունը, որտեղ համոզվեցի, որ հայերը ոչ միայն անցյալի ժառանգություն են, այլեւ ժամանակակից Վլադիկավկազի մի մասը։։
Եթե ձեր ճանապարհն անցնում է Վլադիկավկազով, մի՛ շտապեք անմիջապես մեկնել։ Մնացեք Վլադիկավկազում առնվազն մեկ օր, այցելեք եկեղեցի, զբոսնեք Խաղաղության պողոտայով, ուսումնասիրեք հին շենքերը եւ կհայտնաբերեք քաղաքի հայկական կողմը, որը երբեմն անտեսանելի է առաջին հայացքից։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր համաձայնեցին օգնել ինձ հոդվածի պատրաստման աշխատանքներում։ Նրանց շնորհիվ Վլադիկավկազի հայկական հետքը պահպանվում է եւ շարունակվում նաեւ այսօր։
Երախտագիտություն եմ հայտնում Խոխոեւների ընտանիքին ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար:
Արտյոմ Վանյան
Leave a Reply