Մատենադարան եկած գերմանախոս զբոսաշրջիկների խումբն անսպասելի ընդհատում է զբոսավարին ու սկսում բարձր ծափահարել։
«Տեսան` լուսանկարում եք, զարմացան։ Ես էլ ասացի, որ իմ մասին հոդված եք պատրաստում, որովհետեւ արդեն 50 տարի այստեղ եմ աշխատում»,- զբոսաշրջիկներին ճանապարհելուց հետո բացատրում է զբոսավար-թարգմանիչ Լինա Պիրադովան։
Կես դար նա այցելուներին ռուսերեն ու գերմաներեն պատմում է Մատենադարանի հարստության մասին։
«Ինձ համար շատ կարեւոր ու հետաքրքիր է Հայաստանի ժառանգությունը հասցնել մարդկանց։ Ես այնպես եմ պատմում, որ նրանց մոտ հարցեր առաջանան եւ ոչ թե միայն լսողի դերում լինեն»։
Տիկին Լինան Թբիլիսիից է։ Արխիվային լուսանկարների միջից առանձնացնում է հայրական` Սոլոլակ թաղամասի 10 համարի տան լուսանկարները։ Այս տան պատշգամբից էր նրա տատիկը` Նինան, նկատել մի երիտասարդ տղամարդու`10 երեխայի հետ, ու սպասուհուն ուղարկել ճշտելու`ով է, որտեղից։ Նա էլ հարցուփորձ արել ու վերադարձել էր. ազգանունը Թումանյան է, Լոռիից են, գիշերելու տեղ չունեն։
Տիկին Նինան իր 3-հարկանի տան առաջին հարկն ամբողջությամբ նրանց` Հովհաննես Թումանյանի ընտանիքն էր հատկացրել։ Երկու օր մնալուց հետո բանաստեղծը որոշել էր`այս թաղամասից էլ չի գնալու, ու հարեւանությամբ 18 համարի տունն էր գնել։
Տիկին Լինան հպարտությամբ է ներկայացնում ընտանեկան պատմության փոքրիկ դրվագը։ Այդ նույն տատիկի շնորհիվ է նա գերմաներեն սովորել։
«Թիֆլիսի մեր տան դիմաց գերմանացի գերիները շինարարություն էին անում։ Տատիկս, որն այն ժամանակ արդեն չէր կարողանում տնից դուրս գալ, ստիպում էր, որ նրանց ուտելիք տանեմ։ Իսկ ես չէի ուզում, որովհետեւ բոլոր երեխաները ծիծաղում էին նրանց վրա։ Տատիկս ասում էր՝ ո՛չ, պետք է տանես, նրանք էլ մարդ են եւ իրենց ցանկությամբ չէ, որ այստեղ են, մեր բարեկամներից շատերը հիմա ռազմաճակատում են, գուցե ինչ-որ մեկն էլ նրանց է օգնում։
Այդպես, ես նրանց ուտելիք էի տանում, նրանք վերցնում, մաքուր կաթսան վերադարձնում էին։ Մի անգամ էլ ինձ փայտից մարզիկ նվիրեցին, որը սեղմելիս պտտվում էր։ Իսկ մյուս երեխաները նրանց պատրաստած այդ խաղալիքները գնում էին մեկ ռուբլիով։
Գերիներից հաճախ էի լսում «վայ մե, վայ մե» արտահայտությունը, որը վրացերեն ցավի, դժբախտության արտահայտություն է։ Բայց պարզվեց, որ նրանք ոչ թե «վայ մե», այլ՝ Վայմար էին ասում. Գերմանիայի իրենք հայերնի քաղաքը։ Հետո գերիներին տեղափոխեցին, ու ես այլեւս նրանց չտեսա։ Բայց գերմանացիների ու գերմաներենի նկատմամբ այդ հետաքրքրությունը մանկուց ուղեկցում էր ինձ»։
Լինան Թիֆլիսի օտար լեզուների համալսարանն է ավարտել. բանասեր է, գերմաներենի մասնագետ։ 1963-64 թվերին ամուսնուն` կամուրջների եւ թունելների շինարար Վիկտոր Պիրադովին Հայաստան էին գործուղել` Արթիկի կամուրջը կառուցելու, հետո ներգրավել Երեւանի մետրոյի շինարարական աշխատանքներին։
Այդպես ամուսինները տեղափոխվել էին Երեւան։
«Սկզբում ուզում էի «Ինտուրիստ»-ում աշխատել, բայց ինձ չընդունեցին, ասացին`եկվոր ես։ Մտավախություն ունեին, որ կգնամ Հայաստանից։ Բայց, պարզվեց, որ տեղացիները գնացին, իսկ ես մինչեւ հիմա այստեղ եմ»։
Պիրադովները հաճախ էին հյուրընկալվում իրենց բարեկամուհու` հայագետ, հնագետ Հռիփսիմե Ջանփոլադյանի եւ նրա ամուսնու` hնագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու տանը, որտեղ հավաքվում էին ճարտարապետներ, գիտնականներ։ Այստեղ է 1978-ին տիկին Լինան հանդիպում Մատենադրանի հիմնադիր ու տնօրեն Լեւոն Խաչիկյանին, որն էլ նրան առաջարկում է աշխատել Մատենադարանում։
«Խաչիկյանն ինձ 3 ամիս ժամանակ տվեց եւ հանձնեց բոլոր այն գրքերը, որ պետք է ուսումնասիրեի։ Ասաց` Մատենադարանի տվյալ սրահի ցուցադրությունը կկազմեք, կգրեք ռուսերեն, կբերեք՝ կարդամ, ստուգեմ, հետո նոր կթարգմանեք գերմաներեն։
Զարմանալի է, բայց ոչ մի դժվարություն չեղավ, միանգամից այնպիսի սեր ծագեց Մատենադարանի նկատմամբ։ Իհարկե, բոլորի դրական վերաբերմունքն էլ մեծ նշանակություն ունեցավ. ե՛ւ մարդկանց սիրեցի, ե՛ւ Մատենադարանը»։
Հայերենին չտիրապետող, հայոց պատմությանն ու մշակույթին քիչ ծանոթ Լինան մի քանի ամսից արդեն զբոսաշրջիկների էր ընդունում։ Եկան նաեւ նախկին գործընկերները՝ Թբիլիսիի գիտությունների ակադեմիայի գրադարանի աշխատակիցները։
«Երկու ամիս անց ամբողջ բաժինը եկել էր տեսնելու՝ որտեղ եմ աշխատում, ինչպես եմ»։
Տիկին Լինան տարիների ընթաքցում թղթակցել է գերմանալեզու ամսագրերի, գիտաժողովներում ներկայացրել Հայաստանը։ Դրանցից մեկը հատկապես մեծ ոգեւորությամբ է հիշում։
Հրավեր էր ստացել մասնակցելու գերմանացի փիլիսոփա Գոթֆրիդ Հերդերի 250-ամյակին նվիրված գիտաժողովին ու ներկայացնելու զեկույց «Գաղափարներ մարդկության պատմության փիլիսոփայության շուրջ» աշխատության վերաբերյալ, որում Հերդերը նաեւ Հայաստանին է անդրադարձել։ Ուզում էր հրաժարվել. լուրջ գիտնականներ են ելույթ ունենալու, բայց Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը պնդել էր՝ պետք է մասնակցես։
«Մեր գրադարանում կար այդ գիրքը, վերցրեցի, սկսեցի ուսումնասիրել։ Հերդերը գրել էր, որ Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է, որ այբուբենն այստեղ շատ վաղ է ստեղծվել, Արարատ լեռան մասին էր նշել։
Գիտաժողովին ես ելույթ ունեցա ու խոսեցի Խորենացու, Շիրակացու մասին, անդրադարձա հայերի ձեռքբերումներին, պատմությանը, փիլիսոփայությանը։
Գիտաժողովի կազմակերպիչներից Ռեգինա Օտտոն ասաց, որ ոչ մի զեկույցից հետո այսպիսի արձագանք չի եղել։ Իսկ «Գյոթե» ընկերությունն ինձ պարգաեւտրեց 1000 մարկով, որով ամսունուս հետ 5 օրով գնացինք Փարիզ»։
88-ամյա Լինա Պիրադովան արխիվային լուսանկարներն է ցույց տալիս ու հիշում Մատենադարանի բոլոր տնօրեններին՝ ով ինչպես է նպաստել աշխարհում եզակի այս կառույցի զարգացմանը։ Երջանիկ է, որ ինքն էլ այս մեծ առաքելության մի մասնիկն է։
«Ես միշտ հպարտանում եմ իմ աշխատանքով, հաճույքով պատմում եմ, չեմ հոգնում։
Չնայած արդեն պատկառելի տարիքի եմ, բայց իմ կյանքն առանց Մատենադարանի չեմ պատկերացնում։ Երջանիկ եմ, որ այս տարիները Մատենադարանին եմ նվիրել»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply