ԱՄՆ նախագահ Թրամփին անհրաժեշտ է մեծ գործարք։ Այնպիսի գործարք, որը նա կարող է ներկայացնել որպես պատմական հաղթանակ․ մասնավորապես՝ միջուկային զինանոցների կրճատում, Ուկրաինայում պատերազմի դադարեցում, Չինաստանի հետ գլոբալ պայմանավորվածություններ, Իրանի շուրջ կարգավորում։ Եվ ցանկալի է՝ այս ամենը լինի միանգամից։
ՌԴ նախագահ Պուտինին անհրաժեշտ է Ռուսաստանի՝ որպես գերտերության ճանաչում, որի շահերի հետ Արևմուտքը հաշվի կնստի։ Եվ առաջին հերթին՝ զիջումներ Ուկրաինայի հարցում, ինչպես նաև եվրոպական անվտանգության ոլորտում։
ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին, կարծում եմ ժամանակ է անհրաժեշտ։ Չինաստանը շահագրգռված է տնտեսական կայունությամբ, սակայն մտադիր չէ հրաժարվել Թայվանի նկատմամբ իր դիրքորոշումներից։ Պեկինը միանգամայն կարող է Վաշինգտոնի հետ լարվածության թուլացումը փոխանակել առևտրի և տեխնոլոգիաների ոլորտում զիջումների դիմաց։
Թվում է՝ բանակցային օրակարգերն ու փոխզիջումների հնարավորություններն անսահման են։ Բայց բնականաբար երեք առաջնորդներից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ ավելին, քան պատրաստ է զիջել։
Դոնալդ Թրամփը չի կարող Վլադիմիր Պուտինին պարզապես «նվիրել» Ուկրաինան։ Վլադիմիր Պուտինը բնականաբար մտադիր չի լինի հրաժարվել իր կենսական պահանջներից։ Իսկ Սի Ցինպին դժվար թե համաձայնի սահմանափակել սեփական երկրի առաջանցիկ զարգացման հնարավորությունները՝ բավարարվելով առաջնորդների գեղեցիկ լուսանկարով։
Մեկ կարևոր հանգամանք ևս։ 2026 թվականի աշխարհը 1945 թվականի աշխարհը չէ։ Եվրոպան, Հնդկաստանը, Ճապոնիան, Թուրքիան, Պարսից ծոցի երկրները պարզապես դիտորդներ չեն, որոնք հնազանդորեն կընդունեն Վաշինգտոնի, Մոսկվայի և Պեկինի կայացրած որոշումները։
Հետևաբար, ես չէի սպասի, որ վաղը կհայտնվի աշխարհի նոր «քարտեզը՝ քանոնով գծված սահմաններով»։ Սակայն պայմանավորվելու կամ նույնիսկ չպայմանավորվելու հետևանքով՝ աստիճանաբար փոքր և միջին պետությունների շահերը վերածվելու են սակարկության առարկայի։ Եվ դրա համար, ամենևին էլ պարտադիր չէ, որ երեք խոշոր գերտերությունները, այսօրվա հանդիպման արդյունքում, ազդեցության գոտիների բաժանման մասին համաձայնագիր ստորագրեն։
Leave a Reply