Նոյեմբերի 9-ին, 83-րդ տարում կյանքին հրաժեշտ է տվել վաստակաշատ մանկավարժ Մարուսյա Հմայակի Պատվականյանը։
Մարուսյա Պատվականյանը (Մարիա Ամայակովնա) ծնվել է Կապանում 1943 թ. օգոստոսի 5-ին՝ արհեստավորի ընտանիքում։ Բարձր առաջադիմությամբ ավարտել է Կապանի թիվ 3 (ռուսական) դպրոցը, ապա ընդունվել Երևանի Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական ուսումնարանը և ավարտել գերազանցությամբ։
1967-1968 ուսումնական տարում աշխատել է Քաջարանի Հանքավան բանավանի դպրոցում՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1968 թվականին ամուսնացել և տեղափոխվել է Շիշկերտ, գյուղի դպրոցում դասավանդել ռուսաց լեզու և գրականություն։ 1969 թվականին Շիշկերտից տեղափոխվել է Կապան և աշխատանքի անցել Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցում՝ դասավանդելով նախընտրած մասնագիտությամբ։
1971 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը՝ 39 տարի շարունակ, մանկավարժական գործունեություն է ծավալել Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում։
Մարուսյա Պատվականյանին բնորոշ էին մասնագիտության հանդեպ բարձր պատասխանատվությունն ու նվիրվածությունը։ Վաստակաշատ մանկավարժը սիրված և հարգված էր աշակերտների, նրանց ծնողների և մանկավարժական կոլեկտիվի կողմից։ Նրանց հիշողություններում հավերժ կմնա որպես կրթության գործի իսկական նվիրյալ։ Մարիա Ամայակովնան գորովագութ տատիկ էր, սիրառատ մայր և հասարակության կողմից ընդունված բարեպաշտ անձնավորություն։
Leave a Reply