Պետբյուջեի եկամուտները 2027-ին կկազմեն 3 տրիլիոն 604 մլրդ դրամ, 2026-ի ավարտին Կառավարության պարտքը կնվազի

Written by

in

«Բյուջեի ծախսերը 2021 թվականի համեմատությամբ կրկնապատկվել են՝ հասնելով 4 տրիլիոն դրամի: Ի՞նչ է սա, եթե ոչ բեկումնային զարգացում»:

Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

2022-ի համեմատությամբ կրկնապատկվել են նաև կապիտալ ծախսերը:

«Կապիտալ ծախսերը նախևառաջ համակարգերի սինքրոն աշխատելու կարողությունն են, և եթե այսօր գրանցել ենք այդ կարողության արդյունքը, կարող ենք նաև ասել, որ զարգացումը բեկումնային է։ Այս բյուջեն նոր Կառավարության հնգամյա ծրագրի իրականացման առաջին բյուջեն է, որ պետք է ապահովի նախորդ շրջանի բարեփոխումների պատշաճ ֆինանսավորումը և ամուր հիմքեր ստեղծի ապագա ծրագրերի իրականացման համար:

2027-ին կանխատեսում ենք 5,8 տոկոս տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հատվածում տարեկան աճը միջինում կկազմի 6 տոկոս: Անվանական ՀՆԱ-ն 2027-ին շուրջ 13 տրիլիոն 614 մլրդ դրամ կկազմի, ինչը կրկնակի ավելի կլինի 2021-ի ՀՆԱ-ից: Սրա մեջ ներառված է գնաճը, որն այս տարիներին կազմել է 23,8 տոկոս»,- ասաց նախարարը:

Պետբյուջեի եկամուտները 2027-ին կկազմեն 3 տրիլիոն 604 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 26,5 տոկոսը: Դրանցից հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կլինեն 3 տրիլիոն 463 մլրդ դրամ:

2027-ին պետբյուջեի ծախսերը կկազմեն 4 տրիլիոն 72 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 29,9 տոկոսը: Ընթացիկ ծախսերը՝ 3 տրիլիոն 311 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը՝ 771 մլրդ դրամ:

«2026 թվականի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ-ի 46,5 տոկոս: 2027 թվականի ավարտին Կառավարության պարտքը կանխատեսվում է շուրջ 6 տրիլիոն 647 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 47,4 տոկոսը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *