ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև բանակցություններ են ընթացել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակներում նախապատրաստական աշխատանքների հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ, այդ երկաթուղու մուտքի և ելքի կետերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին։
Նախագծի իրականացմանը մոտենալուն զուգընթաց միանգամայն օրինաչափորեն հարց է առաջացել դրա տեխնիկական պարամետրերը ադրբեջանական կողմի հետ պարտադիր համաձայնեցնելու անհրաժեշտության մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որն իր աշխատանքը սկսել է նոյեմբերի 6-ին»,- հայտարարել է նախարարը։
ԱԳ նախարարի խոսքով՝ տեխնիկական աշխատանքային խմբի հիմնական խնդիրը տեխնիկական պարամետրերի համաձայնեցումն է երկու ուղղություններով՝ տրանսպորտային, որն ընդգրկում է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհը, ինչպես նաև էլեկտրական մալուխի նախագիծը։ Բացի այդ, խումբը պետք է ապահովի համապատասխան ենթակառուցվածքների միացման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։
«Ադրբեջանի Հանրապետությունը գործնականում ավարտին է հասցնում տրանսպորտային նախագծերի իրականացումը իր տարածքում՝ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհների ոլորտում։ Երկաթուղին մինչև Հայաստանի հետ սահման հասցնելու աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով, և հաջորդ տարվա սկզբին այդ գործընթացը կավարտվի»,- հավելել է Ջեյհուն Բայրամովը։
Leave a Reply