Շաքիում կնոջ վրա հարձակված Նասիմի Մուսաևին 9 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել

Written by

in

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 16-ին դատարան է մուտքագրվել Շաքիում կնոջ վրա հարձակված՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի վերաբերյալ քրեական գործը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։  Պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել էր։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նասիմի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2026 թկանի հունվարի 28-ից ժամկետային զինվորական ծառայության է անցել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի թիվ 777 զորամասում։ Ծառայության բերումով իր տիրապետության տակ ունենալով 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի՝ MM 5087 գործարանային համարով ինքնաձիգ, 7,62 մմ (7,62×39) տրամաճափի 140 հատ մարտական և 10 հատ անգնդակ փամփուշտ, ինչպես նաև մեկ սվին-դանակ՝ Ն.Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ից 22։00-ընկած ժամանակահատվածում, ծառայություն է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանում տեղակայված թիվ 29 մարտական դիրքում։ Նույն ժամանակահատվածում Ն.Մուսաևը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և ապօրինի մուտք գործել ՀՀ տարածք։

Միաժամանակ Ն.Մուսաևը վերոհիշյալ հրազենը, ռազմամթերքը և սառը զենք հանդիսացող սվին դանակը, դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը խախտելով, առանց մաքսային հսկողության Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխել է ՀՀ տարածք։

Ն.Մուսաևը, 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ապօրինի հատելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մուտք գործելով ՀՀ տարածք, չունենալով համապատասխան թույլտվություն, ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է իր մոտ գտնվող՝ 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի, MM 5087 գործարանային համարով ինքնաձիգը և 7,62 մմ (7,62×39) տրամաճափի ռազմամթերքը, ինչպես նաև ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող սվին-դանակը։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո Ն.Մուսաևը հասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, որտեղ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, անտեսելով նույն բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան։

Ն.Մուսաևը, նշված առանձնատանը գտնվող գույքը հափշտակելու դիտավորությամբ, սենյակներից մեկում տեղադրված մահճակալի վրայից գաղտնի հափշտակել է 12.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5.000 ՀՀ դրամ արժողությամբ սմարթ ժամացույց և մեկ տաբատ, հյուրասենյակից՝ 9.000 ՀՀ դրամ գումար և մեկ բանկային քարտ, իսկ առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից՝ տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ՝ բնակարանի փաստացի սեփականատեր՝ Անի Ավետիսյանին պատճառելով ընդհանուր 26.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, հիշյալ բնակարան են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռոզի Արմենի Ավետիսյանը և Քաջիկ Արմենի Ավետիսյանը։ Ն.Մուսաևը, անչափահասներ Ռ.Ավետիսյանին և Ք.Ավետիսյանին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող վերոհիշյալ «AKM» տեսակի ինքնաձիգով սպառնացել, ստիպել է նրանց նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել իրենց մոտ գտնվող բջջային հեռախոսները։ Այդ եղանակով ճնշելով նրանց դիմադրելու հնարավորությունը՝ Ն.Մուսաևը անչափահասներ Ռ.Ավետիսյանին ու Ք.Ավետիսյանին պարտադրել է գտնվել բնակարանի հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով առանձնատնից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու և գտնվելու վայրը սեփական կամքով որոշելու հնարավորությունից՝ նրանց կամքին հակառակ ապօրինաբար զրկելով ազատությունից։

Այդ ընթացքում Անի Քաջիկի Ավետիսյանը, դստեր՝ Ռոզի Ավետիսյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունից տեղեկանալով, որ բնակարանում զինված մարդ կա, ժամանել է նշված բնակարան։ Ն.Մուսաևը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, այլ անձանց՝ Ռոզի և Քաջիկ Ավետիսյանների կյանքին կամ առողջության համար վտանգավոր եղանակով և զենքի գործադրմամբ, բնակարանի ներսում վերոհիշյալ ինքնաձիգից արձակել է վեց կրակոց։ Դրանցից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդպիսով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման, 3-4-րդ մատների դիստալ ֆալանգների պատռած վերքերի՝ ոսկրերի եզրային կոտրվածքների և այրվածքի, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի շրջանի քերծվածքների, աջ դաստակի շրջանի ճանկռվածքի, ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման և ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին երրորդականի դիաֆիզալ բազմաբեկոր կոտրվածքի, մկանների և նյարդանոթային խրձի վնասման՝ առաջ բերելով ծավալուն արյունահոսության։

Նշված արարքները կատարելուց հետո Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ տանը կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից։

Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 9 հոդվածներով։  Ըստ այդմ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը մեղադրվում է հետևյալ հոդվածներով սահմանված արարքները կատարելու համար՝

  • 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
  • 340-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի, հրազենի կամ դրա բաղկացուցիչ մասի, ռազմամթերքի, ռադիոակտիվ նյութի կամ ռադիոակտիվ աղբյուրի, միջուկային նյութի, խիստ ներգործող, թունավոր նյութի, զանգվածային ոչնչացման զենքի կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող նյութի կամ սարքի, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքի մաքսանենգությունը` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով դրանք ապօրինի տեղափոխելը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը կամ սահմանափակումը խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
  • 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
  • 335-րդ հոդվածի 1-ին մասով՝  Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
  • 207-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
  • 254-րդ հոդվածի 1-ին մասով՝  Գողությունը՝ գաղտնի հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
  • 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով՝ Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը`առաջացրել է առողջության քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով, առաջացրել է հոգեկան խանգարում, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
  • 192-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով(2 դրվագ)՝ Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը՝ անչափահասին, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Գործը մակագրվել է Գորիսի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Հրաչ Դաջունցին։ Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին տեղեկություններ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում դեռևս առկա չէ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *