Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից»

Written by

in

Դոնալդ Թրամփի ընկերությունները առնվազն 2014 թվականից գումարներ էին ստանում ադրբեջանական եւ ռուսական «լվացքատներից», որոնցից օգտվում էին Ադրբեջանի եւ Ռուսաստանի ազդեցիկ պաշտոնյաներն ու գործարարները՝ այդ թվում արտասահմանյան քաղաքական գործիչներին կաշառելու նպատակով։
Այս մասին ասվում է «Կարեւոր պատմություններ» պարբերականում հրապարակված «Ամերիկյան նախագահն ու «լանդրոմատները» հոդվածում։
Թրամփի ընկերությունների ֆինանսական կապերը «լվացքատների» հետ բացահայտվել են Inside Deutsche Bank («Դոյչե բանկի ներսում») գլոբալ լրագրողական հետաքննության ընթացքում, որին մասնակցել է ավելի քան 200 լրագրող՝ ավելի քան 50 պարբերականից։
«2014 թվականի օգոստոսին Deutsche Bank-ը ԱՄՆ իշխանություններին հաշվետվություն էր ուղարկել Դոնալդ Թրամփի DT Marks Baku ընկերության կասկածելի գործունեության վերաբերյալ։ Այդ ժամանակ Թրամփը դեռ խոշոր ձեռնարկատեր էր՝ քաղաքական մեծ հավակնություններով։ Ինչպես նշել էր Deutsche Bank-ը, «գործարքի առեւտրային նպատակը հաստատել չի հաջողվել», ինչպես նաեւ հնարավոր չի եղել «պարզել փոխհարաբերությունները» գումարն ուղարկողի եւ ստացողի միջեւ», – ասվում է հոդվածում։
«2015 թվականի հունիսին Թրամփը պաշտոնապես հայտարարեց ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջադրման մասին։ Դրանից մոտ մեկուկես ամիս առաջ Deutsche Bank-ը նկատել էր հերթական կասկածելի վճարումը։ Այս անգամ Թրամփի THC Baku Services ընկերությանը վճարել էր բրիտանական Faberlex կեղծ ընկերությունը։
Գումարը մեծ չէր՝ 140 հազար դոլարից մի փոքր ավելի։ Սակայն կարեւորը դրանց աղբյուրն էր։ Faberlex-ը «Ադրբեջանական լանդրոմատի»՝ փողերի լվացման մասշտաբային ցանցի առանցքային ընկերությունն է, որը հայտնի դարձավ Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնի (OCCRP) հետաքննության շնորհիվ։
Այդ ընկերության եւ դանիական բանկի էստոնական մասնաճյուղում բացված հաշիվների միջոցով, մասնավորապես, կոռուպցիոն վճարումներ էին կատարվել եվրոպացի պատգամավորներին։ Այսպես, քրեական հետաքննության ընթացքում իտալացի դատախազները պարզել էին, որ Faberlex-ն օգտագործվել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արդեն նախկին անդամ Լուկա Վոլոնտեին կաշառելու համար՝ նա լոբբինգ էր անում Ադրբեջանի օգտին։ 2021 թվականին Իտալիայում նա դատապարտվեց չորս տարվա ազատազրկման՝ ադրբեջանցի քաղաքական գործիչներից կաշառք ստանալու համար։
Գերմանացի քննիչները պարզել էին, որ դանիական բանկի էստոնական մասնաճյուղով գումարներ էր փոխանցվել նաեւ Բունդեսթագի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ նախկին անդամ Էդուարդ Լինտներին։ 2025 թվականին նա դատապարտվել էր 9 ամսվա ազատազրկման՝ ադրբեջանական վարչակարգի շահերը լոբբինգ անելու դիմաց կաշառք ստանալու համար։ Պատկառելի տարիքի (88 տարեկան) պատճառով նա պայմանական պատժաչափ էր ստացել։ Լինտները միջոցներ էր փոխանցել նաեւ Բունդեսթագի մեկ այլ նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին, որը նույնպես աշխատել էր ԵԽԽՎ-ում եւ լոբբինգ էր անում Ադրբեջանի համար։ Ֆիշերը մեղավոր էր ճանաչվել կաշառակերության մեջ եւ 2026 թվականին դատապարտվել էր մեկ 1,2 տարվա պայմանական ազատազրկման», – գրում են հետաքննության հեղինակները։
«Ընդհանուր առմամբ, մինչեւ 2020 թվականը Դոնալդ Թրամփի ընկերությունները նկատվել էին ավելի քան 3 միլիոն դոլարի կասկածելի դրամական գործարքներում՝ այդ թվում «ռուսական եւ ադրբեջանական փողերի լվացման սխեմաների հետ կապված» ընկերությունների եւ այլ կասկածելի կառույցների հետ, ասվում է Deutsche Bank-ի նյույորքյան գրասենյակի փաստաթղթում։ Նույն փաստաթղթում նշվում էր, որ Թրամփի DT Marks Baku եւ THC Baku Services ընկերությունները 2020 թվականի հունվարին հերթական անգամ կասկածելի գործունեության վերաբերյալ բանկի հաշվետվության առարկա էին դարձել՝ այդ թվում «այնպիսի անձանց եւ ընկերությունների ներգրավմամբ գործարքների պատճառով, որոնք կապված են փողերի լվացման ադրբեջանական սխեմայի հետ»», – ասվում է հոդվածում։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *