«Գործատուները փնտրում են տաղանդներ, որոնք այստեղ են». ՀՖՀՀ Աշխատանքի տոնավաճառը

Written by

in

Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) 2026 թվականի նոյեմբերի 11-ին անցկացվեց ավանդույթ դարձած Աշխատանքի տոնավաճառը։ Այս տարի մեկ հարկի տակ էին հավաքվել 65-ից ավելի կազմակերպության եւ պետական կառույցների ներկայացուցիչներ։
Տոնավաճառի ընթացքում ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն ունեցան հանդիպելու գործատուներին, ծանոթանալու աշխատանքի եւ պրակտիկայի առաջարկներին, բացահայտելու մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ։  
Միջոցառման բացմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը, Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը, գործընկեր կազմակերպություններից ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։
«Առանց ձեզ մենք կլինեինք «կիսատ» համալսարան»
Սալվա Նակուզի, ՀՖՀՀ ռեկտոր 
Մեծ հաճույք է ամեն անգամ գործատուներին հյուրընկալել Ֆրանսիական համալսարանում եւ տեսնել, թե որքան ձեռնարկություններ են հետեւում մեզ։ Այստեղ ներկա գործատուներն այլեւս մեր համալսարանի ոչ թե արտաքին, այլեւ ներքին շահառուներ են, քանի որ առանց ձեզ մենք կլինեինք «կիսատ» համալսարան։ Ձեզ հետ ենք քննարկումներ անցկացնում եւ որոշումներ կայացնում կրթական ծրագրերի վերաբերյալ, նաեւ ձեզ հետ անցնելու ենք աշխատաշուկայում եւ կրթական համակարգում առաջիկա տարիներին սպասվող փոփոխությունների միջով։
Մեր համալսարանն այսօր առաջին անգամ հյուրընկալել է նաեւ Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։ Ես ցանկացա, որ նա հենց այս օրն այցելի մեզ եւ տեսնի, թե ինչպես ենք ստեղծում եւ պահպանում հարաբերությունները արտաքին գործընկերների հետ։
Քսավիե Ռիշար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական  
Գործատուները փնտրում են տաղանդներ, իսկ նրանք այստեղ են։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների մեծ մասը ավարտելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատանք են գտնում, այսինքն՝ գործատուները պետք է շատ գրավիչ եւ համոզիչ լինեն՝ նրանց իրենց թիմ ներգրավելու համար։ 
Ֆրանսիական համալսարանը գործատուներին հնարավորություն է տալիս ընտրել ուսանողներ, որոնք միջազգային կրթական ծրագիր են անցնում եւ երկու դիպլոմ են ստանում՝ Հայաստանի պետական եւ գործընկեր Լիոն 3-ի, Թուլուզի համալսարանների։ Ֆրանսիական համալսարանի ուսանողները հնարավորություն են ունենում օգտվել հայկական եւ ֆրանսիական կրթական համակարգերի ժամանակակից եւ լավագույն կողմերից։
Գործատուները Ֆրանսիական համալսարանի կարիքն ունեն, բայց համալսարանն էլ նրանց կարիքն ունի։ 
«Այստեղ սիներգիա է ձեւավորվում Ինեկոբանկի ու ուսանողների միջեւ»
Մարիամ Սարգսյան, Ինեկոբանկի գործադիր բրենդի կառավարման թիմի ավագ մասնագետ
Ինեկոբանկը մասնակցել է ՀՖՀՀ-ում կազմակերպված բոլոր տոնավաճառներին։ Համալսարանի հետ մեր համագործակցությունը բավականին սերտ է։ Միասին տարբեր ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ «Ինեկոբանկը քո կողքին» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում։
Ամեն անգամ այստեղ գալը մեզ համար հաճելի է, քանի որ հնարավորություն ենք ունենում հանդիպելու ուսանողներին, շփվելու նրանց հետ, հասկանալու նրանց սպասելիքները, պատկերացումներն ու պահանջները ապագա աշխատավայրի եւ գործատուի նկատմամբ։ Տոնավաճառը նաեւ այն հարթակն է, որտեղ հանդիպում ենք երիտասարդ տաղանդների, եւ սիներգիա է ձեւավորվում Ինեկոբանկի ու ուսանողների միջեւ։ Այդ կապը հետագայում շարունակվում է արդեն բանկի ներսում։ Այսօր մեր թիմում Ֆրանսիական համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ կան, ինչի համար շատ ուրախ ենք։
Ուսանողների համար միշտ տարբեր առաջարկներ ենք ունենում եւ կարեւորում ենք, որ նրանք տոնավաճառին գան որոշակի ակնկալիքներով եւ գտնեն այն, ինչ փնտրում են:
Արփենիկ Պապոյան, ՀՖՀՀ պրակտիկաների համակարգող
ՀՖՀՀ Զարգացման և համագործակցության տնօրենության կողմից կազամակերպվող Աշխատանքի տոնավաճառի շարունակական հաջողությունը ՀՖՀՀ-ի տարիների ընթացքում ձևավորած ամուր գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև գործընկերների վստահության և աջակցության վկայությունն է։
Հատկանշական է, որ տարեցտարի մեր հավատարիմ գործընկերների շարքերը համալրվում են մասնավոր եւ պետական հատվածի նոր կառույցներով, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է համալսարանի կարեւոր առաքելությունը՝ նպաստելու Հայաստանի աշխատաշուկայի զարգացմանն ու երիտասարդ մասնագետների կայացմանը։
«Ե՛վ ուսանողները, եւ՛ գործատուներն ավելի հավակնոտ են դարձել»
Լիլիթ Թովմասյան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) անձնակազմի կառավարման վարչության պետ
Աշխատանքի տոնավաճառը լավագույն հարթակն է, որտեղ գործատուներն ու ուսանողները հնարավորություն են ունենում ճանաչելու միմյանց, հասկանալու պահանջարկն ու առաջարկը եւ հիմք ստեղծելու հետագա համագործակցության համար։
Պետք է նշեմ, որ այսօր երկու կողմի ակնկալիքներն էլ բավականին փոխվել են, եւ՛ ուսանողները, եւ՛ գործատուներն ավելի հավակնոտ են դարձել։ Ուսանողները զարգացրել են իրենց գիտելիքներն ու հմտությունները, ավելի լավ են տիրապետում նորարարական տեխնոլոգիաներին, իսկ գործատուներն էլ պատրաստ են նման մասնագետների ներգրավել իրենց համակարգերում։
Մենք համագործակցության հուշագրեր ունենք Հայաստանի լավագույն բուհերի, այդ թվում՝ Ֆրանսիական համալսարանի հետ, եւ ուսանողների ներգրավումը մեզ մոտ բավականին յուրահատուկ ձեւով է կազմակերպվում։ Աշխատանքի ընդունվելուց առաջ նրանք մեր ուսումնական կենտրոնում խորացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու ձեռք բերում գործնական հմտություններ, որից հետո ներգրավվում աշխատանքի։
Կարծում եմ՝ ՊԵԿ-ը կարող է գրավիչ գործատու լինել համալսարանի ուսանողների համար, քանի որ այսօր փոխում ենք պետական համակարգի վերաբերյալ կարծրատիպերը՝ առաջատար լինելով մշակութային եւ ռազմավարական վերափոխումների, ինչպես նաեւ նոր առաջարկների առումով։
Գոռ Նալբանդյան, ՀՖՀՀ-ի մարքեթինգի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Նման տոնավաճառներն ինձ համար կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս անմիջականորեն շփվելու ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այդ շփման շնորհիվ ավելի հեշտ է կողմնորոշվել եւ գտնել այն հնարավորությունները, որոնք ինձ հետաքրքրում են։
Արդեն այցելել եմ մի քանի ընկերության տաղավար, որոշներում անգամ լրացրել եմ հայտեր՝ հետագայում աշխատանքի դիմելու հնարավորության համար։ Աշխատանք ընտրելիս, բացի աշխատավարձից, մեծ ուշադրություն եմ դարձնելու նաեւ ընկերության հեղինակությանը, համբավին, իմ ունեցած պատկերացումներին եւ այնտեղ տիրող աշխատանքային մթնոլորտին։ Հիմնականում այս չափանիշներով եմ առաջնորդվել նաեւ այսօր՝ ընկերությունների տաղավարներն այցելելիս։
Կարծում եմ՝ որքան շատ ուսանողներ մասնակցեն նման տոնավաճառների եւ միջոցառումների, այնքան ավելի հեշտ կլինի նրանց մուտքը աշխատաշուկա։
Տանյա Հովհաննիսյան, ՀՖՀՀ-ի Կառավարում ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 
Առաջին եւ երկրորդ կուրսերի ուսանողները տոնավաճառում կարողանում են ծանոթանալ աշխատաշուկային եւ դրա պահանջներին, իսկ բարձր կուրսերի ուսանողները՝ գտնել այն ընկերությունները, որտեղ հետագայում կցանկանային աշխատել, եւ արդեն ուսանողական տարիներից սկսել իրենց մասնագիտական ուղին։
Մեր մասնագիտության առավելություններից մեկն այն է, որ այն բավականին լայն հնարավորություններ է տալիս։ ՀՖՀՀ-ում  մեր կրթական ծրագիրը ներառում է ոչ միայն կառավարում, այլեւ հաշվապահություն, մարքեթինգ եւ հարակից այլ ոլորտներ, ինչը հետագայում մասնագիտական ընտրության ավելի լայն շրջանակ է բացում։
Այս պահին ինձ համար կարեւոր է հնարավորինս լավ ճանաչել աշխատաշուկան եւ տարբեր կազմակերպություններին, որպեսզի համալսարանն ավարտելուց հետո ավելի հեշտ կողմնորոշվեմ աշխատանք փնտրելիս։ Թեեւ առաջարկներն ու հնարավորությունները շատ են, եւ դեռ վերջնականապես չեմ կողմնորոշվել, ինձ հատկապես հետաքրքրում է մենեջմենթի ոլորտը, մասնավորապես՝ HR-ը, քանի որ այն համատեղում է հոգեբանությունն ու իմ մասնագիտական գիտելիքները։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *