2026 թ․ տարեսկզբին մեկնարկած «Ուխտագնացություն Կապան» աննախադեպ նախագիծը հետևողականորեն կյանքի է կոչվում․ արդեն հասցրել ենք լինել Կապան համայնքի քրիստոնեական 60 սրբավայրում։
Կատարվել ու կատարվում են տեղորոշումներ, երթուղիների կամ արահետների ճշգրտում, սրբավայրին առնչվող գիտահետազոտական որոշ աշխատանքներ։
***
Մատենագիտության մեջ գյուղը հիշատակվում է նաև Բաղավերջ, Բեխևերջի, Պղավերճ և այլ անվանումներով։
Կապան քաղաքից 3-4 կմ հարավ–արևմուտք է, Մեղրու լեռնահամակարգին պատկանող մի լեռնաճյուղի վրա, բարձրադիր ու գեղատեսիլ վայրում։
1831-ին ուներ 14, 1897-ին՝ 391, 1926-ին՝ 499, 1939-ին՝ 451 բնակիչ։
1958 թվականից միացված է Կապան քաղաքին և նրա թաղամասերից մեկն է։
Գրավոր աղբյուրներում գյուղի մասին առաջին հիշատակությունը Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում է՝ Բեխևերջի անվամբ՝ Տաթևի վանքին տրվելիք 6 հարկաչափով։
Ղևոնդ Ալիշանն էլ գիտեր Բեխևերջի գյուղի մասին։ Վեչաքենտի (գուցե և Վաժնատուքի) «դիմաց, վտակից աջ, որ արևելքից շուրջ մեկ մղոն հեռու է, ըստ Հին ցուցակի կա ևս ծանոթ մի գյուղ՝ Բեխևերջի անունով․ այժմ կոչվում և գրվում է Բաղաբուրջի՞ (Պաղավե՞րճ), որի եկեղեցին անվանվում է Ս․ Հռիփսիմե»։
Ըստ Ռոբերտ Էջանանցու՝ «Մի ավանդազրույցի համաձայն, երբ հարկահանները Բաղքում առել են հարկերն ու հասել այս գյուղ և իմանալով, որ գավառի վերջն է, այն հորջորջել են Բաղավերջ:
Բաղաբուրջ հնչումն աղավաղումն է Բաղաբուրգի․ բուրջ բառը բուրգն է, որ արաբախոսի մոտ տառադարձված է։ Բուրջ–բուրգ նշանակում է պարիսպ։ Ըստ իս՝ այստեղ հնագույն բերդաքաղաք է եղել»։
Գյուղանվան տարբերակներից մեկի՝ Պաղավերչի (Պաղավերջի) մասին մեկ ուրիշ ավանդազրույց էլ կա։
Իբր Պաղավերչ կամ Պաղավերջ նշանակում էր պաղ, զով և վերջ։
Այդ ավանդազրույցը գուցե պայմանավորված էր բնակավայրի աշխարհագրական դիրքով, որ հիանալի ամառանոցային վայր է, որտեղ վերջանում են պաղությունն ու զովությունը, և սկսում է շոգը․․․
Գյուղի մոտակայքում կան սրբավայրեր, որտեղ մեր ստեղծագործական խումբը մի քանի ուխտագնացություն կատարեց։
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Գյուղի հյուսիս–արևմտյան կողմում է՝ թաղակապ, սրբատաշ քարերով 10-րդ դարում կառուցված։
Բեմի մոտ պահպանվել են երկու սրբատաշ քարերով խաչարձաններ։
Եկեղեցու մոտակայքում կա ավերակ գյուղատեղի։
1891-ին եկեղեցին վերակառուցվել է։
Վանքի կամ Գագավանքի եկեղեցին
Մատենագիտության մեջ տարբեր անուններով այդ գյուղը հիշատակվում է Կովսական գավառում։
Գագավանքի մասին առաջին գրավոր հիշատակությունը դարձյալ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում է՝ Տաթևի վանքին տրվելիք 6 չափ հարկով։
Ալիշանը հիշում է նաև Կաչավանք անունով, որը, հավանաբար, ձեռագրական տարբերակ է։
Խալաթյանցը («Հանդես ամսօրյա» պարբերականում, 1903 թ., էջ 54) համարում է նաև վանք։
Հայագետներից շատերի կարծիքով Բաղաբուրջ գյուղի մերձակայքում գտնվող Վանք կոչվող հնավայրի մասին է խոսքը։
Մեր ստեղծագործական խումբը Գագավանք այցելեց 2026 թ․ հոկտեմբերի 16-ին (Սամվել Ալեքսանյան, Մարի Նավասարդյան, Արմինե Մարգարյան)։
Մեզ ընկերակցում էր այդ վայրերին քաջատեղյակ Անդրեաս Գասպարյանը։
Նախ Բաղաբուրջից շարժվեցինք Կոզեն աղբյուր տանող անտառամիջյան ճանապարհով։
Մոտ 2 կմ գնալուց հետո մեքենան թողեցինք ճանապարհին, որից հետո՝ արահետով, շարժվեցինք ձորն ի վար՝ մոտ 800 մետր։
Սրբավայրը, ըստ մեզ ուղեկցող Անդրեաս Գասպարյանի, գտնվում է Բաղաբուրջի նախնական տեղում։
Հանդիպեցինք տների ավերակների՝ ամբողջովին ծածկված մոշաթփերով։
Փոքրիկ բարձունքի վրա է գտնվել եկեղեցին (որոշ տեղեկություններով՝ վանք)։
Շատ թե քիչ կանգուն է հարավային պատի մի մասը։
Դուռը, որ գտնվել է արևելյան կողմում, նույնպես քանդվել է։
Մուտքում (ըստ Անդրեաս Գասպարյանի) խաչքարեր են եղել, որ մնացել են փլատակների տակ։
Ղուշչի (Ղուրճիկ) գյուղատեղիի ավերված մատուռը
Բաղաբուրջից 1.5 կմ արևմուտք գտնվող անտառապատ վայրում են սրբավայրի ավերակները։
Կառուցվել է 11–րդ դարում։
Այդտեղ ուխտագնացություն կատարեցինք 2026 թ․ հոկտեմբերի 9-ին (Սամվել Ալեքսանյան, Վահրամ Օրբելյան, Մարի Նավասարդյան, Իզա Ասծատրյան)։
Մեզ ընկերակցող Գարիկ Վեզիրյանը (երջանկահիշատակ Ալիկ Վեզիրյանի որդին է) ծանոթացրեց ավերակներին, որի չափսերն են 4×5 մ։
Պատի հետքերը պահպանվում են։ Կենտրոնում երկու փռշնի ծառ է։
Մատուռի արևմտահայաց կողմում 1×1 մ չափսի խաչքարն է՝ վերևի մասը կոտրված։
Մատուռի տարածքը հասանելի է և՛ մեքենայով, և՛ արահետով։
Սրբավայրից հարավ–արևմուտք Խուստուփ լեռն է։
Տարածքը նախկինում Վաչագան գյուղին էր պատկանում, հետագայում Բաղաբուրջին։
Ալիկ Վեզիրյանի պապը՝ Նավասարդ Վեզիրյանը, ով Անդրանիկի զինվորն է եղել ու Նժդեհի վաշտապետներից մեկը, պատմել է, որ այդ վայրում երկու անգամ հյուրընկալել են Գարեգին Նժդեհին։
Պատմել է նաև, որ այցելություններից մեկի ժամանակ Նժդեհը (նժույգը հեծած) պարեցրել է ձիուն․ ներկա են եղել գյուղացիները, որի Ավերաբերյալ ավանդազրույցները պահպանվում են։
1980-ականների կեսերին այդտեղ անտառապահի տնակ է կառուցվել։
Հետագայում սեփականաշնորհվել է, և Ալիկ Վեզիրյանը ձեռք է բերել տնակը։
Այդտեղ հիմա «Navasard Resort» հանգստյան գոտին է։
Մինչև հիմա այդ սրբավայր ուխտագնացության են գալիս, մատաղի արարողություն կատարում։
Նավչա կամ Տապան հնավայրը
Բաղաբուրջից արևմուտք՝ մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում Նավչա կամ Տապան հնավայրը՝ Խուստուփ լեռան լանջին՝ ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա։
Հայտնի է նախ իբրև վրանատեղի և լեռնագնացության վայր, որտեղից արշավականները սկսում են վերելքը դեպի Խուստուփ լեռան գագաթ (3201 մ)։
Մինչև Նավչա հնարավոր է գնալ մեքենայով, որից հետո ճանապարհը քայլարշավային է։
Նավչա կամ Տապան հնավայր այցելեցինք 2026 թ․ հոկտեմբերի 21-ին՝ Կարո Ոսկանյանի «Վիլիս» մեքենայով և Անդրեաս Գասպարյանի ուղեկցությամբ։
Նավչան, ինչպես և Նավսը, Գյուլունավը (որոնց անդրադարձել ենք առանձին), ըստ ավանդազրույցի, նույնպես առնչվում է Նոյ Նահապետի տապանին, որը նախապատմական ժամանակներում՝ նավարկելով Հայկական լեռնաշխարհի ջրածածկ տարածքներում, կանգ է առել նաև այդտեղ։
Գիրք գյուղի եկեղեցու ավերակները
Գյուղը մատենագիտության մեջ հիշատակվում է նաև Գիրկն ու Դիրքն ձևով։
Ըստ Հին հարկացուցակի՝ Տաթևի վանքին տալիս էր ութ միավոր հարկ։
Գեղանուշի և Բաղաբուրջի միջնամասում է՝ Գրատեղ (բարբառով՝ Կիրատեղ) կոչվող գյուղատեղիում։
Ըստ ավանդության՝ թշնամիների հարձակումների ժամանակ Կովսական գավառի գյուղերի մագաղաթյա բոլոր մատյաններն ապահովության համար հավաքել են այդտեղ, ինչի համար էլ գյուղն անվանվել է Գիրք։
Թշնամին մի Նոր տարվա գիշեր գրավում է գյուղը։
Քաջերի մի խումբ կարողանում է փախցնել և փրկել ձեռագիր մատյանները։
Հարձակումներից փրկվածներն էլ հեռանում են Կովսական գավառից և, միանալով այդ քաջերին, բնակություն հաստատում Կուրի ձախ կողմում՝ իրենց բնակավայրն էլ հայրենի գյուղի անունով կոչում Գիրք, որը գտնվում է Ադրբեջանի Իսմայիլի շրջանում։
Գյուղատեղի հասանք 2026 թ․ հոկտեմբերի 21-ին՝ Կարո Ոսկանյանի ամենագնաց մեքենայով և Անդրեաս Գասպարյանի ուղեկցությամբ։
Մեր ստեղծագործական խմբում էին Սամվել Ալեքսանյանը, Մարի Նավասարդյանը և Արմինե Մարգարյանը։
Թեև օրն անձրևոտ էր, բայց շրջեցինք գյուղատեղիով, գտանք երբեմնի եկեղեցու տեղը, որի հիմքի վրա խորհրդային տարիներին գյուղի անասնապահների համար կացարան էին կառուցել։
Եվ, այդուհանդերձ, տեսանելի են հատկապես եկեղեցու հարավային պատի, ինչպես և մերձակա շինությունների հետքերը։
Փշմազրի խաչը
2026 թ․ հոկտեմբերի 29-ին այցելեցինք Փշմազրի խաչ կոչվող սրբավայր, որ Բաղաբուրջ գյուղից մոտ 1 կմ հարավ–արևմուտքում է գտնվում։
Սրբավայր հասանք անտառամիջյան ճանապարհով։
Տեղանքն ավերակված մատուռի տպավորություն է թողնում։
Պահպանվել է միայն մի փոքրիկ խաչքար։
Արտաքուստ գրեթե աննկատ այդ վայրը մինչև հիմա էլ բաղաբուրջցիների ուխտագնացության վայր է, մոմավառություն կատարելու և Բարձրյալի հետ հաղորդակցվելու պաշտելի տեղ։
Հ․Գ․
Բաղաբուրջի տարածքում է գտնվում նաև Կոզեն աղբյուրը, որտեղ 1983-ին հողին են հանձնվել Գարեգին Նժդեհի մասունքները։
Այդ վայրը վաղուց սրբատեղիի նշանակություն է ձեռք բերել։
Կոզեն աղբյուր սրբավայր կատարած մեր ուխտագնացությանն անդրադարձել ենք առանձին հոդվածով։
Սամվել Ալեքսանյան
Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»
Leave a Reply