Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը: Այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Այս դահլիճում երկու Հայաստան կա։ Մեկի մասին խոսում է իշխանությունը։ Այնտեղ ամեն ինչ կարգին է։ Տնտեսությունն աճում է, անվտանգությունն ամրապնդվում է, արդարադատությունն անկախ է։ Բայց մեր քաղաքացին տեղյակ չէ այս ամենից։
Մյուս Հայաստանը դահլիճից դուրս է։ Այնտեղ մարդիկ հաշվում են ոչ թե տնտեսական աճի տոկոսները, այլ՝ ամսվա օրերն ու գրպանում մնացած գումարը։ Այս իշխանությունը իրական Հայաստանի հետ կապ չունի։ Սրանք ցանկացած ձախողում ներկայացնում են հաջողություն։ Եթե խոստումը չի կատարվել՝ դեռ ժամանակ կա։ Եթե ժամանակն անցել է՝ աշխարհն է փոխվել։
Մի խոսքով՝ իշխանությունը միշտ ճիշտ է։ Ուրեմն, ըստ իրենց, դրսի իրականությունն է սխալ։ Ամեն օր խոսում են խաղաղությունից։ Թե ինչո՞ւ խաղաղության նախարարություն չկա, զարմանալի է։ Սրանց վարքը վաղուց հայտնի է. երբ պատասխան չունեն, հարցնողը պատերազմ հրահրող է։
Բայց խաղաղությունը ձեր կուսակցության սեփականությունը չէ։ Խաղաղություն ուզում են մայրերը։ Ուզում է սահմանամերձ գյուղի բնակիչը։ Ուզում է դպրոցականի ծնողը։ Նրանք իրավունք ունեն իմանալու՝ տանում եք կայուն խաղաղությա՞ն, թե՞ հերթական զիջման։
Չենք ասում՝ մի՛ բանակցեք։ Բանակցեք, բայց Հայաստանի շահերով, Հայաստանի քաղաքացիներին հաշվետու լինելով։
Տնտեսության մասին մեծ-մեծ խոսում են։ Այո, թվերը չեն բողոքում։ Թվերը դեղ չեն գնում, կոմունալ չեն մուծում, վարկ չեն մարում, տուգանք չեն վճարում։ Մարդն է այդ ամենն անում։ Եվ մարդը հարցեր է տալիս։ Երբ թոշակառուն հաշվում է դեղորայքի գումարը, նրան տնտեսական աճի տոկոս ցույց մի՛ տվեք։ Երբ գյուղացին հարցնում է՝ ինչպես է իրացնելու բերքը, նրան մի՛ ուղարկեք ռազմավարություն կարդալու։ Պետության իմաստը այն է, թե որքանով է բարելավում մարդու կյանքը։
Սրանք համոզում են, որ դատարաններն անկախ են։ Բայց թող դատավորը փորձի իշխանությանը ոչ հաճելի որոշում կայացնել։ Այ եթե դատավորը կալանավորում է ընդդիմության առաջնորդներին, քաղբանտարկյալներով լցնում բանտերը, դատավորը անկախ է։ Այս իշխանության ամենակայուն ձեռքբերումը պատասխանատվությունից խուսափելն է։ Երբ ինչ-որ բան լավ է՝ իշխանությունն է արել։ Երբ վատ է՝ մեղավոր են նախկինները, մեղավոր է ընդդիմությունը։ Բայց քաղաքացին հասկանում է։ Հասկանում է, որ իր վճարած հարկերի հաշվին, ոմանց անվտանգությունն ապահովող անձանց թիվն է շատանում, նրանց պարգևավճարի ու աշխատավարձի չափն է աճում: Իր թոշակը նախընտրական 10.000 է բարձրանում, ոմանցը՝ մի քանի միլիոն:
Իշխանությունը դիվոտում է, երբ քննադատում ենք։ Սրանց թվում է, եթե մենք քիչ խոսենք, գները կնվազեն։ Եթե չհարցնենք անվտանգության մասին, վտանգները կվերանան։ Եթե չհիշեցնենք խոստումները, դրանք կկատարվեն։ Այդպես չի լինում։ Մենք տեսնում ենք մարդկանց, որոնք աշխատում են, հոգս են կրում, երեխա պահում և պետությունից պահանջում են ընդամենը այն, ինչ պետությունը պարտավոր է ապահովել՝ անվտանգություն, արդարություն, արժանապատիվ կյանք։ Հայաստանի քաղաքացին ձեր ելույթների համր հանդիսատեսը չէ։ Նա այս երկրի տերն է։ Եւ իշխանությունը վաղ թե ուշ նրան պատասխան է տալու։
Այո, կա երկու Հայաստան՝ ՔՊ-ի եւ հայ ժողովրդի։ ՔՊ-ի վերնախավը այս դահլիճի ձախ կողմում է։ Հայ ժողովրդի ամենարժանավոր զավակները՝ Երեւանի ու Բաքվի բանտերում։
Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»,-ասել է նա:
դիտվել է 8 անգամ
Leave a Reply