Արմեն Հովասափյանը գրում է. «Առավոտ բարլուսով Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով։
Ըստ էության, նա նշում է, որ «խաղաղության» հասնելու համար պետք է ամբողջովին դուրս գալ Ադրբեջանի հետ պահանջների տրամաբանությունից։ Ավելին, իր խոսքում նա ընդգծում է, թե Թուրքմենստանում Ալիևի հետ շփումներից «տպավորություն է ստացել, որ վերջինս էլ է դրան կողմնակից»։
Այս մոտեցման տրամաբանությունը, մեղմ ասած, մտահոգիչ հետևանքներ կարող է ունենալ։ Այն պարագայում, երբ խաղաղության հասնելու նախապայման է ներկայացվում Ադրբեջանի նկատմամբ պահանջներից հրաժարվելը, այդ պահանջների մասին խոսելն ինքնին կարող է ներկայացվել որպես խաղաղության դեմ ուղղված քայլ։ Հենց այս տրամաբանությունն է հիմք տալիս ենթադրելու, որ առաջիկայում կարող է սկսվել հանրային բռնաճնշումների նոր ալիք, երբ տեղի ունեցած և դեռևս սպասվող արհավիրքների վերաբերյալ գնահատականներ ու մեկնաբանություններ ներկայացնող քաղաքական ուժերն ու անհատները հայտնվեն պետական մամլիչի տակ։
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը, ըստ էության, միայն հանրային տրամադրությունները չափելը չէ։ Այն կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ, իսկ այդ պահանջների հետևանքների մասին խոսելը՝ որպես անթույլատրելի վարքագիծ»:
դիտվել է 94 անգամ
Leave a Reply