Թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու շուրջ ծավալված բանավեճին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նա Ադրբեջանին կոչ է արել «հանգիստ թողնել կանանց, թույլ տալ նրանց ինքնուրույն ընտրել, թե ինչ են ուզում կրել»։
Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կանայք չպետք է ենթարկվեն խտրականության՝ հիջաբ կրելու կամ չկրելու պատճառով՝ հավելելով, որ Ադրբեջանում նման խնդիրներ չպետք է լինեն։
«Ձեր ուրախությունը մեր ուրախությունն է, ձեր ցավը՝ մեր ցավը», — նշել է նա՝ ընդգծելով, որ հիջաբ կրելու հարցից բխող խնդիրները պետք է արմատախիլ արվեն, և հավելել, որ սխալ է, երբ կանանց նկատմամբ տարբեր վերաբերմունք է ցուցաբերվում՝ կախված նրանից՝ նրանք հիջաբ կրում են, թե ոչ։
Նրա խոսքով՝ կանանց հագուստի ընտրությունը չպետք է խոչընդոտի նրանց կրթության իրավունքի իրացմանը։
Քըլըչդարօղլուն կոչ է արել կանանց հագուստի թեմայի շուրջ քաղաքական տարաձայնություններ չստեղծել։ «Ի՞նչ է նշանակում հիջաբով աղջկան ուսումնական հաստատություն չթողնել»։ — տարակուսանք է հայտնել նա՝ մատնանշելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և դավանանքի ազատության կարևորությունը։
Ադրբեջանի դպրոցներում դրես-կոդի թեման շարունակում է մնալ քննարկումների կենտրոնում, ինչին նպաստում են նաև Թուրքիայից հնչող հայտարարությունները։
դիտվել է 35 անգամ
Leave a Reply