ԳՅՈՒՄՐԻԻ ՏՈՆԸ ԳՅՈՒՄՐԵՑՈՒՆՆ Է․ Ո՞Վ Է ՈՒՄ ՀՐԱՎԻՐՈՒՄ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Ուժեղ Հայաստանը» հրավիրում է միասին նշելու Գյումրիի տոնը։ «Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար»՝ ասվում է հայտարարության մեջ։

Բայց միանգամայն բնական հարց է առաջանում․ իսկ ո՞վ է Գյումրիի տոնի տանտերը, և ո՞վ իրավունք ունի հրավիրելու գյումրեցիներին՝ իրենց քաղաքի տոնը նշելու։

Գյումրիի տոնը քաղաքական որևէ ուժի սեփականությունը չէ։ Այն պատկանում է Գյումրիին, գյումրեցիներին՝ այս քաղաքում ծնված, ապրած, աշխատած ու քաղաքի հոգսերով ապրող մարդկանց։ Գյումրու տոնը համայնքի ինքնության, պատմության, մշակույթի և մարդկանց միասնականության օրն է, ոչ թե որևէ քաղաքական ուժի հեղինակությունը բարձրացնելու կամ սեփական ներկայությունն ընդգծելու առիթ։Բայց մի բան է՝ որպես հյուր գալ ու քո նվերը մատուցել տանտիրոջը, մեկ այլ բան՝ այնպիսի տոնական հրավեր տարածել, կարծես քաղաքի տոնը կազմակերպողն ու տերը հենց դու ես։

Գյումրին հյուրընկալ քաղաք է։ Այստեղ հյուրին դիմավորում են ջերմությամբ, բայց տանտիրոջը չեն փոխում հյուրի հետ։

Եվ սա քաղաքական հարց չէ։ Սա քաղաքային արժանապատվության, տեղական ինքնակառավարման և գյումրեցու ինքնության հարց է։

Եթե «Ուժեղ Հայաստանը» ցանկանում է ուժեղ Գյումրի, ապա թող նախ ցույց տա՝ ինչով է պատրաստ ուժեղացնել քաղաքը։ Գյումրուն այսօր միայն տոնական կարգախոսներ չեն պետք։ Նրան պետք են աշխատատեղեր, սոցիալական պաշտպանություն, բնակարանային խնդիրների լուծումներ, զարգացած ենթակառուցվածքներ, մշակույթի պահպանում և իրական հոգատարություն՝ տոնից հետո էլ։Գյումրին այնքան ուժեղ է, որ իր տոնը նշելու համար որևէ քաղաքական ուժի հրավերի կարիքը չունի։ Քաղաքը կարող է հյուրընկալել բոլորին՝ առանց որևէ մեկին սեփական տանտիրոջ կարգավիճակ շնորհելու։

Ուստի «Ուժեղ Հայաստանին» մնում է մեկ պարզ, բայց կարևոր բան հիշել․ Գյումրիի տոնը գյումրեցիներինն է։ Քաղաքական ուժերը կարող են լինել այդ տոնի մասնակիցը, հյուրը, աջակիցն ու բարեկամը, բայց ոչ քաղաքի տերը։

Իսկ եթե ուզում են իսկապես ուժեղ Գյումրի, թող սկսեն ամենապարզ սկզբունքից՝ հարգել Գյումրուն ու գյումրեցուն՝ առանց իրենց տանտիրոջ տեղ դնելու։                                        Իզաբելլա Պապյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *