Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Written by

in



Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Շենավան բնակավայրում տեղադրել է 10 կՎտ տեղակայված հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան։ Կայանը նախատեսված է տեղի մանկապարտեզի և մարզադպրոցի էներգետիկ կարիքները հոգալու համար։

Արևային կայանի գործարկումը թույլ կտա էապես կրճատել համայնքային բյուջեի էներգետիկ ծախսերը։ Արտադրված էներգիան, ինչպես նաև դրա շնորհիվ խնայված միջոցները, կուղղվեն ձմռան ամիսներին կրթական և սպորտային հաստատությունների ջեռուցման կարիքների ապահովմանը՝ երեխաների և պատանիների համար ստեղծելով առավել հարմարավետ ու տաք պայմաններ։

«Ucom-ի համար կանաչ օրակարգը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանձին ուղղություն չէ, այլ մեր երկարաժամկետ ռազմավարության կարևոր մաս։ Շենավանում իրականացված այս նախագիծը հենց այդ մոտեցման օրինակ է կանաչ տեխնոլոգիաների միջոցով մենք օգնում ենք համայնքին նվազեցնել ծախսերը, բարձրացնել էներգետիկ անկախությունը և ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ երեխաների համար։ Վստահ ենք, որ բիզնեսի իրական ազդեցությունը չափվում է ոչ միայն մատուցվող ծառայություններով, այլ նաև այն երկարաժամկետ արժեքով, որը ստեղծվում է մարդկանց, համայնքների և շրջակա միջավայրի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արևային էներգիայի հասանելիությունը հայաստանյան համայնքներում ունի ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն։ Շենավանում տեղադրված այս կայանը հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է կանաչ տեխնոլոգիաների միջոցով թեթևացնել համայնքային հոգսերն ու ուղիղ ներդրում կատարել երեխաների ապագայի մեջ։ Բարձր ենք գնահատում Ucom-ի պատասխանատու մոտեցումը, որի շնորհիվ համատեղ քայլերով նպաստում ենք մեր մարզերում էներգաանկախության և կայուն միջավայրի ձևավորմանը», – նշել է «Արևորդի» ՀԿ նախագահ Սոնա Քալանթարյանը։

Արևային կայանի տեղադրումը ևս մեկ քայլ է Լոռու մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացման և կլիմայական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Այն տարիներ շարունակ տեղական կրթական հաստատությունների համար կծառայի որպես կայուն և անվտանգ էներգիայի աղբյուր։

Ucom-ը և «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունն ունեն համատեղ ծրագրերի իրականացման երկարամյա փորձ։ Համագործակցության շրջանակում կողմերը կյանքի են կոչել մի շարք նախագծեր՝ սկսած «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տարեկան աջակցությունից և երիտասարդների շրջանում էկո-մտածելակերպի ձևավորումից մինչև հեռավոր համայնքներում էներգախնայող և վերականգնվող էներգիայի համակարգերի տեղադրումը։ Այս համագործակցությունը հաջողված օրինակ է, թե ինչպես կարող են խոշոր բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը միավորել ջանքերը՝ հանուն համայնքների սոցիալ-բնապահպանական հզորացման և կայուն ապագայի։



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *