«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։
Մեր տեղեկություններով՝ իշխանության ներսում քննարկվում է այն հանգամանքը, որ իրավապահ և համապատասխան պետական մարմինները մի քանի օր շարունակ տեղեկացված են եղել ադրբեջանցու՝ Հայաստանի տարածք ներթափանցելու մասին, սակայն անհրաժեշտ օպերատիվ քայլեր չեն իրականացվել։ Ավելին՝ բնակչությունը պատշաճ կերպով չի իրազեկվել ստեղծված իրավիճակի մասին, ինչի արդյունքում ադրբեջանցին հայտնվել է գյուղացու բնակարանում։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցի շուրջ օրերս կառավարությունում բավական կոշտ քննարկում է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման ոլորտի և մյուս համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների աշխատանքից և պահանջել է պարզել, թե կոնկրետ ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցու ներթափանցման մասին, ինչու է մի քանի օր շարունակ որևէ արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել, և ինչու բնակչությանը ժամանակին չի տեղեկացվել հնարավոր վտանգի մասին։
Ավելին՝ իշխանական շրջանակներում այժմ քննարկվում է ոչ միայն կոնկրետ պաշտոնյաների պատասխանատվության, այլև գերատեսչությունների ղեկավար մակարդակով հնարավոր պաշտոնանկությունների հարցը։
Թեև սահմանային այդ հատվածի պաշտպանությունն իրականացնում են ԱԱԾ սահմանապահները, այնուամենայնիվ, ըստ իշխանական մեր աղբյուրների՝ դժգոհություն կա նաև պաշտպանության նախարարությունից։ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, մասնավորապես, կապված է այն հանգամանքի հետ, թե ինչու համապատասխան կառույցները չեն կարողացել ժամանակին և պատշաճ արձագանքել Սյունիքում ստեղծված իրավիճակին։ Եվ հիմա ցուցաբերում են կոլեկտիվ անպատասխանատվություն։
Շաքիի դեպքից հետո արդեն որոշ պաշտոնանկություններ տեղի են ունեցել, այդ թվում՝ լոկալ կառավարման մակարդակում։ Սակայն իշխանության վերնախավում քննարկվում է, որ հնարավոր է՝ առաջիկայում պատասխանատվության հարց բարձրացվի նաև ավելի բարձր մակարդակում։
Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, պահանջել է կարճ ժամկետում պարզել ամբողջ շղթան՝ ով է իմացել, երբ է իմացել, ինչ քայլեր է ձեռնարկել կամ չի ձեռնարկել և ով է պատասխանատու եղել բնակչության այդ հատվածի անվտանգության ապահովման համար։ Արդյունքների մասին համապատասխան զեկույց պետք է ներկայացվի վարչապետին, որից հետո նա պետք է որոշում կայացնի։
Այսպիսով՝ Շաքիի միջադեպը, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, կարող է ունենալ նաև քաղաքական և կադրային հետևանքներ՝ առաջին դեմքերի մակարդակով»։
Մանրամասները ՝թերթի այսօրվա համարում
Leave a Reply