Փաշինյանը մանիպուլացրել է․ «սեպտեմբերյան աղետաբեր պատերազմի» կանխատեսումը չիրականացավ

Written by

in

2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերին լինելու է «աղետաբեր պատերազմ», եթե իր կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում չստանա սահմանադրական մեծամասնություն։ Ընտրությունների արդյունքում ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստացավ, սեպտեմբերն էլ անցավ, սակայն պատերազմ չսկսվեց։ 

«Փաստերի ստուգման հարթակը» համադրել է վարչապետի հայտարարությունը ընտրությունների արդյունքների ու նրա նշած ժամկետում տեղի ունեցած զարգացումների հետ։ 

Ի՞նչ էր ասել Փաշինյանը

Մարտի 22-ին ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում կուսակիցների հետ հանդիպմանը  Փաշինյանը հայտարարել էր․  «…Պատերազմ ա լինելու։ Ես ի՞նչ էի ասում։ Ասում էի՝ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ասում էին՝ «Ի՞նչ գիտես»։ Բա 7 տարվա վարչապետ եմ․ եթե ես էդ իրավիճակը չկարողանամ գնահատել, ես ո՞նց եմ վարչապետ։ Հիմա էլ ասում եմ՝ լինելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն… Չեմ ասում՝ ընտրություններում հաղթի, ոնց ուզում եք… Ինձ ասում եք՝ 18 թվին գայիր, ասեիր։ Հիմա ասում եմ, շատ ուղիղ ասում եմ…»

Իր այս հայտարարությամբ Փաշինյանը պատերազմը համարում էր որպես անխուսափելի իրադարձություն, որը կարող էր պատահել, եթե ՔՊ-ն չունենար ընտրական որոշակի արդյունք։ Նա նույնիսկ նշում էր ժամկետը և ընդգծում դրա հետևանքի ծանրությունը։ Ավելին, իր գնահատականի հավաստիությունը վարչապետը հիմնավորում էր նաև պաշտոնավարման փորձով՝ շեշտելով, որ յոթ տարվա վարչապետ լինելով կարող է գնահատել իրավիճակը։

Ի դեպ, Փաշինյանը մարտի 19-ին ևս խոսել էր պատերազմի հնարավորության մասին, սակայն այլ պայմանի համատեքստում․ նա հայտարարել էր, որ խաղաղության գործընթացը վերանայելու դիրքերից հանդես եկող ընդդիմադիր ուժերը պատրաստում են «նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։ Այս դեպքում պատերազմի վտանգը կապվում էր ընդդիմադիր ուժերի՝ իշխանության գալու և նրանց քաղաքականության հետ։

Ի տարբերություն այդ հայտարարության, մարտի 22-ին արված հայտարարությամբ, Փաշինյանը ավելի լայն պայման էր առաջ քաշում՝ պատերազմի սկսվելը կապելով ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չստանալու հետ։ 

ՔՊ-ն հաղթեց, բայց սահմանադրական մեծամասնություն չստացավ

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726 819 ձայն՝ շուրջ 49.75%։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կուսակցությանը բաժին է հասել 64 մանդատ։ «Ուժեղ Հայաստանը» ստացել է 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Այսպիսով, 105 պատգամավոր ունեցող  Ազգային ժողովում ՔՊ-ն ստացել է մեծամասնություն՝ 64 մանդատ, մինչդեռ ձգտում էր ունենալ սահմանադրական մեծամասնություն՝ ⅔-րդը կամ 70 մանդատ։

Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրության մի շարք փոփոխությունների ընդունման, ինչպես նաև Սահմանադրության՝ միայն հանրաքվեով փոփոխվող դրույթների փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը։

Հետևաբար ՔՊ-ին միայնակ սահմանադրական փոփոխություններ կատարելու կամ համապատասխան նախագիծը հանրաքվեի դնելու համար պակասում է առնվազն 6 ձայն։

Կարևոր է նաև տարբերակել սահմանադրական մեծամասնությունը սահմանադրական օրենքներ ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնությունից։ Օրինակ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», Ընտրական, Դատական օրենսգրքերը, «Կուսակցությունների մասին» և մի շարք այլ սահմանադրական օրենքներ ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով։ Այս դեպքում ՔՊ-ն խնդիր չունի։

Արարատ Միրզոյանի մեկնաբանությունը

Վարչապետի հայտարարությունից հետո, մարտի 23-ին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Փաշինյանի խոսքին, սեպտեմբերը մեկնաբանել էր որպես պայմանական ժամկետ՝ «ընտրություններից կարճ ժամանակ անց»։
Պատերազմի հեռանկարը նա կապել էր ընդդիմադիր որոշ ուժերի իշխանության գալու հետ։ Նաև շեշտել էր՝ շանտաժ չեն անում, օրենք չեն խախտում և միայն քաղաքական առաջարկ են ներկայացնում։ 

Արարատ Միրզոյանի մեկնաբանությունը, սակայն, տարբերվում է մարտի 22-ին Փաշինյանի առաջադրած պայմանից, քանի որ ընդդիմության՝ իշխանության գալը և ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չստանալը ընտրական տարբեր արդյունքներ են։

Իսկ սեպտեմբերին պատերազմ չեղավ

Փաշինյանի նշած ժամկետը՝ 2026 թվականի սեպտեմբերը անցավ, և Հայաստանի մասնակցությամբ պատերազմ չսկսեց։ Հետևաբար նրա հստակ արված կանխատեսումը չիրականացավ․ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստացավ և որպես այդ արդյունքի անմիջական հետևանք «աղետաբեր պատերազմ» տեղի չունեցավ։

Փաշինյանի խոսքում պատերազմի սպառնալիք կա, որը դարձել է նախընտրական փաստարկ․ վարչապետը երկրում խաղաղության պահպանումը պայմանավորում էր իր կուսակցության համար Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ապահովելու հանգամանքով։

Այսպիսով, Փաշինյանի հայտարարությունը մանիպուլյատիվ էր․ նա իր կուսակցության՝ սահմանադրական մեծամասնություն ստանալը ներկայացնում էր որպես սեպտեմբերյան «աղետաբեր պատերազմից» խուսափելու անհրաժեշտ պայման՝ պատերազմի սպառնալիքը դարձնելով ընտրական փաստարկ։ ՔՊ-ն այդ մեծամասնությունը չստացավ, սակայն նշված ժամկետում պատերազմ չսկսվեց․ հետևաբար վարչապետի ներկայացրած անխուսափելի կապը չի հաստատվել, իսկ կոնկրետ կանխատեսումը չի իրականացել։

Արեն Նահապետյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *