Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 1-ին մասնակցել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Նախաձեռնության նպատակն էր հարգել ընտանեկան և գենդերային հիմքով բռնության հետևանքով զոհված կանանց հիշատակը, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել բռնության հիմնախնդրի և դրա նկատմամբ առկա անտարբերության վրա։ Միջոցառման շրջանակում Երևանի Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպվել է մոմավառություն։
Օրվա կապակցությամբ ուղերձով է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա ընդգծել է ընտանեկան բռնության կանխարգելման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության և հասարակական իրազեկվածության բարձրացման հույժ կարևորությունը։
Պաշտպանն իր խոսքում շեշտել է բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը պահանջում է պետության, մասնագիտացված կառույցների ու հասարակության համատեղ և հետևողական ջանքեր՝ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու իրավունքները լիարժեք երաշխավորելու համար։
Leave a Reply