Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են Հայասանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկները։
Կառավարությունից հայտնել են, որ նրանք քննարկել են նաեւ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները:
«Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ եւ որոշումը կընդունվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները եւ երաշխիքները։
Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։ «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ–ի, ինչպես նաեւ փոքր եւ միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների եւ հնարավոր մեխանիզմների շուրջ»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Մեդիամաքսը նշում է, որ Ալեքսեյ Լիխաչովին սեպտեմբերի 28-ին ընդունել էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Լիխաչովը, մասնավորապես, ասել էր.
«Հայաստանը ցանկից չենք կարող հանել, որովհետեւ մենք այնտեղ երկարացնում ենք կայանի աշխատանքի ժամկետը: Այնտեղ ղեկավարությունը կորոշի՝ որ ճանապարհով գնալ, բայց մենք այնտեղ ներկայացված ենք»:
«Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրենը ՌԴ նախագահին ասել էր նաեւ, որ «հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ»» նախագծի շուրջ»:
Leave a Reply