Ներկայացնում նք The Guardian-ի Trump ballroom donor to lead state department’s $200m Armenia fund հոդվածի թարգմանությունը։
Չիկագոյում ապրող ռուսաստանյան ծագումով ներդրող Կոնստանտին Սոկոլովը կդառնա ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր հիմնադրամի նախագահը, որը կկառավարի ավելի քան 200 միլիոն դոլարը՝ նախատեսված Կենտրոնական Ասիա տանող առեւտրային միջանցքի ստեղծման համար, այդ թվում՝ ներդրումներ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքի եւ կարեւոր օգտակար հանածոների ոլորտներում։ Այս մասին The Guardian-ը տեղեկացել իր աղբյուրներից։ Պետդեպարտամենտն ուրբաթ օրը հաստատել է նրա նշանակումը։
Սոկոլովը այն 36 նվիրատուներից է (21 կորպորացիա եւ 15 մասնավոր անձինք ու ընտանեկան հիմնադրամներ), որոնք, ըստ Դոնալդ Թրամփի, ընդհանուր առմամբ ավելի քան 350 միլիոն դոլար են նվիրաբերել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» շինարարության համար։
Ըստ Public Citizen կազմակերպության հետազոտության՝ դահլիճի կորպորատիվ դոնորների երկու երրորդը պետական պայմանագրեր են ստացել։ Սոկոլովի նվիրատվության չափը չի հրապարակվել։
Նախկինում նա պետական պաշտոններ երբեք չի զբաղեցրել։ Ըստ ընտրարշավների ֆինանսավորման տվյալների՝ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում Սոկոլովը հանրապետական քարոզարշավներին եւ քաղաքական խմբերին նվիրաբերել է ավելի քան 12 միլիոն դոլար։ Նախկինում Բարաք Օբամայի համեստ նվիրատուն էր՝ 2008 թվականին նրա քարոզարշավին նվիրաբերելով 3 600 դոլար։
Սոկոլովը հրաժարվել է հարցազրույց տալ The Guardian-ին եւ չի պատասխանել իր նշանակման վերաբերյալ մանրամասն հարցաշարին։ Սպիտակ տունը հարցերը վերահասցեագրել է Պետական դեպարտամենտին։
Կոնստանտին Սոկոլովը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում
Լուսանկարը` Կոնստանտին Սոկոլովի անձնական կայք
Tripp+ հիմնադրամը (Սոկոլովը հանդես է գալիս որպես դրա հիմնադիր եւ նախագահ) կոչվել է Trump Route for International Peace and Prosperity երթուղու պատվին՝ 27 մղոն երկարությամբ առեւտրային միջանցք, որն անցնում է Հայաստանի հարավով եւ Ադրբեջանով։ Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, 201 միլիոն դոլար ծավալով հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, կատարել կապիտալ ներդրումներ եւ հատկացնել դրամաշնորհներ՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մասնավոր հատվածի զարգացման համար, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին Երեւան կատարած այցի ժամանակ Tripp+ հիմնադրամն անվանել էր «պատմական վերափոխման» մի մաս։
Դեռեւս պարզ չէ, թե կոնկրետ ինչ օգուտ կունենան հիմնադրամից Սոկոլովը կամ ԱՄՆ-ն, եւ արդյո՞ք նա վարձատրություն կստանա։ Հայտնի է, որ Սոկոլովը խոշոր բաժնետեր է Viva Armenia-ում՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցական օպերատորում, ինչպես նաեւ ղեկավար պաշտոն է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում՝ մաքուր էներգետիկայի եւ Եվրոպան ու Աֆրիկան կապող ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխի նախագծերով զբաղվող կոնսորցիումում։
Նա նաեւ Չիկագոյում գործող IJS Investments ներդրումային ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտանում է «ապագայի էներգետիկայի եւ հեռահաղորդակցության» ոլորտում, ինչպես նաեւ ցյուրիխյան Gotthard Investment AG-ի հիմնադիրը, որը գործում է ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի եւ անշարժ գույքի ոլորտներում։
Կոնստանտին Սոկոլովը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում
Լուսանկարը` Կոնստանտին Սոկոլովի անձնական կայք
Սոկոլովն ավելի քան 20 տարի հանդես է գալիս որպես ներդրող, մասնակցել է խոշոր միջազգային ենթակառուցվածքային եւ հեռահաղորդակցական նախագծերի իրականացմանը։ Նրա անձնական կենսագրության մեջ նշվում է նաեւ կառավարություններին եւ խոշոր ընկերություններին ռազմավարական հարցերով խորհրդատվություն տրամադրելու փորձը։
Թրամփի վարչակազմն աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ նրանից հետո, երբ անցյալ օգոստոսին Սպիտակ տունը օգնեց կնքել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ ԱՄՆ-ն արդեն խոստացել է 9 միլիարդ դոլար ուղղել Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը եւ Հայաստանի կառավարությանը վաճառել է ամերիկյան արտադրության հետախուզական անօդաչու թռչող սարքեր՝ 11 միլիոն դոլար արժողությամբ, ինչը ԱՄՆ ռազմական տեխնոլոգիաների առաջին վաճառքն էր այս երկրին։
Զարգացման ֆինանսավորման կորպորացիան (DFC)՝ պետական ներդրումային կառույցը, որը ղեկավարում է ներդրումային ֆոնդի ընտանիքի ներկայացուցիչ Բեն Բլեքը, հայտարարել է Tripp Development Company ընկերության հիմնադրման ծրագրերի մասին՝ նախատեսվող երթուղու վրա երկաթուղիներ եւ այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար, որը կկապի Ադրբեջանը Նախիջեւանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հետ։
Կոնստանտին Սոկոլովը եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
Լուսանկարը` Կոնստանտին Սոկոլովի անձնական կայք
Սոկոլովի նշանակումը Tripp+ հիմնադրամի ղեկավարի պաշտոնում վկայում է այն մասին, թե որքան լուրջ է ԱՄՆ-ի մտադրությունը զարգացնելու այս ռազմավարական միջանցքը, որը կապում է Արեւմտյան Ասիան Եվրոպայի հետ։
Հիմքեր կան ենթադրելու, որ Սոկոլովի կառավարման ներքո գտնվող միջոցների ծավալը կշարունակի աճել։ Պետդեպարտամենտի արտաքին օգնության հարցերով ավագ պաշտոնյա Ջերեմի Լեւինը ապրիլին Արտաքին հարաբերությունների խորհրդի հանդիպման ժամանակ ասել էր, որ գերատեսչությանը հաջողվել է եւս 400 միլիոն դոլար հայթայթել Tripp+ հիմնադրամի համար։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply