«Ապաղարաբաղացումը»՝ որպես ազգային-պետական նախագծի «վերագործարկման» հիմք

Written by

in

Ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ հայաստանյան իշխանության առաջնահերթությունները հասկանալու բանալին «Չորրորդ հանրապետության» հայեցակարգն է: Այդ մասին «Национальная безопасность и внешняя политика Армении: смена вех» հոդվածում գրում է ռուս քաղաքագետ, «Միջազգային վերլուծաբանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը:

 

«Հինգ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջ էր մղում նախկինում փորձարկված համահայկական մոտեցումները: 2021 թվականին Երեւանը պատրաստ էր շարունակել նախկին իշխանությունների կուրսը՝ առաջ մղելով այնպիսի ուղենիշներ, ինչպիսիք են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի («Արցախ» անվանումը դեռեւս արգելված չէր) եւ սփյուռքի անվտանգությունը: Այս համատեքստում առանցքային տարր էր հանդիսանում Ռուսաստանի հետ դաշնակցությունը՝ երկկողմ կապերից մինչեւ ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցությունը:

 

Այս առաջնահերթությունները վերանայման ենթարկվեցին ոչ թե 2026 թվականին, այլ շատ ավելի վաղ: Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել էր, որ այդ փաստաթղթում, որը հռչակեց նոր հանրապետությունը «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման» ակտի հիման վրա, դրված են հարեւանների հետ մշտական դիմակայության տարրեր:

 

Հայաստանի «ապաղարաբաղացումը» երեկ չի սկսվել: Այն ծավալվել է աստիճանաբար: Բայց հենց մեր աչքի առաջ ղարաբաղյան գործի ապասրբացումը վերածվում է պաշտոնական Երեւանի գլխավոր գաղափարախոսական միտման: Իշխանության քաղաքական լեզուն արմատապես փոխվել է: Կառավարության նոր ծրագրում չկան «Արցախը», ինքնորոշումը, ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ հակամարտության կարգավորումը: Հակամարտության կարգավորման բուն հիմնախնդիրը գրեթե ամբողջությամբ վերացված է», – գրում է Մարկեդոնովը:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Նա նշում է, որ «միացմանը» (Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման գաղափարին) եւ համահայկական մոտեցումներին պաշտոնապես փոխարինելու է գալիս «Չորրորդ հանրապետության» հայեցակարգը, որը, վարչապետի խոսքով, արդեն «իրականություն է դարձել»:

 

«Այս հայեցակարգի հիմնական դրույթների համաձայն՝ հայրենիքը ընկալվում է որպես «պետություն», որը նույնացվում է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության հետ, իսկ հայրենասիրությունը՝ որպես ծառայություն այդ պետության շահերին: Նման մոտեցման դեպքում սփյուռքահայերը դե-ֆակտո դուրս են մղվում հայկական ազգային-պետական ինքնության շրջանակներից: Այսպիսով, «ռեալիզմը՝ ըստ Փաշինյանի» «միացման» գաղափարից հրաժարումն է եւ նախկին մոտեցման էական վերանայումը, որը հիմնված էր Հայաստանի քաղաքացիների եւ սփյուռքի միջեւ համերաշխության վրա՝ միջազգային ասպարեզում Երեւանի շահերն առաջ մղելու համար:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Կառավարության նոր ծրագրի առանձին թեմա է «եկեղեցու բարեփոխումը», որին նվիրված է հատուկ բաժին: Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ ազդեցության համար պայքարը տեղավորվում է ընդդիմադիր տրամադրությունների հնարավոր աղբյուրների վերացման կառավարության տրամաբանության մեջ: Բայց ամբողջ ազգային-պետական նախագծի «վերագործարկման» ավելի լայն համատեքստում այս պայքարը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ իշխանություններին չի գոհացնում ՀԱԵ հոգեւորականների կողմից «ապաղարաբաղացման» փաստացի սաբոտաժը», – գրում է քաղաքագետը:

 

Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ «ապաղարաբաղացումը» արմատապես փոխում է Երեւանի վերաբերմունքը Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:

 

«Եթե հակամարտություն չկա, իսկ Ղարաբաղյան Շարժումը չի համապատասխանում հայկական ազգային շահերին, ապա Բաքվի եւ Անկարայի հետ հարաբերությունները այլ կերպ են որակվում: Նոր ծրագրում Ադրբեջանը Երեւանի երկկողմ արտաքին քաղաքական ուղղությունների շարքում փաստացի առաջին տեղում է», – նկատում է հեղինակը:

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *