Թվում է՝ անցել ենք գյուղի վերջին տների կողքով եւ Բյուրականն արդեն մնացել է հետեւում, բայց ճանապարհը տանում է ամենականաչ անկյուններից մեկը, որտեղ փայտե դարպասն ու ցուցանակը հուշում են, որ հասել ենք «Chir’s house/Չրի տուն»:
«Դուռը բաց է, ներս մտեք»,- մեր զանգին պատասխանում է «Չրի տան» տիրուհի Ծովիկը:
Փայտե դարպասից այն կողմ մեզ դիմավորում է գյուղական ջերմությամբ ձեւավորված տարածքը:
Ծովիկ Օհանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ժամանակին մեզ մոտ եկողները գյուղում կանգ էին առնում ու Մարշալի Դավիթի տունը հարցնելով՝ փորձում գտնել չրի արտադրամասը: Այսօր այն ավելի հեշտ են գտնում»,- ասում է Ծովիկը:
Մարշալի Դավիթը նրա ամուսինն է: Ծովիկը նրա եւ երեք զավակների շնորհիվ է կարողացել այն տարածքը, որը մի ժամանակ ուղղակի աղբավայր էր, դարձնել չրի արտադրամաս, ջերմոց ու գեղեցիկ այգի:
«Երեխաներս ինձ «բիզնեսվումն» դարձրին»,- կատակում է Ծովիկը:
Ծովիկ Օհանյանը «Չրի տան» պատմությունը սկսել է 2015 թվականին՝ փոքրիկ արտադրամասից, որը հետագայում դարձրել է գյուղական կոոպերատիվ:
«Մասնագիտությամբ տեխնիկ-էլեկտրիկ եմ, 1985-1993 թվականներին «Սիրիուս» գործարանում աշխատել եմ որպես տեխնոլոգ: Մութ ու ցուրտ տարիներին ամունուս հետ ինչ գործ ասես արել եմ՝ անասնապահությամբ էլ ենք զբաղվել, որ կարողանանք երեխաներին ուսման տալ: Չրի արտադրամասի բացման հետ սկսեցի նոր հմտություններ ձեռք բերել՝ չրագործություն, այգեգործություն, զբոսաշրջիկներին ընդունելու մշակույթ: Մարդկանց հետ շփվել սովորեցի, լեզու սովորեցի, անգամ՝ հարցազրույց տալ (ծիծաղում է, հեղ.): Առաջին անգամ մի քանի րոպե հարցազրույց տալը մոտ 4 ժամ տեւեց, հուզմունքս այնքան մեծ էր»,- հիշում է նա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Չրի արտադրամաս բացելու գաղափարը Ծովիկի եւ նրա ընտանիքի մոտ ծնվել է գյուղում մրգի մթերման խնդրից:
«Գյուղում փոքրաքանակ չափով միրգ ունեցողները այն մթերելու խնդիր ունեին: Հարակից գյուղերի մեծ տնտեսություններն արտահանում էին միրգը, իսկ մեր գյուղի պես փոքրերը, որոնք ունենում են 200, 100, անգամ 10 կգ միրգ, դժվար էին իրացնում: Մի դույլ մրգի համար էլ էին նույն ծախսն անում հասնում շուկա, մեկ ֆուռի համար էլ: Որոշեցինք սարքել չրի արտադրամաս եւ մթերել մեր եւ հարակից գյուղերի փոքր տնտեսությունների միրգը»,- ասում է նա:
https://www.youtube.com/watch?v=ZjSj3LIvtf0
Ընտանեկան բիզնեսը 2016 թվականին Ծովիկ Օհանյանը դարձրեց «Բյուր-Ակն» անունով գյուղատնտեսական կոոպերատիվ եւ իր շուրջը համախմբեց նաեւ գյուղի այլ կանանց, որոնց հետ շարունակում է մինչեւ հիմա աշխատել:
Ասում է՝ բիզնեսը շարունակելու համար շատ հարմար էր կոոպերատիվ դառնալը. «Անդամները բոլորն էլ մեր գյուղից են: Հավատացին, վստահեցին, միավորվեցիք, ներդրումն արեցինք եւ առաջ շարժվեցինք: Կոոպերատիվում 5 հիմնադիր անդամ ունենք, որոնցից միայն մեկն է տղամարդ: Հետո մեզ միացան նաեւ այլ անդամներ, որոնք կարողանում են նաեւ իրենց այգու միրգն իրացնել մեր արտադրամասում»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Արտադրամասն իր մոդելով նորարարություն է, որտեղ չրի պատրաստման համար օգտագործվում են օբսիդիան քարեր: Դրանք ջերմություն են ապահովում ու նպաստում օդափոխությանը:
«Արտադրամասի նախագծի հեղինակը փոքր աղջիկս է: Չրերը պատրաստում ենք երկու տարբերակով՝ ծծումբային մշակումով եւ բնական՝ տատիկի տարբերակով, սովորական լվացում, մաքրում եւ չորացում, որտեղ ոչ մի այլ մշակում չկա: Չորացման երկու տարբերակ ունենք՝ արեւային եւ էլեկտրական: Հիմնականում վերցնում ենք 1-ից մինչեւ 100 կգ միրգ: Բայց կարեւոր է, որ որակով լինի: Ժողովրդի մեջ ընդունված այսպիսի բան կա՝ «չիր ես սարքում էլի, ինչ միրգ լինի՝ կլինի»: Չէ, լավ որակ ստանալու համար պետք է օգտագործել լավ միրգ»,- պատմում է Ծովիկը:
Ծովիկ Օհանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Դժվարություններ էլ են լինում, եղել է տոննաներով սալոր են փչացրել, բայց չեն հուսահատվել: Ասում է՝ պետք չէ վախենալ ձախողումներից, դրանցից պետք է սովորել։
«Եթե ասես՝ վայ այստեղ շատ ծախսեցի, չստացվեց, չես հասնի ոչ մի արդյունքի: Հաճախ ասում են՝ բիզնեսը լրիվ հաշվարկ է, ես դրա հետ այդքան էլ համաձայն չեմ, եթե ընկնես հաշվարկային շատ մանրունքների հետեւից, չես հասցնի կայանալ: Մեր չրի արտադրման առաջին իսկ օրվանից, երևի, ամեն տարի 300-400 կգ չիր նվեր ենք տալիս, եթե դա վերածենք գումարի, քիչ չի լինի, բայց դա մեզ հետ է գալիս լավ խոսքերի, նոր հաճախորդների ու հյուրերի տեսքով»,- ասում է Ծովիկը:
Չրի արտադրամասին կից հյուրընկալության հատված ունենալու կարիքը արտադրամաս եկող հյուրերն են ձեւավորել:
«Բյուրական եկողները գնում էին Աստղադիտարան, Հերունու կայան, Ամբերդ, Արագած, իսկ երբ հարցնում էին հենց գյուղի ներսում էլ ուր կարող են գնալ, ասում էին՝ մի հատ չրի արտադրամաս է նոր բացվել, գնացեք այնտեղ: Մեկ էլ տեսնում էինք՝ գյուղում մեր տունը հարցնելով գալիս էին: Այդ ժամանակ չրի արտադրամասը դեռ անուն չուներ: Տարբեր խմբեր էին գալիս, տարբեր ազգությունների՝ բա եկել ենք օգտվենք չրերից: Շատ հարմարություններ չունեինք, մի սեղան էինք դնում եւ հյուրասիրություն կազմակերպում: Հետո հասկացանք, որ ընդունելության համար պիտի ստեղծենք պայմաններ: Սարքեցինք առաջին տաղավարը՝ գյուղական ոճի մեջ, հետո սկսեցինք ավելի զարգացնել, ավելի հարմարավետ դարձնել միջավայրը:
Ծովիկ Օհանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
2018 թվականի մայիսի 18-19-ին մեզ մոտ ինֆո-տուր էինք կազմակերպել եւ որոշել, որ մեր տարածքը կունենա Chir’s House անունը: Անունը վերցրել էինք կենաց բառից, բայց այնպես ստացվեց, որ այցելուները անունը դարձրեցին հայերենով «Չրի տուն», ինչը, երեւի, ավելի ճիշտ էր: Հիմա երկու անուն ունենք՝ «Chir’s house/Չրի տուն», ով ինչպես ուզում է, կարող է ասել»,- ասում է նա:
Չրատան տարածքն ընդլայնվելով՝ տարիների ընթացքում աշխարհագրությունը եւս ընդլայնեցին եւ Հայաստանի տարբեր շրջաններից սկսեցին միրգ վերցնել։
«Այդ ընթացքում դիմեցինք հայկական օրգանական ծրագրին եւ մրցույթով շահեցինք օրգանական ելակի ջերմոցի ծրագիրը, որն իրականացնում ենք արդեն 8 տարի: Սկսեցինք նաեւ օրգանական ելակի չիր պատրաստել: Հետագայում դրան գումարվեց նաեւ կախասնկի արտադրությունը: Տարածքում ունենք նաեւ օրգանական ստանդարտներով պահվող մեղուներ: Ամբողջ տարածքը պահում ենք առանց թունաքիմիկատների»:
Ծովիկ Օհանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Չրի տան» արտադրանքը՝ փաթեթավորված չրեր, քաղցր սուջուխ, թեյեր, կախասունկ, ներկայացված է Հայաստանի որոշ սուպերմարկետներում, բայց վաճառքն իրականացնում են նաեւ տեղում եւ առցանց:
Չրատան հիմնադիրն ասում է՝ իրենց տարածքի միայն ելակից են չիր սարքում, մնացած բոլոր մրգերը նախատեսված են միայն հյուրասիրության համար. «Որ սեզոնին ինչ միրգ կա, հյուրերը կարող են օգտվել: «Չրի տանը» բոլորի համար պարտադիր է չրի հյուրասիրությունը, կապ չունի՝ մեկ հոգի է, թե 10 հոգի: Նաեւ «Երազանքի սուջուխ» եմ անպայման հյուրասիրում իմ հյուրերին: Այն տարբեր չրերով պատրաստված սուջուխ է եւ հետաքրքիր համային փունջ ունի: Անունը դրել եմ երազանքներ իրականացնող սուջուխ: Միշտ ասում եմ՝ երազանք պահեք, նոր կծեք: Երբ հարցնում են՝ բայց կիրականանա՞ երազանքը, ասում եմ՝ կարեւորը այն հավատն է, որով դուք մոտենում եք ձեր երազանքին»:
Ամուսինը շատ է օգնում Ծովիկին. «Դավիթ՝ էս բեր, Դավիթ՝ թոնիրը վառի, եթե չօգնի, միգուցե չհասցնեմ, հեշտ գործ չէ: Որ ասում եմ ես՝ ամուսինս կողքս է»:
Ծովիկ Օհանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ծովիկն իր առօրյայում ամենաշատը հյուրերին ընդունելն է սիրում, մարդկային շփումը. «Այստեղ եկող հյուրը եւս կարոտ է այդ շփմանը: Լավ ռեստորաններ շատ կան՝ ավելի լավ սնունդով ու կահավորումով, բայց այստեղ եկողն ուզում է լսել քո պատմությունը, դա է մարդկանց բերում մեզ մոտ: Դժվարություններ շատ են եղել, երբեմն առօրյա հոգսերը շատ են լինում, մտածում էի՝ արդյոք պետք էր այսքան ծանրաբեռնվել, այդքան հոգսի տակ ընկնել, բայց երբ դարպասից հյուրը ներս է մտնում, լրիվ փոխվում եմ: Երբեմն երեխաներս ասում են՝ մաման ինչքան ուզում է անտրամադիր նստած լինի, հենց զանգում ասում են՝ հյուր է եկել, ինքը միանգամից փայլում է եւ վազելով իջնում ներքեւ: Հյուրերին այստեղ ամեն մի ծառի, թփի մասին պատմելիս աչքերս փայլում են»:
Բացի գյուղ եկող զբոսաշրջիկներից՝ Ծովիկը նաեւ հատուկ հյուրեր է ունենում, որոնց ինքն է հրավիրում. «Հրավիրել էի Շենգավիթի եւ Աջափնյակի խնամքի կենտրոնների երգի խմբերը՝ «Գոհարներ» են կոչվում, այնքան օրհնություն ստացա նրանցից: Սա է մեր աշխատանքը: Իսկ մնացածն ինձ թույլ է տալիս առօրյա կենցաղային հոգսերը հոգալու համար: Մեր ժամանակի կին հերոս պարգեւատրմանն եմ արժանացել, տարբեր շնորհակալագրեր եմ ստացել, բայց իմ ամենամեծ գնահատականը դա չի եղել: Մի անգամ մի պարսկահայ տատիկ ունեի հյուր՝ 86 տարեկան, իր թոռնիկների հետ, գնալուց ասաց՝ «աղջիկ ջան, ապրես շատ, ոնց որ իմ հոր տուն եկած լինեի»: Ամեն անգամ սրա մասին խոսելուց հուզվում եմ, սա իմ աշխատանքի ամենամեծ գնահատականն է»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ծովիկ Օհանյանը կանանց խորհուրդ է տալիս գնահատել իրենք իրենց եւ իրենց ուժը. «Բիզնեսը սկսելուց, իհարկե, դժվարություններ լինում են, ինքնավստահությունդ չի հերիքում, հետո հասկանում ես՝ ինչքան ինքնավստահ ես դառնում, գործդ այնքան լավ ես կարողանում անել։ Տարբերում ես առավելությունը թերությունից, գնահատում ես ռիսկերդ ավելի ճիշտ, ամեն վայրկյան մտածում ես, պրպտում, որ կարողանաս բիզնեսդ պահել: Պետք է ճկուն լինել ու գիտակցել, որ երբեք ուշ չէ սովորելու համար, ինչ տարիքում էլ լինես: Եթե մտածես, որ 60 տարեկան ես՝ ուշ է արդեն, անհարմար է, չես հասնի ոչ մի արդյունքի: Ես ամեն օր եմ սովորում»:
Հսոդվածը պատրաստվել եւ հրապարակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի եւ տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի եւ ՄԱԲՀ-ի տեսակետները:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Leave a Reply