Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան

Written by

in

Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կNղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Անկախություն՝ առանց պատրանքների․ 35 տարի առաջ, ընտրողների 99,5%-ը քվեարկեց հանուն ազգային-պետական ինքնիշխանության։

Հետագա տարիներին իհարկե, որպես հասարակությունն ու քաղաքական դաշտ՝ մշտապես բաժանվել ենք ներքին և արտաքին տարատեսակ օրակարգերի միջև։ Սակայն 1991թ. սեպտեմբերին բոլորս միասին ու միակամ էինք:

Ի տարբերություն մերձբալթյան հանրապետությունների և Վրաստանի, որոնք բարձրացրել էին «խորհրդային կայսրության» դեմ պայքարի կարգախոսները, մեզ մոտ զարգանում էին ազգային մղումները: Այն առաջին հերթին դրսևորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայազգի բնակչության իրավունքների համար պայքարով։

Անկախության պահանջն ավելացավ ավելի ուշ փուլում, իսկ մինչ այդ Հայաստանի Հանրապետության անկախության հիմքում ընկած էր արցախյան շարժումը:

Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի՝ մեր նորանկախ երկիրը չհանդիսացավ 1918-20թթ. առաջին հանրապետության իրավաքաղաքական շարունակողը, այլ Հայկական ԽՍՀ-ն ներառեց իր ազգային պատմական նարատիվի մեջ։

1988-90թթ. ՀԽՍՀ-ն արթնացավ, վերածնվեց «Միացումի» գաղափարով՝ ինչն ամրագրված է 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում։

Պարադոքսն այն է, որ այսօր «արցախյան գաղափարը» ոչ թե Ադրբեջանում, այլ հենց Հայաստանում է արգելված թեմա: Ազգային գաղափարը, որը ավտորիտար համակարգից հայ ժողովրդին բերել է բաղձալի անկախության՝ այսօրվա ազատ, ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանում արգելված թեմա է:

Աբսուրդ է, բայց այն ճանաչվել է «վնասակար և հակապետական»։ Դա գործող ռեժիմի աղետաբեր պարտության և «պատժել հանուն խաղաղության» (punishment for peace) ձևաչափով՝ կեղծ պատրանքներ սփռելու, մարդկանց վախեցնելով կառավարելու գինն է։

Համեմատություններն իհարկե պայմանական են, բայց եկեք մի պահ պատկերացնենք՝

  • մերձբալթյան երկրները հանկարծ հրաժարվեն «1940 թվականի օկուպացիայի» հետևանքների դեմ պայքարից,
  • Ուկրաինան և Վրաստանը հրաժարվեն «տարածքային ամբողջականության» վերականգնումից;
  • Ադրբեջանը հրաժարվի «մեկ ազգ՝ երկու պետություն» գաղափարից;
  • Մոլդովայի կառավարությունն արգելեր «Մեծ Ունիրի» գաղափարը՝ այն համարելով հակապետական;
  • Ռուսաստանը հրաժարվեր ԽՍՀՄ իրավահաջորդությունից;
  • Հունգարիան մոռացության մատներ Տրանսելվանիան և այլն:

Պատկերացրի՞ք։ Այդ դեպքում դժվար չէ պատկերացնել նաև Հայաստանի ինքնիշխան Հանրապետության մշուշոտ ապագան՝ «ապարցախացման» պարագայում։

Այսօր՝ 35 տարի անց, Հայաստանը կրկին կանգնած է «խաչմերուկում»։ Ինչպես 1991թ., այժմ էլ պարզ է, որ վերադարձը դեպի հաղթական ու հերոսական անցյալ հնարավոր չէ, իսկ ապագան իր մեջ բազմաթիվ ռիսկեր, վտանգներ և անկանխատեսելիություն է պարունակում: Սակայն առաջ գնալ, այնուամենայնիվ պետք է:

Այստեղ առանցքային հարցն այն է՝ ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից, չափազանցված սպասումներից, և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կողոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը»,- նշել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *