Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան |

Written by

in

Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև ջանքեր են գործադրում Կովկասում և Սև ծովում լարվածության սրման ռիսկերը նվազեցնելու համար: TRT Haber-ի փոխանցմամբ՝ այդ մասին Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: 

Ելույթ ունենալով «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100-ամյակի շեմին» պանելային քննարկմանը՝ Հաքան Ֆիդանն ընդգծել է Անկարայի և Վաշինգտոնի համագործակցության կարևորությունը գլոբալ խաղաղության և կայունության պահպանման համար: Նա հավելել է, որ երկու երկրների գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման և խաղաղության պահպանման համար:

Ֆիդանը նաև նշել է, որ Սևծովյան տարածաշրջանը չպետք է վերածվի խնդիրների աղբյուրի, այլ պետք է դառնա միջազգային համագործակցության հարթակ:

Ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում Ֆիդանը նշել է, որ Անկարան շարունակում է ակտիվորեն կապեր պահպանել ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ, աջակցում է երկխոսությանը և դիվանագիտությանը:

Թուրք դիվանագետի խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին անհրաժեշտ է արդյունավետ գործընկերության կառուցում գլոբալ տերությունների և տարածաշրջանային առաջատար դերակատարների միջև:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս ունի, որ իր հարաբերություններն ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ կնպաստեն տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *