Հարցազրույց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, գլխավոր տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ։
– Պարոն Լպուտյան, նախ կուզենայինք ամփոփել հենց նոր ավարտված դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները։ Վաղուց Կապանում նման մրցաշար չէր կազմակերպվել։
– Ինչ խոսք, եզրափակիչ փուլն անցել է շատ լարված, և ուրախ եմ, որ վերջին տարիներին Երևանի շախմատիստները ընդգծված առավելություն չունեն մարզերի շախմատիստների նկատմամբ։ Մարզերից շատ դպրոցներ կարողանում են արժանի պայքար մղել։ Այս մրցաշարում, օրինակ, Արարատի մարզի Այնթապի դպրոցը երրորդ տեղը գրավեց՝ իր առջևում թողնելով Երևանի թիվ Երևանի թիվ 77 դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմերին։ Այս երեք թիմը ամսվա վերջին կմասնակցեն դպրոցականների շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը, որը կանցկացվի Ծաղկաձորում։ 30 երկրի շախմատիստներ կնստեն խաղատախտակի շուրջ՝ պարզելու, թե ով է ուժեղագույնը։ Հուսանք, որ մեր այս երեք թիմը կպայքարեն մրցաշարային աղյուսակի բարձր տեղերի համար։
– Երկու տասնամյակից ավելի է, ինչ շախմատը, որպես առարկա, դասավանդվում է հանրակրթական դպրոցներում։ Կուզենայինք ներկայացնել դրա գործնական արդյունքները։
– Կարծում եմ՝ շախմատը կրթական համակարգում պահանջված մարզաձև է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Հինգ տարի առաջ եվրոպական կառույցներից մեկի կողմից հետազոտություն անցկացվեց, թե քանի երկիր է ցանկանում, որ շախմատն ընդգրկվի իրենց դպրոցների ծրագրում։ Այդ երկրների թիվն անցավ 150-ից։ Ասելս այն է, որ հասարակության գիտակցության մեջ նաև արմատավորվել է այն գաղափարը, որ շախմատը երեխայի համար շատ կարևոր է նրա մտածելակերպի, ստեղծագործական հնարավորությունների, վերլուծական մտքի զարգացման համար։ Այս առումով Հայաստանը լավագույններից է աշխարհում, եթե ոչ՝ լավագույնը, որովհետև մեր երկիրը միակն է, որ ունի շախմատի գիտահետազոտական ինստիտուտ՝ Հայաստանի գիտության պետական կոմիտեի ենթակայությամբ։ Այնպես որ այսօր Հայաստանը շատ կարևոր դեր ունի աշխարհում շախմատի ոլորտում գործընթացն ակտիվացնելու գործում։
– Հայաստանը շախմատային ավանդույթներ ունեցող երկիր է, աշխարհի չեմպիոն ենք ունեցել՝ Տիգրան Պետրոսյան, արդեն անկախացած Հայաստանում մեր շախմատի հավաքականը աշխարհի և Եվրոպայի թիմային չեմպիոն է դարձել։ Արդյո՞ք ունենք մեր մեծերին արժանի հետնորդներ։
– Միանգամից ասեմ՝ մենք մեծ երկիր չենք, մարդկային այդքան ռեսուրս չունենք։ Երբ պայքարում ենք հարյուր միլիոն և ավելի բնակիչ ունեցող երկրի դեմ, դա բավականին բարդ է։ Բայց ամեն դեպքում մեր դիրքերը փորձում ենք պահպանել։ Ունենք գրոսմայստերներ, ովքեր եղանակ են ստեղծում միջազգային մրցաշարերում։ Իհարկե, տաղանդներ ծնվում են տարին մեկ-երկուսը, որոնք դառնում են համաշխարհային մեծության աստղեր։ Ունենք տաղանդավոր երիտասարդներ, ավելի ստույգ՝ ունենք երկու պատանի, որոնք հնարավոր է՝ լավ ընթացքի դեպքում դառնան առաջատար գրոսմայստերներ։ Մեկը Տիգրան Համբարձումյանն է, մյուսը Մոսկվայից է՝ Սերգեյ Սկլոկին-Բաղիյանը։ Մայրը հայ է, հայրը՝ հրեա, ինչպես Գարի Կասպարովի պարագայում։ Ամեն դեպքում, այդ երկուսը շնորհալի են, տակավին 14 տարեկան, ովքեր արդեն իրենց լավագույն կողմերով են դրսևորում։
– Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելուց և այդ երկրի դրոշի տակ հանդես գալուց հետո Հայաստանի շախմատի հավաքականը զրկվեց իր ընդգծված առաջատարից։ Երբ տվյալ երկրի թիմը խաղում է շախմատի համաշխարհային օլիմպիադայում կամ Եվրոպայի առաջնությունում, առանց ընդգծված առաջատարի, դժվար է հաջողություն ակնկալել։
– Միանշանակ, շատ կարևոր է, թե ով է թիմի առաջատարը։ Լևոն Արոնյանից հետո առաջատարը Գաբրիել Սարգսյանն էր։ Բայց քանի որ այժմ առաջատարը որոշվում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակով, թե ով որ խաղատախտակի առջև հանդես պիտի գա, այն փոփոխվում է։ Այժմ Հայկ Մարտիրոսյանն է՝ ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշի, մի քանի ամիս առաջ Շանթ Սարգսյանն էր։ ՖԻԴԵ-ի վարկանիշով այս երկու գրոսմայստերները իրար մոտ են, ուստի առաջատար լինելը անցնում է մեկը մյուսին։ Բնականաբար, այսօր լիարժեք առաջատար չունենք։ Դա ինչ-որ տեղ բացասաբար է անդրադառնում, քանզի ինչ-որ մեկը պիտի թիմի առաջատարը լինի։ Այս պահին Ձեր նշած ընդգծված առաջատարը չունենք։
– Առաջիկայում ի՞նչ է սպասվում մեր շախմատիստներին, ի՞նչ կարևորագույն մրցաշարեր կան։
– Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան է սկսվում Սամարղանդում սեպտեմբերի 15-ից 27-ը (հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 12-ին, Վ․ Օ․)։ Հայաստանի տղամարդկանց հավաքականում ընդգրկվել են Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։ Կանանց թիմի կազմը ևս ներկայացուցչական է՝ բազմափորձ Էլինա Դանիելյանի գլխավորությամբ
– Պարոն Լպուտյան, հարցերի հարց է՝ Հայաստանը ե՞րբ կունենա շախմատի թագի համար պայքարող հավակնորդ։ Օրինակ՝ Ուզբեկստանը, որ նախկինում շախմատային երկիր չէր համարվում, այժմ ունի գրոսմայստերներ, ովքեր լուրջ հավակնություններ են դրսևորում։ Այդ երկրի ներկայացուցիչ Ջավոխիր Սինդարովը առաջիկա նոյեմբերին աշխարհի չեմպիոնի կոչման պայքարում ձեռնոց կնետի գործող չեմպիոն հնդիկ Դոմառաջու Գուկեշին։
– Նախ պիտի ունենանք այդ տաղանդավորը, ով կես միլիարդ մարդկանց մեջ պիտի դառնա առաջինը։ Դա այդքան հեշտ բան չէ։ Ուզբեկստանը 30 մլն բնակչություն ունի, մենք՝ 3 միլիոն։ Քանակը նույնպես մեծ նշանակություն ունի, այսպես ասեմ՝ քանակը որակ է ստեղծում։
– Ի՞նչ վիճակ է շախմատի առումով Սյունիքում։ Հեռանկարային շախմատիստներ տեսնո՞ւմ եք։
– Սյունիքում շախմատը զարգանում է, շախմատի Սյունիքի ֆեդերացիայի նախագահ Արտուր Խոջաբաղյանը դրական աշխատանք է կատարում, կարողանում է ճիշտ կառուցել գործընթացները։ Տեսնում եմ՝ մրցավարներ և մարզիչներ են վերապատրաստվում շախմատի լուրջ մրցաշար է անցկացվել Գորիսում, հաջորդը կլինի Կապանը։ Կապանցի Ալեքս Սահակյանը ՖԻԴԵ-ի վարպետ է, կարծում եմ՝ գրոսմայստեր էլ կունենանք մոտ ժամանակներս, որը պատվաբեր կլինի մարզի համար և ուղենիշ՝ պատանի շախմատիստների համար։
– Շախմատը մեծ ծախսեր պահանջող մրցաձև չէ, բայց, այնուամենայնիվ, մրցումներ են կազմակերպվում, մրցանակակիրներին պարգևատրել է պետք, նրանց մարզիչների գիշերակացի, սննդի կազմակերպում և այլն։ Այդ ամենին պետական հոգածություն է անհրաժեշտ, վերաբերմունք, նաև հովանավորներ։ Այս ամենը կա՞, թե՞ չկա։
– Իհարկե կա, բայց ավելի քիչ, քան նախկինում։ Օրինակ, դպրոցականների օլիմպիադայի այս մրցաշարն իրականացվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր հովանավորությամբ։ Արդեն քսան տարի է այդ կազմակերպությունն օլիմպիադայի կողքին է։ Նաև ցանկանում եմ մի հետաքրքիր փաստ հայտնել։
Երկու տարի առաջ ՖԻԴԵ-ի 100-ամյակն էր։ Պարգևատրումներ եղան մի քանի անվանակարգերում՝ «100 տարվա լավագույն թիմ», «Լավագույն շախմատային գործիչ», «Լավագույն շախմատիստ» և այլն։ Հայաստանին շնորհվեց «100 տարվա լավագույն թիմ» տիտղոսը։ Բայց մենք դա ձեռք բերեցինք 32 տարվա կտրվածքով, այսինքն՝ այդքան տարի առաջ Հայաստանը ձեռք բերեց անկախություն։ Դա ֆանտաստիկ ցուցանիշ է, որը մեր սպորտային կյանքում երկար ժամանակ կլինի միակը։ Ցավում եմ, որ այդ մասին քիչ խոսվեց, հայ հասարակության մեծ մասը անտեղյակ եղավ այդ ամենից։
– Ի՞նչ կավելացնեիք ասվածին՝ որպես մեր զրույցին վերջաբան։
– Կուզենայի, որ շախմատը շատ կարևորվի մեր հասարակության կողմից։ Շախմատը պիտի տարածում ստանա Հայաստանի մարզերում, ինչին հասնելու համար քննարկումների մեջ ենք, փորձում ենք գալիք տարիներին Կապանում անցկացնել միջազգային մրցաշար, որը շախմատի առումով Կապանը ճանաչելի կդարձնի, և շատ օգտակար կլինի մարզի ընդհանուր զարգացման առումով։ Դա նաև մի ճանապարհ է, որով շախմատը հասանելի կլինի տաղանդավոր երեխաներին։
Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի
Leave a Reply