Վահե Հովհաննիսյանն ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները և բարեփոխումների ընթացքը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Նովտան։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները, հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի (SBA) իրականացման ընթացքը, ինչպես նաև ԱՄՀ-ի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցությունն ու հետագա համագործակցության ուղղությունները։
Անդրադառնալով տնտեսական զարգացումներին՝ նշվել է, որ, չնայած արտաքին տնտեսական միջավայրի մարտահրավերներին, Հայաստանի տնտեսությունը շարունակում է պահպանել աճի կայուն տեմպեր։ Քննարկվել են նաև մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Դիմակայունության ֆինանսավորման գործիքի (RSF) հնարավոր կիրառման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և SBA ծրագրի շրջանակում կառուցվածքային հենանիշների առաջընթացին։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՀ-ի միջև շարունակական և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը մակրոտնտեսական կայունության պահպանման, բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից։
Leave a Reply