1976 թվականի սեպտեմբերի 16-ին ստորջրյա լողի աշխարհի 11-անգամյա ռեկորդակիր Շավարշ Կարապետյանը անհավանական սխրանք գործեց՝ Երեւանյան լիճ ընկած տրոլեյբուսից փրկելով 20 մարդու:
Սխրանքի 50-ամյակի առիթով ՏԱՍՍ-ը հարցազրույց է վերցրել Շավարշ Կարապետյանից, որը ներկայացնում ենք թարգմանաբար:
– Շավարշ Վլադիմիրովիչ, ինչպե՞ս էին ձեզ դաստիարակել ծնողները, որ մի օր այդքան մարդկանց պահապան հրեշտակը դարձաք։
– Ես ընտանիքում ավագ զավակն եմ։ Մենք երեք եղբայր էինք, բոլորս շատ ակտիվ էինք, բայց ես՝ հատկապես։ Շատ էի սիրում տարբեր տեղեր մագլցել, ցատկել, ճարպիկություն անել եւ պարզ էր, որ այդպիսի տղան պետք է սպորտով զբաղվի։
– Ինչու՞ հենց ստորջրյա լողն ընտրեցիք։
– Շատ պատահաբար։ Ինձ համար հերոս էր մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը եւ շատ էի ուզում նմանվել նրան։ Սկսեցի զբաղվել մարմնամարզությամբ, բայց որոշ ժամանակ անց մարզիչն ասաց, որ այդ մարզազաձեում ապագա չունեմ եւ ավելի լավ է լողով զբաղվեմ։
Հետո էլ լողի մարզիչն ասաց, որ այս մարզազաձեում էլ ոչինչ չի ստացվի։ Հայրս վիճեց մարզչի հետ, եւ այդպես անցում կատարեցի դեպի ստորջրյա լող։
– 23 տարեկանում արդեն աշխարհի ռեկորդակիր էիք, ԽՍՀՄ, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն։ Ի՞նչն էր ձեզ համար ամենակարեւորը՝ ռեկորդնե՞րը, մեդալնե՞րը։
– Հայաստանցի 23-ամյա տղայի համար, իհարկե, պատիվ էր առաջինը լինել ԽՍՀՄ եւ Եվրոպայի երկրների մեջ։ Ինչ-որ պահի նույնիսկ մտածում էի, որ այնքան էլ հետաքրքիր չէ, երբ քեզ հավասարը գրեթե չկա։
– Բայց չէ՞ որ ձեր կարիերան հեշտ չէր զարգանում. ինտրիգներ, հավաքականի հետ արտասահմանյան ելույթներին չմասնակցելը։
– Միթե՞ սպորտը լինում է առանց ինտրիգների։ Այն օրը, երբ տեղի ունեցավ Երեւանյան լճի դժբախտությունը, պետք է Գերմանիայում Եվրոպայի առաջնությանը մասնակցեի։ Բայց ճակատագիրն այլ կերպ դասավորվեց:
– Իսկ ճի՞շտ է, որ հետո ջուրն այլեւս չէիք սիրում։
– Այո, ջուրն ինձ համար տհաճ դարձավ։
– Դեպքից հետո գրեթե անմիջապես ցատկեցիք ջուրը։ Չէ՞իք մտածել, թե դա որքան վտանգավոր է հենց ձեզ համար։
– Մտածելու ժամանակ չկար: Ես այն ժամանակ վտանգ չէի զգում, որովհետեւ սուզորդ էի եւ հասկանում էի ռիսկի աստիճանը եւ իմ հնարավորությունները։
– Ինչպե՞ս կարողացաք այդ պայմաններում կենտրոնացված մնալ։ Թե՞ «ավտոմատ կերպով» էիք գործում։
– Մարմինն աշխատում էր ավտոմատ կերպով, տեսանելիությունը զրո էր, ուստի ես լողում էի միայն շոշափելով։
– Դուք ասել եք, որ երկար էիք հիշում էիք տրոլեյբուսի նստարանը, որը դուրս էիք հանել վերեւ՝ շփոթելով այն մարդու հետ:
– Այո, դա շատ ողբերգական պատմություն է։ Գիտակցումը, որ կարող էի մեկ կյանք ավել փրկել, ինձ երկար հանգիստ չէր տալիս։
– Ասում են, որ երբ տեղեկացաք, թե քանի մարդ եք փրկել, բնավ չուրախացաք:
– Իհարկե, որովհետեւ ես ավելի շատ մարդկացն էի ջրից հանել, բայց ոչ բոլորը ողջ մնացին։ Իս ես այնքա՛ն էի ուզում փրկել բոլորին։
– Ինչու՞ ձեր սխրանքի մասին տեղեկատվությունը ավելի ուշ հասանելի դարձավ։
– Խորհրդային ժամանակաշրջան էր։ Մեծ հաշվով, ոչ ոք դա հերոսություն չէր համարում, դա յուրաքանչյուր մարդու պարտքն էր, ով վստահ է իր ուժերում։
Կարծում եմ, եթե անցորդները սուզվել իմանային, նրանք էլ կնետվեին մարդկանց փրկելու։
– Սխրանքից հետո Դուք հայտնվեցիք հիվանդանոցում՝ առողջության համար ծանր հետեւանքներով։ Ե՞րբ հասկացաք, որ կարող է անհնար լինի վերադառնալ նախկին կյանքին։
– Երբ բժիշկներն ասացին, որ այլեևս չեմ կարողանա լողալ եւ սուզվել, ես ինձ համար այլ նպատակ սահմանեցի՝ գերազանցել ռեկորդը։ Ստորջրյա լողով զբաղվելն ինձ համար արդեն շատ դժվար էր, ոչ ոք չէր հավատում, որ կկարողանամ մեծ սպորտ վերադառնալ։
Բայց ոչ միայն վերադարձա, այլեւ գերազանցեցի աշխարհի ռեկորդը եւ մեծ սպորտից հեռացա հաղթողի կարգավիճակով։
– Որտեղի՞ց ուժ գտաք նորից մարզվելու համար։
– Կամքի ուժի եւ պահապան հրեշտակներիս շնորհիվ։
– Դուք միշտ հանգիստ եք վերաբերվել «հերոս» բառին։ Այսօր այդ բառն ի՞նչ է նշանակում ձեզ համար։
– «Հերոսը» պարզապես բառ է, պետք չէ դրա մեջ հատուկ իմաստ դնել։ Ես կատարում էի պարտքս՝ որպես մարդ եւ որպես մարզիկ։
– Ինչպե՞ս պատահեց, որ զբաղվեցիք կոշիկի բիզնեսով։
– Դա կյանքի որոշակի փուլ էր, երբ տեղափոխվեցի Մոսկվա։ Հիմա ես Բաշկիրիայի կառավարությունում եմ աշխատում՝ սպորտի հարցերով խորհրդական եմ։
– Հիմնադրամ ունեիք, որն օգնում էր երեխաներին եւ նախկին մարզիկներին։
– Մենք շատ ենք աշխատել, շատ բան ենք արել մարզիկների ու երեխաների համար, բայց ամբողջ ուժով դրանով զբաղվել դեռ չեմ կարողանում, միգուցե՝ երբ թոշակի անցնեմ։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply