Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 16-ին ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից զենքի մատակարարումների դիվերսիֆիկացմանը, հայտարարել է․
«Երբ ժամանակին մենք ձեռք էինք բերում, էդ ձեր ասած անինքնիշխանության ժամանակ Ռուսաստանից զենքեր՝ ամբողջ Ադրբեջանը վայնասուն էր բարձրացնում, որ Հայաստանը զինվում է։ Հիմա երբ ասում եք դիվերսիֆիկացրել ենք, ամբողջ աշխարհից տարբեր զինատեսակներ ենք ձեռք բերում, Ադրբեջանն ու Թուրքիան հանգիստ վեր են ընկել տեղերը, ծպտուն չեն հանում»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կողմից տարբեր երկրներից սպառազինության ձեռքբերումներին Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքները։
Հնդկաստանից զենքի մատակարարումները
Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո ընդլայնում է Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այս գործընթացը մի քանի անգամ արժանացել է Ադրբեջանի հրապարակային դժգոհությանը։
2023 թվականի հուլիսի 26-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հետ և այդ հանդիպման ընթացքում Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման, մասնավորապես՝ հնդկական արտադրության սպառազինությունը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ։
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանին «մահաբեր զենքի» մատակարարումը, Բաքվի գնահատմամբ, նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Ավելին՝ Հաջիևը Հնդկաստանի դեսպանին խնդրել է Ադրբեջանի «լուրջ մտահոգությունը» փոխանցել պաշտոնական Նյու Դելիին և վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը։
Սա Հայաստանի սպառազինման վերաբերյալ Ադրբեջանի դժգոհ արձագանքի միակ դեպքը չէր։ 2023 թվականի մայիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Ադրբեջանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հավատարմագրերը, անդրադարձել էր նաև Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերմանը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ դեսպանի հետ զրույցում Ալիևը պնդել էր, որ Հայաստանում ակտիվանում են «ռևանշիստական ուժերը» և շարունակվում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Այս համատեքստում նա Հայաստանի սպառազինումը ներկայացրել էր որպես տարածաշրջանի համար նոր սպառնալիք։
«Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում»,- հայտարարել էր Ալիևը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը, իր գնահատմամբ, կարող է նոր սպառնալիքներ առաջացնել տարածաշրջանում։
Հատկանշական է, որ այս հայտարարությունն Ալիևն արել էր հենց Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ։ Այդ շրջանում Հնդկաստանն արդեն դարձել էր Հայաստանի սպառազինության նոր մատակարարներից մեկը։
Ֆրանսիական զենքը և Ադրբեջանի արձագանքները
Ֆրանսիայի և Հայաստանի միջև զարգացող ռազմատեխնիկական համագործակցության մասով ևս Ադրբեջանը դժգոհ է եղել։ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ Երևանում արած հայտարարություններին, առանձին անդրադարձել էր նաև Հայաստանին զենք մատակարարելու հարցին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին ամեն կերպ զինելու քաղաքականությունը «անընդունելի» է։ Մեկ ամիս անց արձագանքը ավելի կոնկրետ էր։
2023 թվականի նոյեմբերի 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ «խստորեն դատապարտել է» Ֆրանսիայի կողմից Հայաստանին Bastion տեսակի զրահամեքենաների մատակարարումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, որ դրանց մատակարարումն ուժեղացնում է Հայաստանի ռազմական կարողությունները և կոչ է արել ոչ միայն Ֆրանսիային, այլև միջազգային հանրությանը ձեռնպահ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց։
Հետևաբար, Ֆրանսիայից Հայաստան սպառազինության մատակարարումը ոչ միայն չի մնացել առանց Ադրբեջանի արձագանքի, այլ դարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի առանձին պաշտոնական հայտարարության թեմա։
«Caesar»-ները և Հայաստանի ռազմականացման մասին պնդումները
Ֆրանսիայի հետ Հայաստանի ռազմական համագործակցության խորացմանը զուգահեռ Բաքուն շարունակել է հրապարակային քննադատությունները նաև 2024 թվականին։
2024 թվականի մարտի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը, հայտարարել էր, որ մտահոգված է Հայաստանի «ռազմականացմանն» ուղղված՝ Ֆրանսիայի գլխավորած քաղաքականությամբ և նոր՝ այդ թվում «մահաբեր և հարձակողական» սպառազինության մատակարարման խոստումներով։
Ի՞նչ է ֆրանսիական CAESAR հրետանային համակարգը, որ Ադրբեջանում կրքեր է բորբոքել
Նույն հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել էր նաև Հունաստանի կողմից Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին հայտարարություններին։
Ադրբեջանը շարունակել է արձագանքել նաև այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ֆրանսիական Caesar ինքնագնաց հրետանային համակարգերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցության մասին։
2024 թվականի հուլիսի 22-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն, այս անգամ արձագանքելով Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու որոշմանը, հիշեցրել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին Bastion զրահամեքենաներով և Caesar ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու մասին։
Բաքուն ԵՄ որոշումը որակել է «սխալ ու վտանգավոր քայլ» և պաշտոնապես հայտարարել, որ «խստորեն առարկում է» ԵՄ խորհրդի՝ Հայաստանին այդ ռազմական օգնությունը տրամադրելու որոշմանը ։
Ադրբեջանը թեմային անդրադարձել է նաև ավելի ուշ
Հայաստանի սպառազինման վերաբերյալ Ադրբեջանի հրապարակային դժգոհությունները չեն սահմանափակվել 2023-2024 թվականներով։ Օրինակ՝ 2026 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննադատել է Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանական համագործակցության ընդլայնումն ու Հայաստանին զենքի տրամադրումը՝ պնդելով, որ դա չի նպաստում խաղաղությանը։
Թուրքիան ևս արձագանքել է
Հայկ Ֆարմանյանի պնդումը խնդրահարույց է նաև Թուրքիայի մասով։ Թուրքիայից ևս եղել է Հայաստանի կողմից նոր սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հրապարակային արձագանք։
Մասնավորապես, 2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ Ֆրանսիայից Հայաստան Bastion տեսակի զրահամեքենաների մատակարարման մասին։ Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հենց այդ մատակարարումներին։
Էրդողանը Ֆրանսիայի քայլը որակեց «սադրանք»՝ հայտարարելով, որ Փարիզը դրանով ոչ թե օգնում, այլ վնասում է Հայաստանին։
«Սա սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ դրանով Հայաստանին լավություն չի անում, այլ վնասում է»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը։ Նա նաև պնդել էր, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելն է, իսկ Հայաստանին զենք տրամադրող երկրները դժվար պահին նրան միայնակ են թողնելու։
Այսպիսով, բաց աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ֆարմանյանի պնդումը, թե Հայաստանի կողմից սպառազինության մատակարարների դիվերսիֆիկացումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան «ծպտուն չեն հանում», չի համապատասխանում փաստերին։
2023-2026 թվականներին Ադրբեջանը բազմիցս և տարբեր մակարդակներով հրապարակային դժգոհություն է հայտնել Հայաստանի սպառազինման վերաբերյալ՝ արձագանքելով մասնավորապես Հնդկաստանից և Ֆրանսիայից զենքի մատակարարումներին, ինչպես նաև եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու որոշմանը։
Հայաստանի սպառազինության փաստին բարձր մակարդակով արձագանքել է նաև Թուրքիան՝ մատակարարումները որակելով սադրանք։
Արեն Նահապետյան
Leave a Reply