ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում

Written by

in

Այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է նախատեսված։

Նիստի հիմնական օրակարգային հարցերից մեկը Սյունիքի մարզում սպասվող ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ի թեկնածուների վերջնական հաստատումն է։ Մասնավորապես, պետք է հստակեցվի, թե ովքեր են գլխավորելու ՔՊ-ի ցուցակները Գորիսում, Կապանում և Մեղրիում։

Գորիսի դեպքում իշխանությունը որոշել է ընտրական ցուցակը գլխավորել գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի անունով, սակայն ՔՊ-ն նախատեսում է ունենալ նաև իր թեկնածուներին։ Կապանում, ըստ մեր տեղեկությունների, ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Բաբայանը։

Մեղրիի հարցում, սակայն, իրավիճակը շարունակում է քննարկումների առարկա մնալ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իշխանությունը դիտարկում էր գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը, բայց նա այժմ կալանքի տակ է: Այժմ քննարկվել և որոշվել է նրան փոխարինել և ՔՊ-ի կողմից առաջադրել Սերգեյ Գրիգորյանին:

Այսօր նախատեսված նիստում հենց այս երեք համայնքների թեկնածուների հարցը պետք է վերջնականապես հաստատվի։

Օրակարգը, սակայն, միայն Սյունիքով չի սահմանափակվելու։ ՔՊ վարչությունում քննարկվելու է նաև Կոտայքի մարզպետի նշանակման հարցը, ինչպես նաև տարբեր համայնքներում թեկնածուների առաջադրման շուրջ առաջացած ներքին տարաձայնություններն ու դիմադրությունները։

Այսպիսով, Փաշինյանի գլխավորությամբ սպասվող այսօրվա նիստը կարող է առանցքային լինել ինչպես Սյունիքի, այնպես էլ առաջիկա ՏԻՄ ընտրությունների ամբողջական իշխանական դասավորության համար։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts