Գոհար Սանդոյանը՝ իր հասցեին տարածված տեղեկությունների մասին․ «Իմ լռությունը երբեք չպետք է ընկալվի որպես պատասխանելու անկարողություն»

Written by

in

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԻՄ ՄԱՍԻՆ ՏԱՐԱԾՎԱԾ ԿԵՂԾ

Ու ԱՆՀԻՄՆ ՆՅՈւԹԻ…

 

Ես՝ Գոհար Սանդոյանս, որպես «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, չեմ կարող անարձագանք թողնել իմ անձի վերաբերյալ տարածված՝ իրականությանը չհամապատասխանող, կեղծ և անհիմն տեղեկությունները։ Լռությունը երբեմն կարող է ընկալվել որպես համաձայնություն կամ անզորություն, մինչդեռ ես երբեք չեմ լռի, երբ ոտնահարվում են իմ պատիվը, արժանապատվությունն ու տարիների ազնիվ աշխատանքը։

Նժդեհն ասում է․ «Հայի տականքն անգերազանցելի է»։ Ցավոք, որոշ մարդկանց վարքագիծն ու գործելակերպը կրկին ստիպում են հիշել այս դառը բնորոշումը։ Ինձ համար ՀԱՅԸ Հովհաննես Թումանյանն է, Կոմիտասը, Մոնթեն, Պարյուր Սևակը, հայրենիքի համար նահատակված և այսօր էլ սահմաններն անքուն հսկող զինվորները, իր հողամասում ազնվորեն աշխատող հողագործն ու իր հոտը հանդ տանող հովիվը։ ՀԱՅԸ ազնվության, արժանապատվության, աշխատասիրության և հայրենասիրության մարմնավորումն է։ Իսկ սուտ մատնությունն ու ուրիշի անվան հետևում թաքնվելը որևէ կապ չունեն այդ արժեքների հետ։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այս ամենի իրական շարժառիթը ոչ թե «ճշմարտությունը» բացահայտելու ցանկությունն է, այլ հերթական աթոռակռիվը՝ պաշտոնի, դիրքի և անձնական շահի համար։ Խորհուրդ չէի տա ուրիշի անվանը ցեխ շպրտելով, նրա տարիների ազնիվ աշխատանքը նսեմացնելով և կեղծ տեղեկություններ տարածելով փորձել հասնել պաշտոնի։ Նման ճանապարհով ձեռք բերված պաշտոնը երբեք չի կարող ապահովել իրական հարգանք ու հեղինակություն։

Առավել մտահոգիչ է, երբ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձն իր առջև հստակ նպատակ կամ դիտավորություն ունենալով՝ չի կարողանում այն հիմնավորել ո՛չ մասնագիտական փաստարկներով, ո՛չ էլ իրավական հիմքերով, իսկ երբ չի հաջողվում դիմացինին մոլորեցնել, սկսում է փնտրել այլ ճանապարհներ։ Ղեկավար պաշտոնը պատասխանատվություն է, ոչ թե սեփական դիտավորություններն ու հավակնություններն ուրիշների հաշվին իրականացնելու իրավունք։

Մարդու պատիվն ու արժանապատվությունն ամեն ինչից վեր են՝ պաշտոնից, աթոռից և նյութական շահից։ Գուցե ձեզ համար այս արժեքները խորթ են, քանի որ ամեն ինչի մեջ սովոր եք շահ փնտրել, սակայն մարդու հարգանքն ու պատիվը փողով չեն գնում, դրանք վաստակում են տարիների ազնիվ աշխատանքով, սկզբունքայնությամբ և մարդկային վերաբերմունքով։ Պաշտոնը ժամանակավոր է, իսկ մարդու անունն ու արժանապատվությունը՝ մնայուն։

Ես չգիտեմ՝ արդյո՞ք մատնագիր գրելու հակումը և տգիտությունը կարող են գենետիկորեն փոխանցվել, սակայն այս դեպքն առիթ է տալիս խորհելու արժեհամակարգի և դաստիարակության մասին։

Իմ մտահոգությունը բնավ իմ անձը չէ, քանի որ ինձ և իմ ընտանիքին շատ լավ են ճանաչում։ Իմ մտահոգությունը այն դպրոցն է, որը տասնմեկ տարի ղեկավարել եմ նվիրումով, պատասխանատվությամբ և անմնացորդ աշխատանքով։ Դպրոց, որը տարիներ շարունակ աչքի է ընկել հեղինակավոր բուհեր ընդունվող շրջանավարտների թվով և տարածաշրջանում արժանի հեղինակություն վայելել։ Այդ հաջողությունների հիմքում ոչ միայն աշակերտների գիտելիքներն էին, այլև դպրոցում ձևավորված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը։ Դպրոցը միայն կրթական հաստատություն չէ․ այն միջավայր է, որտեղ ձևավորվում են սերունդների արժեքները։

Հստակեցնում եմ, որ դպրոցից հեռացել եմ սեփական դիմումիս համաձայն՝ այլ աշխատանքի առաջարկ ստանալու կապակցությամբ։ Իմ հեռանալը որևէ պարտադրանքի հետևանք չի եղել։ Դպրոցի մանկավարժական կոլեկտիվն ինձ ճանապարհել է մեծարանքով, հարգանքով և ափսոսանքով։ Այս մասին կարող են վկայել ինձ հետ տարիներ շարունակ աշխատած մարդիկ։ Կրթության ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնելը պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև լայն աշխարհայացք, պատասխանատվություն և բարոյական նկարագիր։ Պաշտոնը մարդուն մեծություն չի տալիս, մարդն է իր վարքով ու գործով պատիվ բերում պաշտոնին։

Մի՛ թաքնվեք ուրիշների անվան հետևում, մի՛ փորձեք անանուն հրապարակումներով ու կեղծ տեղեկություններով արատավորել իմ անունն ու տարիների աշխատանքը։ Սակայն, հավանաբար լավ գիտակցում եք, որ կեղծ տեղեկությունների համար ստիպված կլինեք պատասխանատվություն կրել օրենքի առաջ, ուստի նախընտրում եք թաքնվել ուրիշների անվան հետևում և գործել անանուն հրապարակումների միջոցով։ Չէ, որ հաճախ հենց քո հետևից խոսում են նրանք, ովքեր քո կողքին կանգնելու համարձակություն չունեն, իսկ քեզանից առաջ անցնելը նրանց համար մնում է անհասանելի երազանք։ Արդյո՞ք դեռ չեք համոզվել, որ որքան էլ փորձել եք ստվեր գցել իմ անվան վրա, արդյունքում բազմապատիկ ավելի եք վնասել հենց ձեր սեփական հեղինակությունը։ Մարդիկ աչքեր ունեն, հիշողություն ունեն և, ամենակարևորը, կարողանում են տարբերել ճշմարտությունը ստից, արժանապատվությունը՝ չարախոսությունից, իսկ իրական վաստակը՝ կեղծիքից։ Ինձ և իմ ընտանիքին ճանաչում են, գիտեն մեր անցած ճանապարհն ու արժեքները։ Ձեզ և ձեր ընտանիքներին էլ են ճանաչում, ուստի ուրիշի անունը սևացնելուց առաջ արժե խորհել նաև սեփական վարքի մասին։

Այս ամբողջ ընթացքում, երբ տարբեր ձևերով փորձել են արատավորել իմ անունը և վնասել ինձ ու իմ ընտանիքին, ես նախընտրել եմ ամեն ինչ թողնել Աստծո դատաստանին։ Եվ Աստծո պատասխանը չի ուշացել։ Վստահ եմ, որ այս անգամ էլ Աստծո արդարությունը չի ուշանա։

Միաժամանակ, ուզում եմ հստակ ասել, որ եթե կրկին անհիմն և կեղծ տեղեկություններ տարածվեն իմ կամ իմ ընտանիքի վերաբերյալ, այս անգամ ես նույնպես անհրաժեշտ քայլեր կձեռնարկեմ՝ մեր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ փաստերով և օրենքի շրջանակներում։

Իմ լռությունը երբեք չպետք է ընկալվի որպես անտարբերություն կամ պատասխանելու անկարողություն։ Ես միշտ գերադասել եմ պահպանել արժանապատվությունս և պատասխանել ոչ թե նույն մեթոդներով, այլ իմ գործով և իրականությամբ։

Իմ անցած ճանապարհը, տասնմեկ տարվա աշխատանքը, դպրոցի ձեռքբերումներն ու ինձ հետ աշխատած մարդկանց գնահատականն իմ լավագույն պատասխանն են։ Ես իմ անունը չեմ կառուցել ուրիշի անունը սևացնելով և թույլ չեմ տա, որ որևէ մեկը փորձի այն արատավորել ստով ու կեղծիքով։

Ի վերջո, մարդուն գնահատում են ոչ թե նրա մասին տարածված խոսակցություններով, այլ նրա անցած ճանապարհով, կատարած աշխատանքով և թողած հետքով։

Ճշմարտությունը գուցե երբեմն ուշանում է, բայց երբեք չի պարտվում։

Ի վերջո, յուրաքանչյուրն ի վերուստ ստանում է իր արարքներին արժանի պատասխանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *