Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ հանրաքվեի անցկացման եւ նոր Սահմանադրության ընդունման ժամկետները Հայաստանի ներքին գործն են:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այսօր լրագրողների հետ զրույցում Բայրամովը հիշեցրել է 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մասին:
«Փաստաթղթում նշված է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո պետք է գործընթացի վերջնականացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն: Դա ենթադրում է Հայաստանում հանրաքվեի անցկացումը եւ նոր Սահմանադրության ընդունումը», – նշել է Բայրամովը:
«Մենք, այդ թվում՝ հանրային տիրույթում, տարբեր ուղերձներ ենք լսում Հայաստանի ղեկավարությունից: Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետն իր ելույթներում նոր ուղերձներ է հնչեցրել այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների տեքստը կհրապարակվի մինչեւ տարեվերջ, իսկ այնուհետեւ տեղի կունենա հանրաքվե», – ասել է ադրբեջանցի նախարարը:
«Գործընթացի ամբողջական ավարտի եւ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար մենք, բնականաբար, սպասելու ենք այդ գործընթացին», – հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Leave a Reply