Մանկական գրքերի հեղինակ-նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր եւ գեղարվեստական տպագրությամբ ստեղծագործող Լիլիթ Ալթունյանի «Աղջիկը, որ թռչել գիտեր» գիրքը ընթերցողի հետ խոսում է պատկերների միջոցով։ «Երբ երկար ես նայում պատկերներին, պատմությունը սկսում է կենդանանալ, ու «ընթերցողը» դառնում է համահեղինակ»,- ասում է հեղինակը։
Գիրքն ամբողջությամբ ձեռակերտ է՝ կազմված լինոփորագրությամբ արված պատկերներից, որոնք նույնպես տպագրվել են ձեռքով՝ անալոգային տպագրական սարքի միջոցով։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Գրքի երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում։
Լիլիթ Ալթունյանի խոսքով՝ թռչող աղջկա պատմությունը սկսվել է տասը տարի առաջ։ Ինչպես արվեստի շատ գործեր, այս պատկերները եւս ծնվել են ներքին բախումներից ու ապրումներից։ Սկզբում որպես առանձին աշխատանքներ ցուցադրվել են Ֆրանսիայում, ու միայն հիմա են ամփոփվել ու դարձել համր գիրք, տպագրական արվեստի ձեռագործ նմուշ ու ներկայացվել հայ հանրությանը։
Սա Լիլիթ Ալթունյանի ու Կարինե Արոյանի հիմնած «ՏԵՍԱ պատում» կազմակերպության առաջին նախագիծն է: Նրանք կարեւորում են հեղինակային աշխատանքների առաջ մղումը:
«Արհեստական բանականության դարում, երբ մեզ շրջապատող պատկերները անթերի են, անհրաժեշտություն զգացի վերադառնալու ձեռակերտին, շոշափելիքին, իրականին՝ այն ոչ կատարյալ բաներին, որոնք ստեղծում է մարդը»,- նշում է Լիլիթ Ալթունյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում գրեթե չկան այլընտրանքային գրքեր, այնինչ աշխարհում գիրքն ընկալվում է որպես արվեստի ինքնուրույն օբյեկտ, որը կարող է կրել թե՛ տեսողական, թե՛ տեքստային պատմություն եւ պատրաստվել ամենատարբեր նյութերից։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ եւ Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը կարեւորում է այն, որ ի վերջո տարբեր ոլորտներ համագործակցում են Հայաստանում։ Նա ասում է, որ ստեղծվել է նյութական արժեք, որը միավորում է գրքարվեստն ու կերպարվեստը՝ ներկայացնելով Հայաստանում իր ուրույն տեղն ունեցող գեղարվեստական տպագրության ոլորտը։
«Ինձ համար սա արվեստի օբյեկտ է, եւ ես ուրախ եմ, որ ուղեկցող տեքստ չկա։ Պատկերներն այնքան խոսուն են, որ, կարծում եմ, յուրաքանչյուրն, ով կվերցնի այս գիրքը, կարող է իր սեփական տեքստը գրել ու երկխոսել կերպարների հետ։ Իմ ցանկությունն է, որ այս համագործակցությունը լինի շարունակական»,- ասաց Սոնա Հարությունյանը: Հա հավելեց, որ Գեղարվեստական տպագրության բիենալեում հայ մասնակիցների թիվն աստիճանաբար աճում է, եւ ինքը կցանկանար, որ հեղինակային գրքերն այնտեղ ավելի շատ լինեին։
Գրքի տպագրության բուն պրոցեսը իրականացվել է «TarPunk» տառատիպ (լեթերպրես) արվեստանոցի հիմնադիր, դիզայներ Գարեգին Մարտիրոսյանը։
«Բարդ, պատասխանատու, բայց հետաքրքիր գործ էր, ու բավական հաջող ստացվեց։ Մարդիկ շատ են մոտենում, ասում են՝ տեսել ենք ձեր տպագրած գիրքը»,- նշում է Գարեգին Մարտիրոսյանը։
Նա Ամերիկայից Հայաստան է տեղափոխել 1873 թվականի շուրջ 600 կիլոգրամանոց պատմական տպագրական հաստոց։ Հայաստանում հին հաստոցներն ու կապարե (արճիճե) տառերը ժամանակին գրեթե ամբողջությամբ վերացվել են, եւ, դիզայների խոսքով, իրենց փոքրիկ ստուդիայի նպատակը գեղարվեստական տպագրության այս ավանդական ոլորտը վերականգնելն է։
«Գիրքը տպագրվել է բնօրինակների հիման վրա ստեղծված եռաչափ կաղապարներով (կլիշեներով)՝ ավելի փոքր չափս ստանալու համար։ Ուզում էի գիրքն այնպիսի չափս ունենա, որ հեշտ լինի թերթելը, ձեռքում պահելը, ինչ-որ տեղ բաց վիճակում հենելը,- պատմում է Լիլիթ Ալթունյանը։ – Կապույտ գույնի մի ամբողջ ծով էինք ստեղծել՝ փորձելով ստանալ անհրաժեշտ երանգը։ Ուզում էի գույնն օդային լիներ, թղթից կտրվեր։ Տպագրության այս մեթոդի ժամանակ փոքրիկ թերությունները, ինչպիսին է ներկի անհավասար բաշխումը, գրքին յուրահատուկ բնավորություն ու հետաքրքրություն են տալիս»։
Տպագրվել է ընդամենը 100 օրինակ՝ յուրաքանչյուրը համարակալված է։
Շնորհանդեսի մասնակիցներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք գրքերը չեն կրկնում մեկը մյուսին։ Լիլիթ Ալթունյանը հաստատեց, որ, ի տարբերություն մեքենայացված կամ թվային տպագրության, որտեղ բոլոր օրինակները միանման են, գեղարվեստական տպագրության մեջ յուրաքանչյուր արտատպվածք (էստամպ) համարվում է ինքնուրույն բնօրինակ եւ արվեստի գործ, ուստի ամեն մի գիրքը նույնպես ինքնուրույն բնօրինակ է:
Իսկ շնորհանդեսի սկզբում թռչող աղջկա պատմությունը կենդանացավ «Փոքր թատրոնի» դերասաններ Քրիստինե Դանիելյանի եւ Ժոզեֆ Մաթոսյանի պարային պերֆորմանսով (բեմադրող ռեժիսոր` Վահան Բադալյան):
Արմինե Սարգսյան
Leave a Reply