2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործում է Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ կառույց է Ոստիկանության գվարդիան, ինչ ստորաբաժանումների հիմքի վրա է այն ձևավորվել, ինչ գործառույթներ ունի և ինչ է փոխվել նախկին Ոստիկանության զորքերի համեմատ։
Ոստիկանության զորքերից՝ Ոստիկանության գվարդիա
Գործարկումից շուրջ 10 ամիս անց Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Fip.am-ի հարցմանն ի պատասխան ներկայացրել է Գվարդիայի գործունեության առաջին կիսամյակային տվյալը․ ըստ այդմ՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Գվարդիայի ծառայողները հայտնաբերել և բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։
Ոստիկանության գվարդիայի ստեղծման գաղափարը նոր չէ։ Դեռևս 2022 թվականի հուլիսին, Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտարարել էր, որ նախատեսվում է Ոստիկանության զորքերի և Պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձևավորել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։
Գվարդիայի ստեղծման մասին օրենսդրական փաթեթը Կառավարությունը Ազգային ժողով էր ներկայացրել դեռ 2024 թվականին։
Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթով Գվարդիայի ձևավորման բազան պետք է կազմեին Ոստիկանության զորքերը, Պետական պահպանության գլխավոր վարչությունը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները։ Դրանք Գվարդիայի գործարկմամբ պետք է դադարեցնեին իրենց նախկին ձևաչափով գործունեությունը։
Միաժամանակ, ՆԳՆ-ն հատուկ ընդգծում է, որ իրավական առումով Գվարդիան այս կառույցներից որևէ մեկի իրավահաջորդը չէ, այլ ստեղծվել է որպես նոր ծառայություն։
Նախկին Ոստիկանության զորքերի և Գվարդիայի միջև հիմնական տարբերություններից մեկը դրանց կարգավիճակն է։
Ոստիկանության զորքերն ունեին երկակի՝ ոստիկանական և ռազմական բնույթ։ Գվարդիայի ստեղծման տրամաբանություններից մեկը հենց այս երկակի կարգավիճակից հրաժարվելն էր։
Նոր համակարգով Գվարդիան գործում է քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո և այլևս չի ներառվում «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ։
2024 թվականի հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը 65 կողմ և 28 դեմ ձայներով ընդունեց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը և հարակից օրենսդրական փաթեթը։ Միաժամանակ սահմանվեց, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցնելու է դեռևս 1997 թվականին ընդունված «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը։
Գվարդիայի ստեղծումը ի սկզբանե նախատեսվում էր ավելի վաղ, սակայն վերջնական ժամկետ սահմանվեց 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ ՆԳՆ-ն ժամկետի փոփոխությունը կապում էր, մասնավորապես, անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման և կառույցի ձևավորման համար պահանջվող նախապատրաստական աշխատանքների հետ։
Ի՞նչ է անում Ոստիկանության գվարդիան
Գվարդիայի գործառույթները միայն ցույցերի, հանրահավաքների կամ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգ պահպանելով չեն սահմանափակվում։
ՆԳՆ նկարագրության համաձայն՝ Գվարդիայի հիմնական գործառույթներն են՝
- հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,
- պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը և հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը,
- ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը,
- հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը,
- քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակելը։
Այսինքն՝ թեև Գվարդիան հաճախ տեսանելի է հատկապես զանգվածային միջոցառումների և հավաքների ժամանակ, դրա լիազորությունների շրջանակը զգալիորեն ավելի լայն է։
Գվարդիայի ծառայողները նաև ամենօրյա շրջիկ ծառայություն են իրականացնում։ ՆԳՆ-ի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության ծառայության դուրս գալուց առաջ նրանք հանձնարարականներ են ստանում երթուղիներում գտնվող կարևոր նշանակության օբյեկտների, առևտրային կենտրոնների և հանցագործությունների վերաբերյալ։
Ի՞նչ է փոխվել ուժի կիրառման հարցում
Գվարդիայի ստեղծման ժամանակ ՆԳՆ-ն որպես հիմնական փոփոխություններից մեկը ներկայացնում էր ուժի կիրառման նոր կարգավորումները։
Օրենսդրական փոփոխություններով առաջին անգամ սահմանվել է ուժային միջոցների կիրառման ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության վերաբերյալ։
Ըստ ՆԳՆ-ի՝ Գվարդիայի ծառայողը, որը համապատասխան հատուկ պատրաստություն չի անցել, իրավունք չունի ուժային միջոց կիրառելու։
Այս փոփոխությունը հատկապես կարևոր է հավաքների և զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների համատեքստում։
ՆԳՆ-ն Գվարդիան ներկայացնում է նաև որպես խաղաղ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումն ապահովող մասնագիտացված ծառայություն։
Գվարդիայի ծառայողների համար մշակվել են հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման դասընթացներ։ 2025 թվականի գործունեության ամփոփման ժամանակ ՆԳՆ-ն հայտնել է, որ դրանց շրջանակում ընդհանուր առմամբ վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող։
Թե ինչ ազդեցություն են ունեցել նոր կարգավորումները ոստիկանության կողմից ուժի կիրառման պրակտիկայի վրա, առայժմ գնահատել դժվար է։
Գվարդիայի գործարկումից հետո Հայաստանում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ չեն եղել, որոնց ընթացքում նոր ծառայության գործողությունները հնարավոր կլիներ համադրել նախկին համակարգի գործելակերպի հետ։
Գվարդիայում ստեղծվել է նաև բանակցային ստորաբաժանում
Գվարդիայի կառուցվածքային նորություններից մեկը բանակցային կարողության զարգացումն է։ ՆԳՆ-ի տվյալներով՝ Գվարդիայի կազմում ձևավորվել են բանակցային խմբեր և հատուկ մարտավարական գործողությունների կազմակերպման գնդեր։ Դրանք, ըստ ՆԳՆ-ի վստահեցումների, նախատեսված են ճգնաժամային և բարձր ռիսկային իրավիճակներում գործելու համար։
Բանակցային մոտեցման տրամաբանությունն այն է, որ հնարավորության դեպքում ոստիկանությունը նախ փորձի իրավիճակը կարգավորել հաղորդակցության և բանակցությունների միջոցով՝ նախքան հարկադրանքի կամ ուժային միջոցների կիրառումը։
Ռազմական դրության դեպքում Գվարդիան չի անցնում Զինված ուժերի ենթակայության տակ
Նախկին Ոստիկանության զորքերի և Գվարդիայի միջև էական տարբերություններից մեկն առնչվում է նաև պատերազմի կամ ռազմական դրության պայմաններում դրանց կարգավիճակին։
ՆԳՆ-ի ներկայացրած հայեցակարգով, Գվարդիան ի տարբերություն նախկին Ոստիկանության զորքերի, այլ զորքերի կազմում չի ընդգրկվում և պատերազմի դեպքում Զինված ուժերի ենթակայության տակ չի անցնում։
Միաժամանակ այն ամբողջությամբ դուրս չի մնում պաշտպանության ոլորտից։
Այն կարող է, օրինակ, իրականացնել Զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի կամ բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանություն, պաշտպանություն և անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցում։
Օրենքով նաև ամրագրվել է, որ ռազմական դրություն հայտարարված տարածքում ընթացող պատերազմական գործողությունների շրջանակում Գվարդիան անհրաժեշտության դեպքում կարող է հատուկ առաջադրանքներ ստանալ և կատարել։
146-ից՝ շուրջ 600 դեպք
Գվարդիայի հրապարակված արդյունքները ցույց են տալիս նաև բացահայտված հանցագործությունների թվի աճ։
2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև տարեվերջ՝ գործունեության առաջին երկու ամիսներին, Գվարդիայի ծառայողները, ըստ ՆԳՆ-ի, բացահայտել էին հանցագործության 146 դեպք։
2026 թվականի փետրվարին ՆԳՆ-ն արդեն հայտնում էր ձևավորումից ի վեր բացահայտված 217 դեպքի մասին։ Իսկ օգոստոսի 25-ին արդեն ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում Գվարդիայի ծառայողները հայտնաբերել և բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։
Նախարարությունից նշում են, որ Գվարդիայի ծառայողների գործողությունների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող զենք-զինամթերք, հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք, ինչպես նաև կանխվել են ինքնասպանության դեպքեր։
Այսինքն՝ ոստիկանության գվարդիան նոր ձևավորված կառույց է՝ նախկին համակարգից ավելի լայն գործառույթներով։
Այսպիսով, ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ոստիկանության համակարգում կառուցվածքային և իրավական փոփոխություններ են իրականացվել։ Այս նոր ծառայությունը հրաժարվել է նախկին Ոստիկանության զորքերի ռազմական բաղադրիչից, տարբեր ստորաբաժանումների մի շարք գործառույթներ կենտրոնացվել են նոր ծառայությունում, իսկ ուժի կիրառման համար սահմանվել են նոր կարգավորումներ և պատրաստության պահանջներ։
Նոր կազմավորումից ու գործունեությունից 10 ամիս անց հնարավոր չէ ասել՝ նոր կառույցի ստեղծումով ինչ է փոխվել համակարգում և արդյոք այդ փոփոխությունները նպաստել են ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Արեն Նահապետյան
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:
Leave a Reply