Բաքվի դատարանն «Ավրորա» մրցանակը որակել է հանցավոր գործունեություն

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն այսօր ասել է, որ «Բաքվում Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ»:

«Ողջ դատավարությունը ֆարս է հանդիսացել: Խախտվել են ոչ միայն իրավական ու բարոյական նորմերը, այլեւ ողջամտության ու բանականության սահմանները։ Դրա արդյունքը լեգիտիմ չէ, եւ մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ։ Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է հերթական համար, գործը քննվելու է դատարանի կողմից», – լրագրողների հետ զրույցում ասել է Սիրանուշ Սահակյանը:

 

Իրավապաշտպանն ասել է, որ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, որոնք «իրականության հետ որեւէ կապ չունեն, քանի որ չի հաստատվել նրա մասնակցությունն իրեն վերագրված հանցանքներին».

 

«Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված բարեգործությունները ներկայացվել են որպես հանցավոր գործունեություն: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից որակվել է որպես հանցավոր գործունեություն, իսկ դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ»։

 

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը՝ ձեւավորել կանանց միջազգային հումանիտար պատվիրակություն Բաքվում գտնվող հայ պատանդների հետ հանդիպելու համար, Սիրանուշ Սահակյանն ասել է, որ Հայաստանը դեռ պաշտոնական պատասխան չի տվել:

 

«Հարցը քննարկման փուլում է, ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանի դիրքորոշում կձեւավորի: Առանց պետության աջակցության ոչ միայն հնարավոր չէ պատվիրակության այց իրականացնել Բաքու, այլեւ մուտք գործել փակ հաստատություն եւ անձնական իրեր փոխանցել հայ գերիներին»,- ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը:

 

Անդրադառնալով Բաքվում պահվող մյուս հայ գերիներին, իրավապաշտպանը նշել է.

 

«Նրանք պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված պայմաններում։ Խախտվում են նաեւ նրանց այլ իրավունքներ, օրինակ՝ զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրը բացարձակ մեկուսացվածությունն է։ Արտաքին աշխարհի հետ միակ շփումը հեռախոսային խոսակցությունն է»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *