Նունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»

Written by

in



Lifestyle


«Փաստ» օրաթերթը գրում է.


Երևի շատերը տեսած կլինեն այդ «գործիքը», բայց գուցե լինեն այնպիսիք, որոնք չգիտեն, թե ինչպես է այն կոչվում և ինչպես է այն ստեղծվել: Խոսքը նունչակուի (nuntyaku) մասին է: Կա տեսակետ, որ ժողովրդականությամբ սառը զենքի այս տեսակն անգամ գերազանցում է հայտնի կաստետներին:


Բազմաթիվ վարկածներ կան մարտական նունչակուի առաջացման վերաբերյալ: Սխալ կերպով ենթադրվում է, որ այդ զենքը առաջին անգամ հայտնվել է Ճապոնիայում՝ որպես նինձյայի զենք: Ամենայն հավանականությամբ, նունչակուի հայրենիքը Չինաստանն է, այնտեղից էլ աշխարհով մեկ տարածվել է նրա առաջին նախատիպը: Դրա օգտին ավելի շատ փաստեր կան: Բացի այդ, նունչակու բառը ճապոներենով ոչինչ չի նշանակում:


Շատերը համարում են, որ այդ սառը զենքի հիմքը եղել է այն գյուղատնտեսական գործիքը, որի միջոցով գյուղացիները հացահատիկ են մշակում՝ երկու հավասարաչափ փայտի կտորներ, որոնք իրար են միացած կաշվե փոկով: Այնուամենայնիվ, այնքան էլ այդպես չէ: Բանն այն է, որ դասական նունչակուն իրենից ներկայացնում է երկու հավասարաչափ փայտի կտոր, որոնք իրար են միացված շղթայով, իսկ շղթան հնում էլ եղել է կործանարար մարտական սառը զենք: Շղթան հայտնվել է 15-16-րդ դարերում, երբ մարդիկ սկսել են մետաղից պատրաստված օղակներ կպցնել իրար: Ամենայն հավանականությամբ, նունչակուի նախատիպը եղել է հենց մարտական շղթան: Համարվում է, որ նունչակուն միայն գյուղացիներն ու նինձյաներն են օգտագործել որպես զենք: Բայց պատմությունը այլ բան է փաստում: 1429 թվականին տեղի է ունեցել Օկինավայի երեք շրջանի միավորում. թագավորը միավորել է բոլոր իշխանություններին և կազմել մեկ պետություն: Բոլոր տեսակի բողոքներից ու ապստամբություններից խուսափելու համար նա հրապարակել է օրենսդրական նորմեր, որոնցով արգելվել է զենք կրելը, ինչպես նաև կրճատվել են զինատեսակները: Արդյունքում երկրում միայն արքայական բանակն է մնացել զինված: Զենք կրելու իրավունք են ունեցել միայն ազնվականները, իշխանները և թագավորական ընտանիքի անդամները:

Սակայն կտրուկ շատացել են հանցագործությունները: Դա ստիպել է նախկին զինվորականներին ստեղծել պաշտպանվելու միջոցներ: Հենց այդպես էլ հայտնվել են մարտական նունչակուները: Բայց դրանք շատ տարածված չեն եղել: Բանն այն է, որ նունչակուն կարելի է օգտագործել միայն այն իրավիճակում, երբ հարձակվողները դանակներով, կաստետներով և սրերով են: Դա զենք է ինքնապաշտպանության համար: Նինձյաներին դուր է եկել նունչակուն իր գործնականության համար. այն կարող ես մշտապես պահել մոտդ և անգամ թաքցնել հագուստի տակ: Նմանատիպ զենքեր կան բոլոր մարտարվեստներում: Դրանք հեշտ է պատրաստել ձեռքի տակ եղած նյութերից և կռվի ժամանակ ծանր վնասվածք հասցնել հակառակորդին: Այդ զենքը հարմար է նաև նրանով, որ հարվածի դեպքում չի լինում հետհարված:


Ներկայում նունչակուն հանրահայտ է դարձել: Այն օգտագործվում են փողոցային կռիվներում, իսկ Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմերը մեծացրել են հետաքրքրությունը այդ սառը զենքի նկատմամբ: Ներկայում մարտական նունչակուները հաճախ պատրաստվում են լարից, քանի որ այն ավելի դիմացկուն է, քան շղթան, և օգտագործում են փայտ կամ մետաղ՝ որոշ դեպքերում փշերով: Դասական մարտարվեստներում նունչակուները օգտագործվում են ոչ միայն մարտի ժամանակ, այլ նաև դրանցով մարզվում են և զարգացնում մկանները:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts