Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ այն, ինչ ապօրինի ձեռք են բերել, ամբողջությամբ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է օգոստոեսի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քարեական հետապնդմանը։
«Քաղաքական խնդիրը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը , երբ ամսի 1-ը մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ, որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով և օրինական եկամուտներով, իսկ այն, ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, այլ տարբերակ չկա։ Եթե սա տեղի չունենա, դա նշանակում է, որ նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա։»,- հայտարարել է ՀՀ վարչապետը
Նա մանրամասնել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ 40 հազար մարդու ներկայությամբ այդ քաղաքական խնդիրը ինքը դրել է ժողովրդի և պետության առաջ, իսկ ժողովուրդը իր հերթին դա դրել է բոլորի ՝ Կառավարության, դատաիրավական համակարգի, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների առաջ։
Leave a Reply