Հայոց Հայրապետը մեղադրյալի աթոռին է․ վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը․ Տեր Սեբեոս

Written by

in

Վա՛յ ու ամո՛ թ ինձ, որ Հայոց Հայրապետը ՀՀ դատարանում մեղադրյալի աթոռին է, այս մասին հայտարարել է Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը։

Տեր Սեբեոսն անդրադարձել է վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի վերաբերյալ հայտարարություններին ու ընդգծել՝ աղոթքն անգամ չի մխիթարում։

«Ցինիկ, ով իր անսանձ ու զազրախոս բերանով խոստովանում է, որ «հարցի բովանդակությունը իրավական չէ» (ն.փ.), բայց ողջ պետական, դատական և ուժային ռեսուրսն ի գործ է դրել մեր Մայր եկեղեցին «բարենորոգելու»՝ այն էլ ՀՀ կառավարության ծրագրում ներառելով։ Ցինիկ, ով իրեն համարելով «Սուրբ եկեղեցու Բանավոր հոտի անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի ապականոնության հետ» (ն.փ.), անարգ ու անպատկառ կերպով պառակտում ու ավեր է գործում ընդդեմ այդ իսկ եկեղեցու՝ իշխանական բիրտ ուժով խարխլելով 1700-ամյա Նվիրապետական կարգը, ի լուր և ի տես ողջ աշխարհի։ Ցինիկ, ով ասելով, թե «եկեղեցին առաջին հերթին հավատացյալներն են», իրեն հատուկ սոփեստությամբ, չարամտորեն մոլորեցնելով ոտնահարում է Եկեղեցու Յոթ խորհուրդներից՝ Ձեռնադրության և Օծման Քրիստոսավանդ, առաքելահաստատ և սրբազան խորհուրդը։

Աղվե՛ս, առանց Քրիստոս, առանց Քրիստոսի կողմից ընտրված Առաքյալ, առանց Առաքելական հաջորդականությամբ ձեռնադրված հոգևորականի եկեղեցի չկա՛։ Աղվե՛ս, անգամ Կենդանի նահատակ և Աստծու սիրելի Սուրբ Լուսավորչը, Ձեռնադրության շնորհը կարևորելով, ընդունեց այն Կեսարյայում և առանց նրա անգամ «երկու կամ երեք» Տրդատ թագավոր չէին կարող հիմնել Հայոց Սուրբ Եկեղեցին ու հռչակել Քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Աղվե՛ս, ես մեղավոր մարդ եմ, բայց ձեռնադրյալ քահանա։ Իմ մեղքը քաղաքական կատեգորիա չէ, ուստի քանի դեռ ես հանցապարտ եմ միայն Աստծու առաջ, այլ ոչ ձեր օրենսգրքերի, դուք անզոր եք իմ դեմ։ Պապանձվե՛ք բոլորդ։

Պողոս առաքյալն ասում է. «Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատու՛ն մնացեք, անշա՛րժ եղեք, ամեն ժամ ավելի՛ն եղեք Տիրոջ գործի մեջ. իմացե՛ք, որ ձեր վաստակը զուր չէ Տիրոջ առաջ» (Ա Կորնթ. 15,58)։

Հ.Գ. Վա՛յ ու ամո՛ թ ինձ, որ Հայոց Հայրապետը ՀՀ դատարանում մեղադրյալի աթոռին է։
Վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը։
Աղոթքն անգամ չի մխիթարում. Տե՛ր, ներիր և ողորմիր»,- նշել է Տեր Սեբեոսը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *