Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

Written by

in

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ նոյեմբերի 4-ին հայտարարված ընդդիմադիր ուժերի ձևաչափը իշխանության կողմից ենթարկվելու է տարբեր թիրախավորումների, որոնցից առանցքայինը լինելու է այդ ուժերի միջև նախկին հակասությունների և տարաձայնությունների շահարկումը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի գլխավոր մարտահրավերն է լինելու չտրվել այդ թակարդին, չսկսել արդարանալ և հանրային խոսակցությունը կենտրոնացնել ապագայի, ընդհանուր արժեքների ու կոնկրետ անելիքների վրա։

«Ընդդիմադիր ուժերի ձեւաչափը, որի մասին հայտարարվեց նոյեմբերի 4–ի ուշ երեկոյան, անկասկած ենթարկվելու է տարբեր «տեխնոլոգիական» թիրախավորումների, այդ թվում առանցքայիններից մեկը կլինի այն, որ փորձ կարվի խաղարկել այնտեղ գտնվող ուժերի միջեւ նախկին հարաբերությունների բարդությունը կամ խնդիրները։ Օրինակ՝ ՀԱԿ–ՀՅԴ, կամ ՀԱԿ–Հայաստան դաշինք, ՀԱԿ–ՀՀԿ։ Այլ կերպ ասած, իշխանությունը թերեւս կփորձի թիրախավորել «նախկինի» թեմայով։

Ու այստեղ առաջանում է շատ կարևոր մարտահրավեր։ Արդյո՞ք ներգրավված ուժերը ի վիճակի են լինելու՝ նախ միմյանց հետ պայմանավորվել այդ թեմաներին արձագանքի մասով, իսկ ավելի կոնկրետ՝ այդ թեմաների ծուղակում չհայտնվելու մասով։

Հարցը հետեւյալն է՝ ընդդիմության ջանքերի մեկտեղումը պետք է պարունակի աշխատանքի ապագայի ուղղությամբ, ապագայի մասին, աշխատանք դրա վերաբերյալ հանրության հետ երկխոսությունը հագեցնելու, ներառականությունը բարձրացնելու ուղղությամբ։ Իշխանությունը բնականաբար ձգտելու է անել հակառակը եւ այդ ձեւաչափը անընդհատ պահել «անցյալում»՝ թե բովանդակության, թե աշխատանքի մեթոդաբանության իմաստով։ Իսկ դա նշանակում է, որ անընդհատ ստիպելու են այնտեղ ներգրավված ուժերին արդարանալ, անընդհատ արդարանալ, թե չեն հրաժարվել անցյալի սկզբունքներից, չեն հրաժարվել մոտեցումներից եւ անհամաձայնություններից, չեն մոռացել նախկին «նեղացածությունները» կամ հակադրությունները, եւ այլն, եւ այլն։

Հասկանալի է, որ իշխանությունն այդպես է փորձելու պաշտպանել իրեն, իր դիրքերը։ Հենց ընդդիմադիր ձեւաչափում ներգրավված ուժերը սկսեցին արդարանալ ամեն մի իշխանական հայտարարությունից, լուրից, գնահատականից, «բամբասանքից» հետո, կարող են համարել «ջանքերի մեկտեղումը» վերջացած։ Հետեւաբար, սա կարեւոր մարտահրավերներից մեկն է՝ որքան իշխանությունը կփորձի իրենց քաշել անցյալ, իրենք մնան ներկայում եւ խոսեն ապագայի մասին, որքան իշխանությունը կստիպի արդարանալ, իրենք խոսեն պայմանավորվելու եւ արժեքային ու գաղափարական ուղենշային ընդհանուր միջավայր ձեւավորելու մասին, մարտահրավերների եւ դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ քայլերի մասին, խաղաղության որակական վերափոխման եւ բալանսավորվածության վերականգնման մասին։

Կրկնեմ՝ հենց սկսեցին արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված»։

դիտվել է 7 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *