Փաստաբանը՝ վստահորդի շահերի պաշտպան, թե՞ նրա դեմ հաղորդում ներկայացնող կողմ

Written by

in

Հայաստանում փաստաբանի մասնագիտության վերաբերյալ հանրային քննարկման արժանի հարց է առաջանում արդյո՞ք փաստաբանը, որը վարձատրություն է ստանում վստահորդից՝ նրա իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար, կարող է նույն վստահորդի դեմ հաղորդում ներկայացնել՝ առանց անգամ վերջինիս հետ պատշաճ կերպով շփվելու և գործի հանգամանքները պարզելու։

Սա արդեն ոչ միայն մասնագիտական էթիկայի, այլև իրավական գնահատականի հարց է։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ փաստաբանը պարտավոր է ազնվորեն և բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չկատարել վստահորդի շահերին հակասող գործողություն և առանց նրա հետ համաձայնեցնելու դիրքորոշում չընդունել՝ օրենքով նախատեսված բացառություններով։

Ավելին, փաստաբանը պարտավոր է իր մասնագիտական գործունեության ընթացքում միշտ պաշտպանել վստահորդի շահերը և դրանք գերադասել իր անձնական ու գործընկերների շահերից։ Օրենքը նաև սահմանում է փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը։

Հետևաբար, եթե փաստաբանը ստանձնել է անձի շահերի պաշտպանությունը, ստացել է դրա դիմաց վարձատրություն, սակայն հետո, առանց վստահորդի հետ պատշաճ հաղորդակցվելու, առանց նրա դիրքորոշումը լսելու և հանգամանքները պարզելու, հանդես է գալիս հենց այդ անձի դեմ, ապա առնվազն առաջանում է շահերի բախման, մասնագիտական պարտականությունների խախտման և փաստաբանական վարքագծի հարց։

Իսկ եթե այդ գործընթացում օգտագործվել են վստահորդի կողմից փաստաբանական օգնություն ստանալու շրջանակում փոխանցված տեղեկություններ, առաջանում է նաև փաստաբանական գաղտնիքի պահպանման հարց։ Օրենքը փաստաբանական գաղտնիք է համարում ոչ միայն վստահորդի փոխանցած տեղեկությունները, այլև փաստաբանի գործունեության ընթացքում ինքնուրույն ձեռք բերած՝ հանրությանը հայտնի չլինող տեղեկություններն ու ապացույցները։

«Վստահորդից գումար վերցնել, հետո նրա դեմ հաղորդում ներկայացնել» որտե՞ղ է սահմանը

Իհարկե, յուրաքանչյուր կոնկրետ դեպք պետք է գնահատել փաստերի և ապացույցների հիման վրա։ Չի կարելի առանց ապացույցների որևէ փաստաբանի մեղադրել հարկերից խուսափելու կամ այլ իրավախախտման մեջ։

Սակայն հասարակության համար շատ պարզ հարց է առաջանում եթե փաստաբանի հիմնական առաքելությունը մարդու իրավունքների և շահերի պաշտպանությունն է, ապա ինչպե՞ս կարող է այդ հարաբերությունը վերածվել վստահորդի դեմ պայքարի։

Հատկապես տարօրինակ է իրավիճակը, երբ մարդը փաստաբանին վճարում է՝ իր իրավունքները պաշտպանելու ակնկալիքով, իսկ արդյունքում նույն փաստաբանից ստանում է ոչ թե պաշտպանություն, այլ իր դեմ ներկայացված հաղորդում։

Փաստաբանը իրավական համակարգում պետք է լինի վստահության ինստիտուտ, ոչ թե վստահորդի համար նոր վտանգի աղբյուր։

Ուստի նման յուրաքանչյուր դեպք պետք է ստանա ոչ թե «զավեշտալի պատմություն» կարգավիճակ, այլ՝ իրավական և մասնագիտական պատշաճ գնահատական՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում, փաստաբանական պալատի համապատասխան մարմինների կողմից։

Ամբիոն Նյուզը պատրաստ է ներկայացնել նաև փաստաբանի և վստահորդի միջև հարաբերությունների վերաբերյալ մյուս կողմի դիրքորոշումը, ինչպես նաև հրապարակել փաստաթղթերը, եթե դրանք տրամադրվեն։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *