Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ ոլորտների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ գործընկերության ամրապնդման և ընդլայնման համար հիմք է Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրված Հանցավորության դեմ պայքարի մասին համաձայնագիրը։ Կարևորվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և այլ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերը։
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության խորացման
հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
ԱԺ նիտում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց՝ կառավարության անդամի երդման նոր տեքստում կա՞ն «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացողությունները։
«Կառավարության անդամի նախորդ երդման տեքստում կար հայրենիք, ժողովուրդ, ազգ բառերը։ Արդյո՞ք այս տեքստում կա հայրենիք, ժողովուրդ, ազգ բառերն ու հասկացողությունները»,- հարցրեց Կարապետյանը։
Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ նոր տեսքտում կա «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը, ժողովուրդը։
«Կան հետևյալ սկզբունքները՝ մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով»,-ասաց Գալյանը։
Նարեկ Կարապետյանն արձագանքեց՝ «հայրենիքի հզորացում» բառը դուրս է եկել. «Ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, ինչը կարևոր ու պատասխանատու է կառավարության անդամի հետ կապված, դուրս է եկել։
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել»։
Գալյանն ասաց, որ համազգային նպատակը պետության հարատևությունն ու զարգացումն է։
Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:
Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։
Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։
Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները:
«Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:
Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն մեր կողմից կիրականացվեն համայցեր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:
Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն, մինչև խնդրի կարգավորումը, գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար»։
Ազգային ժողովը վերսկսել է իր աշխատանքը։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց է ուղղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նա նշել է, որ Ալիևի օգնական Հաջիևը մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացնում է որպես աղվանական, և հարցրել՝ պատրաստվո՞ւմ են հայտարարել, որ Գանձասարը հայկական է։
«Օգտակար չեն խաղաղության համար ու անհիմն են»,– Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ ասել է Ռուբինյանը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ օտարերկրյա դեսպանների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցերն Արցախի բռնազավթված տարածքներ վաղուց պարբերական բնույթ են կրում և դարձել են Բաքվի քաղաքական գործիքակազմի ամենաակտիվ մեխանիզմներից մեկը։ Օրերս էլ տեղի ունեցավ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հերթական մեծամասշտաբ այցը դեպի Արցախի տարածքներ. ի դեպ, դա արդեն 22-րդ նման այցն էր 2020 թվականից ի վեր։ Այս թիվն ինքնին խոսուն է. այն վկայում է ոչ թե պատահական միջոցառումների, այլ խորապես մտածված, պլանավորված և համակարգված քարոզչական արշավի մասին ։
Այցին մասնակցում էին շուրջ 150 դիվանագետներ և ներկայացուցիչներ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։ Դեսպաններն այցելել են Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ և Քարվաճառ՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքներին։ Երբ մենք խոսում ենք այս թվերի և աշխարհագրության մասին, պետք է հասկանանք, որ դրանք պատահականության արդյունք չեն։ Ադրբեջանը ներդրումներ է կատարում ոչ միայն ճանապարհների, օդանավակայանների և շենքերի կառուցման մեջ, այլև, թերևս առաջին հերթին, պատմության վերագրման, յուրացման, ինքնության վերաձևակերպման և այդ ամենի միջազգային լեգիտիմացման մեջ։
Ադրբեջանն այսպիսի այցերով մի շարք փոխկապակցված նպատակներ է հետապնդում, որոնցից յուրաքանչյուրը զգույշ, չափակշռված է և ծառայում է ընդհանուր ռազմավարությանը։ Առաջին և հիմնական նպատակը միջազգային հանրությանը ցույց տալն է, որ օտարերկրյա պետությունները դե ֆակտո ընդունում են Ադրբեջանի վերահսկողությունը Արցախի ամբողջ տարածքի նկատմամբ։ Սա դիվանագիտական պրակտիկայի հին, բայց միշտ արդյունավետ մեթոդ է. երբ տասնյակ պետությունների դեսպանները ֆիզիկապես ներկա են գտնվում որևէ տարածքում՝ որպես որևէ պետության հյուրեր, քաղաքական իմաստ ունի՝ անկախ նրանից, թե այդ պետությունների պաշտոնական դիրքորոշումն ինչպիսինն է։ Ներկայությունը, կարծես, հավանության նշան է։ Յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր ձեռքսեղմում, յուրաքանչյուր մատնանշում ենթակառուցվածքի օբյեկտի վրա դառնում է նյութ, որը հետագայում օգտագործվում է միջազգային հարթակներում՝ որպես «իբր» ընդունվածության ապացույց։
Երկրորդ նպատակը դիվանագետներին ներկայացնելն է իրենց կողմից իրականացվող քաղաքաշինական ծրագրերը, նոր մզկիթների կառուցումը և մշակութային վերափոխումները։ Այստեղ էլ երևում է խորամանկության բարձր աստիճանը։ Ադրբեջանական կողմը չի ներկայացնում իրավիճակն այնպես, ինչպես կա, այլ կառուցում է պատում-հորինվածք, որի համաձայն, տարածաշրջանում ընթանում է «վերածնունդ», «զարգացում» և «մշակութային հարստացում», իսկ այդ «պատումի» մեջ հայկական բնիկ բնակչությունը, հայկական եկեղեցիները, խաչքարերն ու մշակութային շերտը կա՛մ բացակայում են, կա՛մ վերագրվում են այլ ժողովուրդների։ Այդպիսով, Ադրբեջանը ցանկանում է լեգիտիմացնել իր կողմից Արցախի բռնազավթումը՝ այն մատուցելով ոչ թե որպես ուժի կիրառման և բնակչության բռնագաղթի արդյունք, այլ որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»՝ կցելով դրան մշակութային և քաղաքակրթական առաքելության կեղծ պատկերացում։
Արժե հիշել, որ ավելի վաղ՝ հատկապես 2021-2022 թվականներին, երբ Ադրբեջանը կազմակերպում էր առաջին դիվանագիտական այցերը դեպի Շուշի, զարգացավ մեծ քաղաքական սկանդալ։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները բազմիցս դեմ են արտահայտվել և հրաժարվել մասնակցել Բաքվի կողմից կազմակերպված պաշտոնական ուղևորություններին դեպի Շուշի։ Որոշ այցերից հրաժարվել էր նաև Ռուսաստանի դեսպանը։ Այս փաստը չափազանց կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ միջազգային հանրության զգալի մասը (առնվազն սկզբնական շրջանում) գիտակցում էր այս այցերի քաղաքական բնույթը և չէր ցանկանում դառնալ Բաքվի քարոզչական խաղի գործիք։
Սակայն ժամանակի ընթացքում տեղի ունեցավ նուրբ փոփոխություն. դիվանագիտական դիմադրությունը թուլացավ, բոյկոտի գիծը խզվեց, և այսօր արդեն 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչները մասնակցում են այցերին, որոնցից մի քանի տարի առաջ հրաժարվում էին աշխարհի առաջատար պետությունների դեսպանները։ Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց։ Թերևս փոխվեց այն, որ Ադրբեջանը հետևողականորեն և համակարգված կերպով շարունակեց իր աշխատանքը, իսկ հայկական կողմի դիմադրությունն ու միջազգային գործընկերների հետ աշխատանքը գործնականում դադարեցին գոյություն ունենալ։ Դիվանագիտության մեջ վակուումը երբեք չի մնում վակուում. այն լցվում է ավելի ակտիվ ու ավելի նպատակաուղղված կողմի «ձեռքով», և այսօր մենք հենց սրա ականատեսն ենք։
Հատկապես ցայտուն է այդ աշխատանքի բովանդակային կողմը։ Այս անգամ Գանձասարում ունեցած իր ելույթում Հիքմեթ Հաջիևը վանքը հռչակեց որպես «Կովկասյան Աղվանքի» մշակութային ժառանգություն։ Նա հայտարարեց, թե իբր հայկական կողմն անցած տարիներին «ձևափոխել է» հուշարձանի իրական տեսքը։ Այստեղ մենք հանդիպում ենք ադրբեջանական պատմական քարոզչության ամենախորունկ և ամենավտանգավոր հատվածին։ Գանձասարը, որը հայկական ճարտարապետության բացառիկ մարգարիտներից է, որի արձանագրությունները, խաչքարերն ու շինարարական շերտը դարեր շարունակ փաստել են իր հայկական ծագումը, հանկարծակի հայտարարվում է «աղվանական»։
Այս մեթոդը նորություն չէ. այն կիրառվել է տասնամյակներ շարունակ Նախիջևանի հին Ջուղայի խաչքարերի, Արցախի հարյուրավոր եկեղեցիների ու վանական համալիրների նկատմամբ։ Եվ դրա տրամաբանությունը պարզ է. եթե հնարավոր չէ ժխտել հուշարձանի գոյությունը, ապա պետք է փոխել նրա պատկանելությունը։ Սա մշակութային յուրացման դասական սխեմա է, որն ուղղված է ապագայի համար իրավական և պատմական «հիմքեր» ստեղծելուն։ Վաղը չէ մյուս օրը հարց է ծագելու, թե ո՞ւմ է պատկանում այս ժառանգությունը, իսկ Բաքուն արդեն պատրաստված պատասխան կունենա, որը տարիներ շարունակ արմատավորվել է դիվանագետների, լրագրողների և միջազգային կարծիք ձևավորողների գիտակցության մեջ։ Դեպքը, սակայն, հասնում է անգամ ծայրահեղ աբսուրդի։ Համացանցում տարածված տեսանյութերի համաձայն, Հաջիևը դիվանագետներին է ներկայացրել թանգարանային վերատպության մի գիրք (մուլ յաժ), որի դատարկ էջերը փորձել է մատուցել որպես «հայերի կողմից պատմությունը կեղծելու» կամ «պատմություն չունենալու» ապացույց։
Ադրբեջանի այսպիսի կեղծարարության դեմ կան առանձին մասնագետների, գիտնականների, հասարակական կազմակերպությունների և համացանցային ակտիվիստների ջանքերը, սակայն դրանք չեն կարող փոխարինել պետության ռեսուրսին, պետության դիվանագիտական ապարատին, պետության համակարգված ռազմավարությանը։ Հայ պատմաբանները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մշակութային ժառանգության պահպանման կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի այս քաղաքականությունը։ Նրանք ահազանգում են, որ Բաքուն պետական մակարդակով փորձում է ջնջել Արցախի հայկական հետքը՝ եկեղեցիները ներկայացնելով աղվանական, իսկ մյուս կոթողները, օրինակ՝ Շուշիի պատմական գերեզմանատունը կամ Ստեփանակերտի տաճարը, հիմնովին ավերելով։ Այս ահազանգերը հիմնավորված են, փաստարկված են և արձանագրված են բազմաթիվ լուսանկարներով, արբանյակային պատկերներով և դիտորդական զեկույցներով։ Սակայն ահազանգը, որն արձագանք չի ստանում պետական մակարդակով, չի վերածվում միջազգային քաղաքական նախաձեռնության, չի հասնում միջազգային դատարաններ, չի դառնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ Եվրոպայի խորհրդի հաստատական օրակարգ, մնում է օդում կախված ձայն, որը աստիճանաբար խլանում է։
Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը՝ որպես պետություն։ ՀՀ իշխանությունների կողմից պետական մակարդակով ոչ մի նախաձեռնողականություն, հակադարձում չկա. միայն ԱԺ նախագահը «ձեռքի հետ» մի ձևակերպում արեց, այն էլ՝ այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարց ուղղեց այդ թեմայով։ Չնայած, ավելի լավ էր՝ դա էլ չասեր, այնքան լղոզված ու վախեցած էր պատասխանը. «Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են: Բայց, մյուս կողմից, լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»: Ու վերջ, մնացյալը քար լռություն են պահում: Ավելին, մինչ Ադրբեջանում դեսպաններին վերցրած պտտեցնում են Արցախի բռնազավթված տարածքներում, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հեծանվավազքով կամ Սևանում լողալով են զբաղված։ Այս հակադրությունը ոչ թե հռետորական հնարք է, այլ իրականության դառն արտացոլանք, երբ պետության բարձրագույն ղեկավարության հանրային օրակարգում ինքնության, ժառանգության և պատմական իրավունքի հարցերը բացակայում են։
Իսկ երբ դրանք փոխարինվում են մասնավոր հանգստի ու ներքաղաքական գործընթացների պատկերներով, դա ուղիղ ազդանշան է, որ այս հարցերն այլևս առաջնահերթություն չեն։ Այստեղ անհրաժեշտ է ավելի խոր ու լայն հայացք գցել խնդրի վրա, քանի որ խոսքը միայն ընթացիկ իշխանությունների գործունեության կամ անգործության մասին չէ, այլև Հայաստանի պետական մտածողության կառուցվածքային թերության մասին։
Հայկական կողմն իր ունեցած հարուստ ժառանգությունը և պատմական եղելությունները չի կարողանում ներկայացնել, իսկ Ադրբեջանը ոչ միայն հորինելով է զբաղված, այլև հորինածը ներկայացնելով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկկողմ քաղաքական ակտիվ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան–Գերմանիա հարաբերությունների հետևողական զարգացման, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով տարբեր հարթակներում սերտ փոխգործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Գերմանիա, Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։
Կարծում եմ՝ վարչապետը բավարար արձագանքել է ռազմաբազայի հարցին: Այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարանում լրագրողների հարցերին, որոնք խնդրեցին մեկնաբանել ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ իրավիճակը:
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող չնկատել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության հարաբերություններ են, որտեղ քննարկումը բազմազան օրակարգերի շուրջ է, և եթե ՌԴ-ի կողմից ռազմաբազան դուրս բերելու առաջարկ կա, Հայաստանի Հանրապետությունը դրան դեմ չի լինելու:
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, պատգամավորը նշեց՝ ՀՀ-ն հստակ իր դիրքորոշումն ասել է Սահմանադրության փոփոխության կապակցությամբ:
«Միակ մարմինը, որ կարող էր մեկնաբանել Սահմանադրությունը և դրան հղում արվող այլ փաստաթղթեր, ՍԴ-ն է, որը հստակ ամրագրել է, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի ներառում իր հարևաններից և որևէ մեկի նկատմամբ: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է, իսկ նոր Սահմանադրության մասին վարչապետը խոսել է դեռևս 2020-ի փետրվարին: Վստահաբար հիշում եք այն միջավայրը, որում արվել են այդ հայտարարությունները»,- ասաց Ղազարյանը:
Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին, ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի, նոր այդ մասին կխոսի:
«Նոր Սահմանադրությունը զրոյից գրվող տեքստ է, վստահաբար դրա շուրջ դեռ քննարկումներ կունենանք»,- նշեց նա:
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք Լճաշեն գյուղի տարածքում իրականացնում են ապօրինի հանքարդյունահանում։
Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ տևական ժամանակ, առանց հատուկ թույլտվության, համայնքապետարանից վարձակալած հողատարածքում իրականացվել է ձեռնարկատիրական գործունեություն՝ արդյունահանած զանգվածը հատուկ սարքերով տեսակավորել և օգտագործել են իրենց ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, երեք անձ ձերբակալվել է։
Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը և շրջակա միջավայրին պատճառվել է խոշոր չափերի վնաս։