Blog

  • Լավրովը մեկնել է Թեհրան

    Լավրովը մեկնել է Թեհրան Նա հանդիպումներ կունենա Մասուդ Փեզեշքիանի և Աբբաս Արաղչիի հետ։
  • Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում



    Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

    Բանկի մասնակցությունը համաժողովին պայմանավորված է կայուն զարգացման և պատասխանատու ֆինանսավորման ոլորտում ստանձնած հանձնառություններով։ Կոնվերս Բանկում ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքները փուլային կերպով ներառվում են բոլոր գործընթացներում՝ ռիսկերի գնահատումից և ֆինանսավորման որոշումներից մինչև նոր պրոդուկտների մշակում ու ներքին գործընթացների կազմակերպում։

    Կանաչ լուծումներ՝ անհատների և բիզնեսի համար

    COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում կներկայացվեն ֆինանսական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս կայուն ընտրությունը վերածել իրագործելի ներդրման։

    Այցելուները կկարողանան տեղեկանալ էլեկտրամոբիլների ձեռքբերման, արևային էներգահամակարգերի տեղադրման, բնակարանների էներգաարդյունավետության բարձրացման, բիզնեսների արդիականացման, ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման, վերականգնվող էներգիայի և կանաչ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունների մասին։

    Այս լուծումները նպաստում են էներգիայի սպառման և արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մաքուր տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը։

    «Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ֆինանսավորվող նախաձեռնություն կարող է ստեղծել դրական ազդեցություն։ COP17-ին մասնակցությունը հնարավորություն է՝ ներկայացնելու ոչ միայն Բանկի կանաչ պրոդուկտները, այլև կայունության նկատմամբ մեր համակարգային մոտեցումը։ Կայունությունը մեզ համար պարզապես ռազմավարություն չէ․ այն ապագան ձևավորելու մեր մոտեցումն է»,- նշում են Կոնվերս Բանկում։

    Կանաչ ֆինանսավորում՝ չափելի արդյունքներով

    2017–2025 թվականներին Կոնվերս Բանկը շարունակել է ֆինանսավորել կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված նախաձեռնություններ՝ վերականգնվող և մաքուր էներգիայի արտադրությունից մինչև էլեկտրամոբիլներ, ենթակառուցվածքների արդիականացում և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն լուծումներ։

    • Կորպորատիվ և մանրածախ վարկավորման միջոցով Բանկը ֆինանսավորել է շուրջ 172,000 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային համակարգերի տեղադրում, որոնք տարեկան ապահովում են մոտ 240,000 ՄՎտժ մաքուր էներգիայի արտադրություն և նպաստում են տարեկան շուրջ 100,000 տոննա CO₂ արտանետումների կրճատմանը։

    Այս արդյունքները ցույց են տալիս, որ ֆինանսավորումը կարող է դառնալ արտանետումների նվազեցման, մաքուր էներգիայի տարածման և կայուն տնտեսական զարգացման գործնական միջոց։

    Կայունությունը սկսվում է Բանկի ներսից

    Կոնվերս Բանկը կայունության սկզբունքները կիրառում է նաև սեփական գործունեության մեջ։ Բանկի 16 մասնաճյուղերում տեղադրված են թղթի և պլաստիկի տեսակավորման տարաներ, ինչի արդյունքում տեսակավորվել և վերամշակման է հանձնվել մոտ 4 տոննա պլաստիկ և 21 տոննա թուղթ՝ խնայելով ավելի քան 400 ծառ և մոտ 6 տոննա նավթ:

    Թափոնների տեսակավորման գործընթացում ներգրավված են Բանկի աշխատակիցները՝ իրենց ամենօրյա գործողություններով նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և պատասխանատու աշխատանքային մշակույթի ձևավորմանը։

    Սոցիալական ազդեցություն և ներառական զարգացում

    Կոնվերս Բանկը սոցիալական պատասխանատվությունը դիտարկում է որպես ESG քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Բանկն իրականացնում է համայնքների զարգացմանը, կրթական նախաձեռնություններին, սոցիալական ներառականությանը և խոցելի խմբերի աջակցությանը միտված ծրագրեր։

    Բանկն աջակցում է կանանց ձեռներեցությանը «Կանայք բիզնեսում» (Women in Business, WIB) ծրագրի և ֆինանսավորման տարբեր գործիքների, այդ թվում՝ ՓՄՁ և կորպորատիվ վարկերի, լիզինգի, շրջանառու միջոցների ֆինանսավորման և օվերդրաֆթի միջոցով՝ նպաստելով նրանց բիզնես նախաձեռնությունների զարգացմանը, մրցունակության բարձրացմանը և համայնքների ներառական տնտեսական աճին։

    Միաժամանակ Բանկը ձևավորում է անվտանգ, ներառական և աջակցող աշխատանքային միջավայր՝ ապահովելով աշխատակիցների մասնագիտական աճը, գաղափարների փոխանակումը և մասնակցությունը Բանկի երկարաժամկետ զարգացմանը։

    Միջազգային հանձնառություններ

    Կոնվերս Բանկը միացել է կայուն զարգացման ոլորտում գործող միջազգային հեղինակավոր նախաձեռնություններին։

    UNEP Finance Initiative-ին անդամակցությամբ Բանկը կայունության և շրջակա միջավայրի պահպանության սկզբունքներն ինտեգրում է գործունեության տարբեր ուղղություններում։

    Partnership for Carbon Accounting Financials-ին միանալով՝ Բանկը պարտավորվել է կիրառել միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանություն և գործիքակազմ՝ ֆինանսական գործունեությունից բխող ածխածնային արտանետումները հաշվարկելու և հրապարակելու համար։

    Որպես UN Global Compact-ի անդամ՝ Կոնվերս Բանկը հավատարիմ է մարդու իրավունքների, աշխատանքային հարաբերությունների, շրջակա միջավայրի պահպանության և հակակոռուպցիոն սկզբունքներին։

    Ֆինանսավորում, որը ձևավորում է ապագան

    COP17-ին մասնակցությամբ Կոնվերս Բանկը ներկայացնում է կայունության նկատմամբ ամբողջական մոտեցում, որտեղ ֆինանսավորումը զուգակցվում է բնապահպանական պատասխանատվության, սոցիալական ազդեցության և կառավարման բարձր չափանիշների հետ։

    Բանկը շարունակելու է մշակել և ընդլայնել այնպիսի ֆինանսական լուծումներ, որոնք օգնում են անհատներին ու բիզնեսներին կատարել ավելի ռեսուրսախնայող և պատասխանատու ընտրություններ՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի ցածր ածխածնային տնտեսության անցմանը։


  • Կիևը կրկին կրակի տակ է․ կան զոհեր և վիրավորներ

    Հոկտեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ենթարկվել է ռուսական լայնածավալ օդային հարձակման։ Օգտագործվել են բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

    Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։ Վնասներ են կրել բնակելի շենքեր և քաղաքային ենթակառուցվածքներ։ AP-ի հաղորդմամբ հարվածների հետևանքները գրանցվել են մայրաքաղաքի մի քանի շրջաններում։

    Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ վնասվել են 25-հարկանի բնակելի շենք, մետրոյի կայարան, բժշկական հաստատություն և այլ շինություններ։ Դեպքի վայրերում աշխատել են արտակարգ ծառայությունները՝ իրականացնելով փրկարարական և վերականգնման աշխատանքներ։ Reuters-ի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է կին, իսկ մի քանի մարդ ստացել է վնասվածքներ։

    Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը փորձել են կասեցնել հարձակումը։ չեզոքացվել է 243 անօդաչու թռչող սարք և չորս հրթիռ, սակայն հարվածները վնասներ են պատճառել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

  • Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել





    Հոկտեմբերի 18-ի գիշերը ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Հարձակման հետևանքով զոհվել է 21-ամյա մի աղջիկ, ևս ութ մարդ վիրավորվել է, հայտնել են Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունից (ԳԱԻԾ)։ Գնդակոծության ընթացքում վնասվել է քաղաքի ձախ ափին գտնվող «Չեռնիգովսկայա» մետրոպոլիտենի վերգետնյա կայարանը։

     Կայարանի հարևանությամբ բեկորների ընկնելու հետևանքով տեղի է ունեցել երթևեկային և կոնտակտային ռելսերի խզում։ Կիևի Սոլոմյանսկի շրջանում հրթիռի բեկորները հարվածել են 25-հարկանի բնակելի շենքի առաջին հարկին և ընկել բժշկական հաստատության վրա։

    Բացի այդ, Դնեպրովսկի շրջանում արձանագրվել է հարված ոչ բնակելի կառուցապատման տարածքին։




    դիտվել է 131 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

  • Կողոպտիչները ջախջախել են Մարսելի պաշտոնական խանութը. ակումբը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ

    Ֆրանսիայում կյանքի թանկացման, գնաճի, վառելիքի գների բարձրացման և կրթական համակարգի խնդիրների դեմ սկսված համազգային բողոքի ակցիաները վերածվել են զանգվածային անկարգությունների, ոստիկանության հետ բախումների և համատարած թալանի։ Ամենաթեժ կետերից մեկը դարձել է Մարսելը, որտեղ կողոպտիչների թիրախում է հայտնվել նաև «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբի պաշտոնական խանութը։

    Կիրակի լույս երկուշաբթի գիշերը տասնյակ մարդիկ հարձակվել են Մարսելի կենտրոնական Կանեբիեր փողոցում գտնվող ակումբի պաշտոնական խանութի վրա։ Սոցիալական ցանցերում և տեղական մեդիայում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են անկարգությունների մասնակիցները ջախջախում ցուցափեղկերը, ներխուժում ներս և թալանում խանութը։

    Երկուշաբթի առավոտյան ֆրանսիական ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով կատարվածը.

    ««Օլիմպիկ Մարսելն» ամենայն խստությամբ դատապարտում է բռնության և կողոպուտի այն գործողությունները, որոնց թիրախում է հայտնվել Կանեբիեր փողոցում գտնվող մեր պաշտոնական խանութը, և իր համերաշխությունն է հայտնում խանութը շահագործող գործընկերոջը՝ Puma ընկերությանը։ Այս իրադարձությունները զգալի նյութական վնաս են պատճառել, ինչի հետևանքով ակումբը ստիպված է ժամանակավորապես փակել խանութն այցելուների համար։

    Այդուհանդերձ, երկրպագուները կարող են շարունակել օգտվել քաղաքում գործող մեր մյուս պաշտոնական խանութներից։ Ակումբը լրացուցիչ կտեղեկացնի խանութի վերաբացման մասին, երբ հանգամանքները թույլ տան։ «Մարսելը» նաև շնորհակալություն է հայտնում Puma-ի և ակումբի աշխատակիցներին, որոնք առաջին իսկ վայրկյաններից բացառիկ սառնասրտություն և պրոֆեսիոնալիզմ են դրսևորել իրավիճակին դիմակայելու համար»,— նշված է ակումբի հաղորդագրության մեջ։

    30 հազար կողոպտիչ և ջախջախված քաղաք. իրավիճակը Մարսելում

    AFP-ի փոխանցմամբ՝ Մարսելում տիրող իրավիճակն աննախադեպ է եղել։ Ոստիկանության պրեֆեկտուրան քաղաքում հաշվառել է ավելի քան 30 հազար կողոպտիչի, որոնցից 8 հազարն անկարգությունների ամենաթեժ պահին մասնակցել են ակտիվ ջարդերին։ Ցուցարարները ներխուժել են անգամ քաղաքապետարանի նախասրահ և հարձակվել մունիցիպալ ոստիկանության կենտրոնական բաժանմունքի վրա։

    Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը խոստովանել է, որ քաղաքը ավերվել է, քանի որ հնարավոր չի եղել ապահովել հասարակական կարգը։ Տարածաշրջանի ղեկավարության գնահատմամբ՝ հարձակման են ենթարկվել հարյուրավոր առևտրի կենտրոններ՝ սկսած համեստ հագուստի սրահներից, օպտիկայի և հեռախոսների խանութներից մինչև ոսկու սրահներ ու համաշխարհային բրենդների (Rolex, Louis Vuitton, Chanel, Lacoste) բուտիկներ։ Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ «ջարդարարները հանգիստ առևտուր էին անում՝ առանց վճարելու, մինչև այլևս գողանալու ոչինչ չմնաց»։

    Տուժել է նաև ֆրանսահայ գործարար

    Անկարգությունների ընթացքում տուժել է նաև Մարսելում հայտնի «Armenak» հագուստի և կոշիկի բրենդի հիմնադիր, 68-ամյա Շառլ Քումրույանը։ Հայ գործարարը շաբաթ օրը փորձել է անձամբ կանգնեցնել իր խանութ ներխուժած մոտ հիսուն ջարդարարների, սակայն ենթարկվել է բռնության։

    «Գործ ունեի օրենք ու բարոյականություն չճանաչող երիտասարդների հետ։ Նրանք հրեցին ինձ, ես ընկա գետնին, ու նրանք անցան վրայովս՝ տրորելով ինձ»,— պատմել է Քումրույանը՝ նշելով, որ տեղի ունեցածից հետո բարոյապես ջախջախված է։

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում մեկնարկած ցույցերին, ըստ ներքին գործերի նախարարության, մասնակցել է 550 հազար, իսկ ըստ կազմակերպիչների՝ մինչև 800 հազար մարդ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, ով երկուշաբթի օրը ժամանել է Մարսել, հայտնել է երկրի մասշտաբով ավելի քան 2000 ձերբակալվածների մասին՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդերին ու կողոպուտին մասնակցած բոլոր անձանց։

    Աղբյուրը՝ Armsport.am:

     

  • Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան

    Համաշխարհային բանկի տվյալներով՝ առաջիկա 10–15 տարիների ընթացքում շուրջ 800 միլիոն երիտասարդ կարող է մնալ առանց աշխատանքի։ Նշված ժամանակահատվածում զարգացող երկրների աշխատաշուկա կմտնեն ընդհանուր առմամբ շուրջ 1,2 միլիարդ երիտասարդ մարդիկ, մինչդեռ այդ ընթացքում կստեղծվի ընդամենը 400 միլիոն նոր աշխատատեղ։ Սա համարվում է լուրջ մարտահրավեր՝ հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման և կիրառման արագությունը:

    Վստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք։ Այդ մրցավազքում հրթիռների կամ զրահատեխնիկայի քանակը, զինծառայողների համազգեստի որակը, սնունդի տեսակը կամ ֆիզպատրաստվածությունն անէական ու երրորդային հարցեր են լինելու:

  • Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ



    Հասարակություն





    Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

     

    Բանկի գործունեության՝ Կայուն զարգացման նպատակներին համապատասխանության ցուցանիշը կազմել է 71%, ինչը վկայում է կենսակայունության ոլորտում Բանկի բարձր մակարդակի մասին (Strong)։ Այս արդյունքն արտացոլում է կայուն զարգացման հիմնական ուղղություններով Յունիբանկի հետևողական աշխատանքը և Հայաստանում կայուն ֆինանսավորման զարգացմանը նպաստելու հանձնառությունը։ Առավել բարձր գնահատականը Բանկը ստացել է կառավարման ոլորտում։ Գնահատման ընթացքում ընդգծվել են Բանկի ներքին քաղաքականություններն ու ընթացակարգերը, այդ թվում՝ Գործարար վարվելակերպի կանոնները, ինչպես նաև ազդարարման և խարդախությունների կառավարման մեխանիզմները։

     

    Սոցիալական ոլորտում կարևորվել են աշխատակիցներին տրամադրվող արտոնություններն ու կանանց ներգրավվածության մակարդակը։ Կանայք կազմում են Յունիբանկի աշխատակազմի 70,4%-ը, իսկ ղեկավար կազմում նրանց մասնաբաժինը հասնում է 38%-ի։

     

    Բնապահպանական ոլորտում դրական են գնահատվել մինչև 2030 թվականը էներգասպառումը 15%-ով կրճատելու Յունիբանկի հանձնառությունը, արևային էներգիայի օգտագործումը և կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառումը, ինչպես նաև կլիմայական ռիսկերի ինտեգրումն ուժեղացնելու և «կանաչ» պորտֆելի մասնաբաժինն ընդլայնելու հեռանկարները։

     

    Յունիբանկը կշարունակի կատարելագործել իր ESG գործելակերպը և առաջարկել Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը նպաստող ֆինանսական լուծումներ։

     

    Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 




  • Հաջողությունն ու առաջընթացն ակնառու են, երբ մեկտեղվում են հմուտ կառավարումն ու պրոֆեսիոնալ թիմի գործ

    Սասուն Ավետիսյանը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խոշոր կազմակերպիչներից է։ Նրա կենսագրությունը ներառում է մի շարք  ընկերությունների հիմնում, ղեկավարում, զարգացում և այնպիսի ցուցանիշների գրանցում, որոնց շնորհիվ այդ ընկերություններից շատերը խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում են վերին հորիզոնականներ։

    Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը, որն այն ժամանակ ամենահեղինակավորներից էր։

    Բուհում ստացած գիտելիքները լայն կիրառություն են գտել նաև հանքարդյունաբերության բնագավառում։

    2005 թվականին գործընկերների հետ հիմնադրել է «Վանդ-Սա» ՍՊ ընկերությունը, որը հիմնադրման 3-րդ տարվանից դարձել է հանքարդյունաբերության ոլորտում պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների խոշորագույն մատակարար։

    2006 թվականին գործընկերների հետ հիմնադրել է «Վանդ-Գասս» ՍՊ ընկերությունը, որն իրականացնում է երկրաբանահետախուզական աշխատանքներ։

    2007 թվականին գործընկերների հետ ձեռք է բերել ճանապարհաշինական, քաղաքաշինական կառուցապատման և այլ շինարարական աշխատանքներ իրականացնող «Ապառաժ» ՍՊ ընկերությունը, որը սկզբնապես ունեցել է աննշան ֆինանսական շրջանառություն, իսկ ձեռք բերելուց կարճ ժամանակ անց դարձել է խոշոր հարկ վճարող։

    2010 թվականին գործընկերների հետ հիմնադրել է «Ապառաժ մայնինգ» ՍՊ ընկերությունը․ հաջորդ տարում Քաջարան քաղաքում կառուցվել և գործարկվել է էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության առաջին ու դեռևս միակ գործարանը Հարավային Կովկասում։ Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներքին արտադրության առկայությունն էապես նպաստել է, որ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտն անկախ լինի այդ արտադրանքի արտաքին մատակարարումից և ներմուծման հնարավոր խաթարումներից։ Արտադրությունը կազմակերպված է Եվրոպական հանրահայտ Orica ընկերության մշակած տեխնոլոգիայով։

    2013-2014 թվականներին, որպես գլխավոր տնօրեն, ղեկավարել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը, որի կառավարումը ստանձնելու ժամանակահատվածում գործընկերների հետ իրականացրել են հարստացուցիչ ֆաբրիկայի և հանքի համալիր վերազինում, բարելավվել են գործունեության բնապահպանական բնութագրերը, արտադրողականությունը բարձրացել է ավելի քան 30 տոկոսով, ինչի արդյունքում ընկերությունը դուրս է եկել վնասաբերության գոտուց ու գրանցել շահույթ։

    2015 թվականի մայիսին հիմնադրել և մինչ 2025 թվականը որպես գլխավոր տնօրեն ղեկավարել է «Էս ընդ Էյ մայնինգ» ՍՊ ընկերությունը, որը ծավալել է տնտեսական գործունեություն Կապանի լեռնահարստացման կոմբինատի ստորգետնյա հանքում՝ լեռնային աշխատանքների կատարման ծառայությունների մատուցմամբ։ Ներկայում ստորգետնյա և բաց լեռնային աշխատանքների կատարման ծառայություններ առաջարկող միակ մասնագիտացված կազմակերպությունն է Հայաստանում։

    2019 թվականի դեկտեմբերին ձեռք է բերել և որպես գլխավոր տնօրեն մինչ օրս ղեկավարում է «Լիճքվազ» ՓԲ ընկերությունը, որը ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրից արդյունահանում է տարեկան մինչև 200 հազար տոննա  հանքաքար։ Արդյունահանված հանքաքարը վերամշակվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում։ Լիճքվազ-Թեյի հանքավայրը հետախուզվել է դեռևս խորհրդային տարիներին։ Բազմաթիվ փորձեր են արվել հանքավայրի հիման վրա տնտեսական գործունեություն իրականացնելու, այդ թվում՝ ռուսական հայտնի «Պոլիմետալ» մասնագիտացված ընկերության կողմից, սակայն որևէ տնտեսվարող հաջողություն չի գրանցել։ «Լիճքվազ» ՓԲ ընկերությունը ձեռք բերելու և կառավարումը ստանձնելու հաջորդ տարվանից ընկերությունը գրանցել է իր պատմության մեջ առաջին շահույթը և երկրորդ տարվանից ներառվել ՀՀ խոշոր հարկատուների ցանկում՝ 4.2 միլիարդ ՀՀ դրամ ցուցանիշով։

    Խմբի գրեթե բոլոր ընկերությունները ներառվել են ՀՀ խոշոր հարկատուների ցանկում, իսկ դրանցից չորսն անդամակցում են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիային։

    2023թ․ հոկտեմբերին Սասուն Ավետիսյանը ձեռք է բերել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը և ներկայում այդ ընկերության կառավարման խորհրդի նախագահն է։

    Ընկերության կառավարումը ստանձնել է տեխնիկական հավաքակայանի և խոշոր սարքավորանքի ծայրահեղ անբարվոք վիճակում ու ֆինանսական անկումային ցուցանիշներով։

    Ընկերությունում հրատապ կարգով իրականացվել են կազմակերպական խորքային բարեփոխումներ, տեխնիկական վերազինման մասշտաբային ծրագրեր, որոնք ՓԲԸ-ի գործունեությունը բարձրացրել են տնտեսական արդյունավետության բոլորովին նոր  մակարդակի։

    Իրեն ուղղված հարցերին Սասուն Ավետիսյանը պատասխանում է պարզ ու անկեղծ ոճով։

     

    – Ծնվել եմ Քաջարանում, որտեղից մեր ընտանիքը մի քանի տարի անց տեղափոխվել է Վարդենիս։ Հայրս ժամանակին և՛ Քաջարանում, և՛ Վարդենիսում աշխատել է հանքարդյունաբերության ոլորտում ու գործունեությունը շարունակել նաև Երևան տեղափոխվելուց հետո։ Մոսկվայում ավարտելով լեռնամետալուրգիայի ինստիտուտը՝ նա վերադարձել է հայրենիք ու աշխատել նախընտրած մասնագիտությամբ։ Մայրս նույնպես աշխատել է այդ բնագավառում՝ գլխավոր հաշվապահ։ Այսինքն՝ աչք եմ բացել մի ընտանիքում, որն արդեն մասնագիտացել էր հանքարդյունաբերության ոլորտում։ Վեց տարեկան էի, երբ հայրս առաջին անգամ ինձ տարավ հանք։ Այդ օրվա տպավորություններս հիշում եմ մինչև հիմա։

    – Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կբնութագրեիք Կապանի լեռնահարստացման կոմբինատի տեղն ու դերը Հայաստանի, Սյունիքի մարզի տնտեսության մեջ և, իհարկե, Կապան համայնքում։

    – Կապանի կոմբինատը Հայաստանի ամենահին գործող արտադրություններից է։ Բառի խորքային իմաստով համայնքաստեղծ ձեռնարկություն է. առաջին հերթին այն առումով, որ Կապան քաղաքում ու հարակից բնակավայրերում ապրողների համար կոմբինատը տասնամյակներ շարունակ եղել է, կա ու կլինի աշխատատեղ ու եկամտի աղբյուր։ Բացի դրանից՝ արդյունաբերական այդ միավորը յուրահատուկ կանոնակարգված ռիթմ, կենսակերպ և նույնիսկ մտածելակերպ է հաղորդել հարակից համայնքների ու մասնավորապես Կապան քաղաքի բնակչությանը։ Համայնքն իր հերթին որոշակի ազդեցություն է ունեցել կոմբինատի առանձնահատկությունների վրա։ Այդ առումով՝ Կապանի կոմբինատն իր պատմական, սոցիալական, մշակութային միջավայրին սերտաճած, առանձնահատուկ միավոր է, ինչը համանման իրավիճակ է ստեղծում տնտեսվարողի համար, ով կհավակնի տնօրինել ու կառավարել այս կոմբինատը։ Երբ փորձել են դա անել միայն ծախսեր-շահույթ, կորզում-կորուստ, ներդրում–հետգնում և այս կարգի այլ չափորոշիչներով, առանձնապես չեն հաջողել։ Կոմբինատն առաջին հերթին մարդիկ են․ նրանց հասկանալու, նրանց ներուժը համարժեք գնահատելու և այդ ներուժով բարիք ստեղծել կարողանալու համար պետք է խորապես ճանաչել նրանց, լինել նրանցից մեկը։

    Այս կարգի ձեռնարկությունները Հայաստանում, ցավոք, շատ չեն. ամենախոշորը, վստահ եմ՝ գիտեք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Քաջարանի պղնձի և մոլիբդենի հանքավայրը Հայաստանում գունավոր մետաղների միակ հանքավայրն է, որը դասվում է համաշխարհային կարգի։ Դրանով պայմանավորված՝ այն շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն անվերապահորեն առաջատարն է ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, այլև տնտեսության իրական հատվածում ընդհանրապես։ Այդ հանքավայրն ու կոմբինատը հսկայական ներուժ ունեն։

    Մյուսը Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատն է, որը կարող է համարվել տարածաշրջանային նշանակության հանքավայր։ Տվյալ համալիրը համեմատաբար նոր է կառուցված, հագեցած է ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով։ Այդտեղ ևս զարգացման մեծ ներուժ կա։

    Ոլորտի խոշոր ձեռնարկություններից են Ագարակի կոմբինատը, Սոթքի ոսկու հանքավայրն ու Արարատի հարստացուցիչ ֆաբրիկան, Շամլուղի պղնձի հանքի հիմքի վրա գործող Ախթալայի կոմբինատը, Մեղրաձորի հանքը և այլն։

    Հանքարդյունաբերությունում՝ վերջին շրջանում, սպասվում է նաև նոր համալրում՝ Ամուլսարի լեռնահանքային համալիրի գործարկում, որն էապես ավելացնելու է ոլորտի ներդրումը Հայաստանի տնտեսական զարգացման գործում։

    Զգալիորեն ավելացրել ենք կոմբինատի մասնակցությունը Կապան համայնքի սոցիալական զարգացման գործում՝ ֆինանսական արտահայտությամբ այն հասցնելով տարեկան 300 մլն դրամի: Աջակցության ծրագրերն ընդգրկում են տրանսպորտային, կրթական, առողջապահական, ճանապարհաշինության, մշակութային և այլ ոլորտներ։

    Եթե հանքարդյունաբերության ոլորտում և Հայաստանի տնտեսության մեջ Կապանի կոմբինատի տեղն ու դերն արձանագրելուց ղեկավարվենք այն չափանիշով, թե որքան հարկ է վճարվում ՀՀ պետական բյուջե, ապա 2025 թ. և 2026 թ. առաջին վեց ամիսների ցուցանիշներով «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն երկրորդ խոշոր հարկ վճարողն է հանրապետության ընդերքօգտագործողների շարքում՝ Քաջարանի կոմբինատից հետո։

    2026 թվականի առաջին վեց ամիսներին «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել  15.7 միլիարդ ՀՀ դրամ, որն էապես գերազանցում է 2023 թվականի նույն ցուցանիշը։

    Տնտեսական ցուցանիշների բարելավմանը զուգահեռ ընկերությունում ստեղծվել է ավելի քան 800 նոր աշխատատեղ, բարձրացվել են աշխատավարձերը, բարելավվել են աշխատանքային պայմանները, անվտանգային և բնապահպանական բնութագրերը։

    – Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը, և ինչի՞ շնորհիվ եք հասել Կապանի կոմբինատի այդպիսի դրական դինամիկայի։

    – Ինչպես արդեն նշեցի՝ առանցքում մարդիկ են՝ աշխատողները։ Հաջողության գրավականը լավ թիմ ստեղծելն է. թիմային աշխատանքով հասանելի են դառնում հանգամանքներ, որոնք ավելի են, քան առանձին անհատների ջանքերի պարզ հանրագումարն է։ Լավ թիմը ենթադրում է նաև որակյալ մասնագետների ճիշտ ընտրություն։ Յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր տեղում, և այդ դեպքում նրանց միասնական գործունեությունը կնմանվի լավ աշխատող ժամացույցի մեխանիզմի։ Հանքարդյունաբերության ոլորտը նման է այդ մեխանիզմին։ Եթե կարևոր բաղադրիչներից մեկը խափանվի, ապա ամբողջ համակարգի աշխատանքը կխաթարվի։ 

    Այդքանով հանդերձ՝  յուրաքանչյուր կառույց պետք է ունենա արհեստավարժ ղեկավար, հմուտ մասնագետ, ով լավագույնս տիրապետում է իր գործին, հասկանում է աշխատանքի յուրահատկությունները, իր հերթին ընտրում է  ունակ տեղակալներ ու ենթականեր՝ հերթափոխի պետից մինչև բանվոր։

    Երբեք կողմ չեմ եղել ամեն ինչ ինքնուրույն և միայնակ անելու գործելաոճին։ Ղեկավարը պետք է զբաղվի արտադրության հետ կապված գլոբալ հարցերով։ Բացառված է, որ խոշոր ձեռնարկությունում տնօրենը զբաղվի բոլոր հարցերով, և այդ ձեռնարկությունը հաջողության հասնի։ Տնօրենը պետք է կարողանա կողմնորոշվել՝ ում կարելի է վստահել, ում և ինչ կարելի է պատվիրակել, պետք է ապահովի թիմային ներդաշնակ աշխատանք, բոլոր օղակների փոխգործակցություն։ Ժամանակի ընթացքում այդ ուղղությամբ կատարել ենք մեծածավալ աշխատանք, որպեսզի հետագայում 24 ժամ շարունակ հենվենք կուռ և աշխատող թիմի վրա։

    – Լավ թիմը, որքան տեսնում ենք, հաջողության բանաձևի հիմնական բաղադրիչն է, սակայն, կարծում ենք, անհրաժեշտ էին նաև ներդրումներ, որպեսզի առողջացման ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչվեին։

    – Արտադրական միավորները ճգնաժամից դուրս բերելու որոշակի փորձ արդեն կուտակել էինք Ախթալայի և Լիճքվազի օրինակներով։

    Կապանի ԼՀԿ-ն մեզ փոխանցվեց ֆինանսական այնպիսի վիճակում, որ նույնիսկ Ախթալայում ու Լիճքվազում ինձ հետ միասին հաջողություն գրանցած մեր որոշ թիմակիցներ դրությունը համարում էին անհույս։

    Հենց սկզբից յուրաքանչյուր ծախսվող դրամի վրա հաստատեցինք խիստ վերահսկողություն, որովհետև անհնար էր այդքան պարտքերը միաժամանակ սպասարկել, զուգահեռաբար մարել բանկային վարկը, վճարել հարկերը, աշխատավարձերը…

    Բանակցեցինք բոլոր պարտատերերի հետ, համաձայնեցրինք վճարումների նոր ժամանակացույց և դա այլևս չխախտեցինք։ Այդ մարդկանց համար կոմբինատն այլևս անհուսալի պարտապան չէր, այլ՝ վստահելի, պարտաճանաչ գործընկեր։

    Վերահսկելով բոլոր գործընթացները՝ դուրս եկանք ճգնաժամային իրավիճակից։ Ու երբ ձևավորվեցին ազատ միջոցներ, որոնք նույնպես ներդրվեցին ընկերության զարգացման մեջ, սայլը հետզհետե տեղից շարժվեց։

    Ի սկզբանե տարանջատեցինք կարճաժամկետ ու միջնաժամկետ անելիքները, ինչը բխում էր մեր ռազմավարությունից։

    2023 թվականից՝ կոմբինատը ձեռք բերելու շրջանում, կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարների համար մշակվեց երկու տարբեր պլան։ Միաժամանակ զբաղվեցինք զարգացման հեռանկարային ծրագրերով։

    Կապանի կոմբինատը չուներ պահուստային պաշարներ, իսկ հանքը՝ գոնե հազար տոննա հանքաքար։ Այժմ հասել ենք այնպիսի հանգրվան, որ պաշարները բավարար են անխափան աշխատանքի համար։

    – Մեծամասշտաբ այդ ծրագրերի իրականացումը, անշուշտ, կարելի է պատկերացնել ընկերության աշխատակիցների պատշաճ մոտիվացմամբ, նրանց սոցիալական պաշտպանվածությամբ։

    – Մեր աշխատակիցները գիտեն, որ խոստացածը կյանքի ենք կոչելու։ Ներդրվել է աշխատակիցների մոտիվացման բազմաշերտ համակարգ,  ձևավորվել են ներկոլեկտիվային առողջ գործնական կապեր, փոխօգնության մթնոլորտ, բոլորն աշխատում են ասես մեկ մեծ ընտանիքում։ Նրանք վստահ են՝ իրենց աշխատանքը պահանջված է ու գնահատված, և խնդիրներ ունենալու դեպքում մյուսներն անպայման կաջակցեն իրենց։ Ղեկավարությունը, իր հերթին, պարտաճանաչ վարքագծով օրինակ է ծառայում աշխատողներին՝ նրանց մոտիվացնելով ու տրամադրելով ստեղծագործ աշխատանքի։

    2025 թվականից ձեռնարկություններում ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգ։ Ընտրել ենք բավականին լավ փաթեթ, որի շրջանակում անձնակազմը սպասարկվում է հանրապետության լավագույն բժշկական կենտրոններում։ Այդ քայլը բավականին մեծ արձագանք է ստացել, մեր խմբի մաս կազմող համեմատաբար փոքր ընկերությունները նույնպես միացել են առողջության ապահովագրության փաթեթին։

    – Ի՞նչ կանխատեսում ունեք Հայաստանի հանքային ոլորտի ապագայի վերաբերյալ։ Վերջերս Համաշխարհային բանկը Հայաստանի առնչությամբ հաշվետվություն էր հրապարակել, որում բավականին հոռետեսական գնահատական էր տրվում ոլորտի ապագային։ Ձեր գնահատականը։

    – Ինձ ծանոթ է այդ հաշվետվությունը։ Նշված որոշ խնդիրների ուղղությամբ արդեն շոշափելի առաջընթաց ունենք, բայց հիմնական մասը դեռևս պահպանվում է։ Ամենակարևորը, իհարկե, ընդերքօգտագործման ոլորտի ձեռնարկություններն օգտակար հանածոյի պաշարներով՝ երկարաժամկետ հեռանկարում ապահովելու հարցն է, որովհետև այդ ձեռնարկությունների կյանքը կախված է հաստատված պաշարների քանակից՝ լինի 10, 20, թե 50 տարվա կտրվածքով։ Անհրաժեշտ է իրականացնել ապագային միտված հետազոտություններ, կատարել համապատասխան ներդրումներ։

    Այդ հաշվետվության մեջ մեկ այլ խնդիր է մասնագիտական հանրության վերարտադրության և սերնդափոխության  շարունակականության ապահովումը։ Անհրաժեշտ է իրավիճակին արձագանքել արագ, ամենօրյա ռեժիմով աշխատել իրավիճակը շտկելու ուղղությամբ։

    Կապանի կոմբինատը մեր կառավարման շրջանում էապես ավելացրել է կրթական հաստատությունների հետ համագործակցությանն ուղղվող միջոցները։ Ծրագրեր են իրականացվում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ․ համագործակցության նոր ճակատ ենք պլանավորել, որում համատեղում ենք վերը նշված երկու խնդիրները լուծելու ջանքերը. Կապանի կոմբինատի՝ երկարաժամկետ հեռանկարում հումքային բազայի ընդլայնում և նոր մասնագետների պատրաստում։

    Համագործակցություն ենք սկսել նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ։

    Սա զարգացման այն ուղղությունն է, որը կարող է թույլ չտալ, որ ՀԲ բացասական կանխատեսումներն իրականանան։ Ոլորտը հեռանկար կունենա Հայաստանում, եթե այդ ապագան ապահովելու համար պատշաճ աշխատենք։

    Հաշվետվության մեջ կարևոր տեղ է հատկացված նաև բնապահպանական խնդիրներին։ Շրջակա միջավայրի պահպանությունը մեզ համար անվերապահորեն առաջնահերթություն է։ Մեր խմբի ընկերությունների ղեկավարների առջև խնդիր է դրված՝ համակարգված կերպով ապահովել շրջակա միջավայրի պատշաճ պահպանություն, իրականացնել մշտադիտարկում, կազմակերպել համալիր միջոցառումներ, որոնք կնպաստեն ազդակիր բնակավայրերում և տարածքներում կենսաբազմազանության պահպանությանը։

    – Ի՞նչ դեր ունի կամ կարող է ունենալ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան՝ ոլորտի առջև ծառացած խնդիրները լուծելու, ոլորտի առաջընթացն ապահովելու գործում։

    – Հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների միջև ձևավորվել են կառուցողական երկխոսության ու փոխգործակցության հստակ կանոններ, և բոլորը հիմնականում հետևում են այդ կանոններին։

    Խնդիրները բազմաշերտ են ու խորքային։ Շատ խնդիրներ ընդհանուր են գրեթե բոլոր ձեռնարկությունների համար, ու այդ առումով կարևորում ենք Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի դերակատարությունը։ Դա ուշագրավ և պահանջված հարթակ է՝ ոլորտի հարցերը միասին քննարկելու համար։

    Ասոցիացիան ու նրա անդամները համատեղ անելիքներ ունեն։ Եվ այն, անշուշտ, կարողանում է ճիշտ կազմակերպել իր գործառույթները՝ համախմբելով ճյուղի շահագրգիռ կողմերին։ Բոլորս պետք է համատեղ ջանքերով անենք հնարավորը, որ այդ կառույցն առավել արդյունավետ աշխատի։

     

    Հարցազրույցը՝

    Էմանուել Մարգարյանի

  • Ես ուզում եմ հստակ հայտարարել՝ անկարգnւթյուններ անողների և բռնության դիմողների նկատմամբ լինելու ենք անկոտրում

    «Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել՝ անկարգություններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք կլինենք անկոտրում»:

    Այս մասին հոկտեմբերի 18-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է France 24-ը:

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Այսօր երեկոյան ես դիմում եմ ձեզ բացառիկ լրջության պահին՝ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ երեկ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում՝ ինչպես մայրցամաքային տարածքում, այնպես էլ մեր անդրծովյան տիրույթներում:

    Հոկտեմբերի 17-ին ծայրահեղ ձախ ռադիկալների խմբերը, որոնց միացան բազմաթիվ իրավախախտներ, աննախադեպ բռնություններ իրականացրին մեր քաղաքների փողոցներում:

    Խանութները թալանվեցին, հասարակական շենքերն ու քաղաքապետարանները ենթարկվեցին հարձակումների, դրանցից մի քանիսը ավերվեցին: Մեր իրավապահ ուժերը բախվեցին արտակարգ դաժանության:

    Այսօր երեկոյան մենք բոլորս զայրույթ և ամոթ ենք զգում: Անտանելի է տեսնել մեր քաղաքների փողոցները նման վիճակում: Ինչպե՞ս կարող են ֆրանսիացիները նման կերպ վարվել Ֆրանսիայի հետ:

    Ազգի անունից ես իմ աջակցությունն եմ հայտնում մեր ոստիկաններին, ժանդարմներին և անվտանգության ուժերի բոլոր աշխատակիցներին, որոնք կատարեցին իրենց պարտքը բացառիկ բարդ հանգամանքներում:

    Բայց մենք երբեք չպետք է շփոթենք օրինական սոցիալական պահանջներ ներկայացնող քաղաքացիներին նրանց հետ, ովքեր ավերում են, ջարդում և թալանում:

    Ես հասկանում եմ ֆրանսիացիների մտահոգությունը կյանքի թանկացման, ինչպես նաև երիտասարդության, ուսանողների և նրանց ընտանիքների առջև ծառացած դժվարությունների հետ կապված: Այս պահանջները պետք է լսելի լինեն:

    Այնուամենայնիվ, ոչինչ չի արդարացնում բռնությունը:

    Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել՝ անկարգություններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք կլինենք անկոտրում: Լսելու և երկխոսություն վարելու պատրաստակամությունը չի նշանակում ո՛չ թուլություն, ո՛չ էլ անպատժելիություն:

    Ես հանձնարարել եմ կառավարությանը տեղի ունեցածից անել բոլոր անհրաժեշտ հետևությունները, այդ թվում՝ հետախուզական տեղեկատվության, նման իրադարձությունների նախապատրաստման և կանխարգելման հարցերում:

    Ես ակնկալում եմ հստակ պատասխաններ: Բոլոր հանգամանքները պետք է պարզվեն լիակատար թափանցիկությամբ:

    Պրեֆեկտները քաղաքապետների հետ համատեղ կայացնելու են անհրաժեշտ որոշումներ մեր քաղաքները, հասարակական շենքերը և ձեռնարկությունները պաշտպանելու համար: Անհրաժեշտության դեպքում այս միջոցները կարող են ներառել առանձին հավաքների արգելք:

    Միևնույն ժամանակ մենք պարտավոր ենք ապահովել, որ քաղաքացիների օրինական պահանջները լսվեն:

    Ես հանձնարարում եմ վարչապետին խորհրդակցություններ կազմակերպել քաղաքական կուսակցությունների, արհմիությունների, երիտասարդության ներկայացուցիչների և այլ հասարակական կազմակերպությունների հետ՝ կոնկրետ առաջարկություններ մշակելու համար:

    Կառավարությունը պետք է նաև մոբիլիզացնի օգնությունը անկարգություններից տուժածներին և աջակցություն ապահովի նրանց, ում ձեռնարկություններն ու գույքն ավերվել են:

    Ֆրանսիային անհրաժեշտ են կարգուկանոն, հանգստություն և միասնություն: Մենք պետք է պաշտպանենք hանրապետությունը, ապահովենք քաղաքացիների անվտանգությունը և միաժամանակ պահպանենք ժողովրդավարական երկխոսության հնարավորությունը:

    Բռնությունը չի կարող որոշել մեր երկրի ապագան:

    Մենք պետք է գործենք միասին, պատասխանատու կերպով և վճռականորեն»,- ասել է Մակրոնը:

  • Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

    Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր։

    Գրել է տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

    «Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի իննից սկսած փաստացի ընթանում է քաղաքացիական պատերազմ։

    Այո՛, այն դեռևս քաղաքական է, թեպետ իշխանությունները գործի են դնում ռեպրեսիվ ամբողջական ապարատը։

    Այո՛, այդ պատերազմը մեկնարկել է արյամբ՝ որպես մարդկային և տարածքային կորուստների հետևանք։

    Այո՛, այն ընթանում է բացառապես սառը եղանակով։

    Բայց խիզախենք կրկնել. մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք։

    Հայաստանը, ինչպես և ժամանակին զգուշացնում էինք, վերածվում է պառակտված քաղաքակրթության։ Բոլոր, անգամ ամենաավտորիտար կամ տոտալիտար երկրներում կան քաղաքական տարաձայնություններ, քաղաքական պայքար, քաղաքական լարվածություն, սակայն նրանցից շատ քչերն են թևափոխում նման պառակտման, նման պայքարի ամենավտանգավոր փուլ՝ պառակտված քաղաքակրթության, երբ հասարակությունը իր ձևական, ֆորմալիստական ամբողջականության մեջ, այնուհանդերձ, տրոհված է արմատապես իրարից տարբերվող արժեհամակարգերով, և դրա քարոզչական փաթեթավորումը Հայաստանում ներկայացվում է որպես «իրական և պատմական Հայաստանների» կռիվ։

    Քաղաքացիական պատերազմները, որպես կանոն, ունենում են երկու տիպի ավարտ։

    Առաջինը՝ կողմերից մեկի հաղթանակով։

    Հայաստանի պարագայում «հաղթանակի»՝ վերջնական արդյունքի ամրագրման շանս չունի կողմերից և ոչ մեկը։

    Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու քաղաքական առումով վերացնել առնվազն կես միլիոն իր տեսակետը միանշանակ և ակտիվ չկիսող, ինչպես նաև ընտրությունների չմասնակցելու ձևով նրան պասիվ դիմադրող մոտ մեկ միլիոն հայրենակիցների։

    Այս պահին տեսանելի շանս չունի նաև ընդդիմությունը, քանզի առաջնորդվում է իր անարդյունավետությունը ապացուցած գործիքակազմով, իսկ պոտենցիալ հաղթանակի պարագայում անգամ, մեկ է, ստիպված է լինելու գործ ունենալ փաշինյանական գաղափարաբանությունը փաստացի և իրականում կրող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ։

    Սակայն քաղաքացիական պատերազմներն ունենում են նաև այլ ելք, երբ հաղթում է երրորդ կողմը՝ որպես հետևանք հաշտեցնելով հասարակությունը և երկիրը հանելով աղետաբեր ճգնաժամից։

    Այդպիսին էր Անգլիայի պատմության մեջ հայտնի Ալ և Սպիտակ վարդերի պատերազմը՝ Լանկաստերների և Յորկերի միջև։ Արյունալի բախումները, տասնամյակներ տևող պառակտվածությունը ավարտվեցին երրորդ կողմի՝ Թյուդորների հաղթանակով։

    Իսկ ինչո՞վ էր դա կարևոր։

    Թյուդորներին հաջողվեց հաշտեցնել հակամարտող կողմերին, հարթել առկա տարաձայնությունները, կրկին համախմբել ժողովրդին և ապահովել Անգլիայի վերադարձը եվրոպական ասպարեզ։

    Հայաստանում Թյուդոր լինելու շանս ուներ Բագրատ Սրբազանն ու իր առաջնորդած Սրբազան պայքարը, որն, ավաղ, ավարտվեց անհաջողությամբ, քանզի այն զարգացավ «վարդայնացման» ճանապարհով։

    Թյուդոր դառնալու շանս ուներ և դեռ ունի նաև «Ուժեղ Հայաստանը», սակայն «վարդայնացման» վտանգն ու ռիսկերը ցայտուն են։

    Եվ այսպես, Հայաստանի համար նվազագույն ցնցումներով այս սառը քաղաքացիական պատերազմից ելքը Թյուդորների հաղթանակն է։

    Դրա թիվ մեկ նախադրյալը հայ հասարակության աճող հոգնածությունն է ստեղծված իրավիճակից։ Մարդիկ իրական ելք են փնտրում, իսկ հանրային հույզերի վարար գետը վերջիվերջո անխուսափելիորեն հարթելու է իր ճանապարհը։

    Դա հասկանում են նաև Փաշինյանին իշխանության բերած շրջանակները, որոնց համար «երրորդ» տարբերակը առավել արդիական է դառնում գործող ռեժիմի աճող տոքսիկության պայմաններում։

    Սակայն նման օպերացիայի նրանց օրակարգը ոչ թե Հայաստանի խախանդումն ու ապաքինումն է, այլ «Мавр сделал своё дело, мавр может уходить» տրամաբանությունը։

    Ուստի գիտակից, սեփական ամբիցիաները ազգային ու պետական շահերին ենթարկացնող քաղաքական վերնախավը պարտավոր է ընդունել այս պարզ ճշմարտությունը։

    Եթե ամփոփելու լինեմ, ապա Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր»։