Blog

  • Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի հերթական նիստը

    Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի հերթական նիստը

  • Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

    ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

    Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝ պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավմանը։

    Միաժամանակ, առաջարկվում է պետբյուջեով հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված 41 մլն 813 հազար դրամը վերաբաշխել և ուղղել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին։

    Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ աշխատավարձերի համար լրացուցիչ գումարի անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման արդյունքներով աշխատակիցների խրախուսման, ինչպես նաև 2026 թվականի հուլիս-օգոստոսին Կառավարության կազմի փոփոխությունների հետևանքով։ Դրանց արդյունքում աշխատակազմում եղել են աշխատակիցների ընդունումներ և ազատումներ, իսկ կատարողականի գնահատման հիմքով խրախուսումները հանգեցրել են աշխատակիցների միջին ամսական աշխատավարձի բարձրացման։

    Հիմնավորման մեջ նշվում է, որ հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված միջոցների օգտագործման անհրաժեշտություն չի առաջացել, և այդ միջոցառման շրջանակում պայմանագրեր չեն կնքվել։

    Այդ պատճառով առաջարկվում է 41 մլն 813 հազար դրամը չօգտագործված ծրագրից տեղափոխել աշխատավարձերի և հավելավճարների հոդված։

    Այսպիսով, նախագծով նախատեսվում է երկու ֆինանսական փոփոխություն՝ 41.8 մլն դրամի վերաբաշխում աշխատավարձերի համար և 62.2 մլն դրամի լրացուցիչ հատկացում վարչապետի աշխատակազմի ծախսերը հոգալու նպատակով։

  • Տիգրան Աբրահամյան․ իշխանություններին 24 ժամ պահանջվեց տեղեկացնել սահմանը հատած ադրբեջանցու մասին

    ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ պետական մարմիններին 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու Տավուշի ուղղությամբ նախօրեին ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին։

    Նրա խոսքով՝ ամբողջ օրը քաղաքացիները, համայնքային պաշտոնյաներն ու մամուլը տարբեր դրվագներով էին խոսում սահմանահատման մասին, այն դեպքում, երբ ադրբեջանցի փնտրելու խնդիր ի սկզբանե չի էլ եղել։ Աբրահամյանի գնահատմամբ՝ սա բացահայտում է իշխանությունների տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակը՝ առանց տարրական օպերատիվության ու տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմների։

  • ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ նախկինում առաջադրված երկու թեկնածուներից մեկը հերթական ընտրությանը հրաժարվի իր թեկնածությունն առաջադրելուց։

    Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ՍԴ դատավորները ներքին քննարկումների ընթացքում չեն բացառել նաև մեկ այլ սցենար․ նախկինում առաջադրված երկու թեկնածուներին՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանին և նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, կարող է միանալ երրորդ թեկնածուն։ Այս դեպքում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար պայքարը կծավալվի արդեն երեք թեկնածուների միջև։ Փաստացի, ՍԴ-ում դեռևս միասնական պատկերացում չկա, թե ինչ զարգացումներ կունենա նախագահի հերթական ընտրությունը։

    Սակայն սա դեռ ամենը չէ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 14-ին չկայացած ընտրություններից հետո ՍԴ դատավորները հանդիպել և միմյանց հասկացրել են, որ քվեարկության արդյունքներից անձնական վիրավորանքներ կամ նեղացածություն չկա, և անկախ ընտրական գործընթացի ելքից՝ պետք է շարունակեն համատեղ աշխատանքը։

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ փուլում։ Առաջադրված էին երկու թեկնածուներ՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին իրականացնում է նաև ՍԴ նախագահի լիազորությունները։

    Սահմանված կարգի համաձայն՝ երկու կամ ավելի թեկնածուների առաջադրման դեպքում ՍԴ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն, իսկ մեկ թեկնածուի դեպքում՝ 5։ Շուրջ հինգ ժամ տևած նիստում, սակայն, թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ապահովել անհրաժեշտ ձայները։ Թե նրանցից յուրաքանչյուրը քանի ձայն է ստացել, ՍԴ-ն չի հրապարակում՝ հղում անելով քվեարկության գաղտնիությանը։

    ՍԴ աշխատակարգի համաձայն՝ նախագահի չընտրվելու դեպքում նոր ընտրությունն անցկացվում է երկրորդ փուլի քվեարկությունից հետո՝ ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր անց։ Հիմա, երբ առաջադրվի 3 թեկնածու, ավելի քիչ թվով ձայներ պետք կլինեն ՍԴ նախագահ ընտրելու համար։

    Նշենք, որ ՍԴ նախկին նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը լրացել է հոկտեմբերի 12-ին։ Նա ևս չորս տարի կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, սակայն այլևս չի կարող հավակնել նախագահի պաշտոնին։

    Այսպիսով, Սահմանադրական դատարանի գործող կազմից, բացի Արման Դիլանյանից, մյուս բոլոր դատավորները նախագահի պոտենցիալ թեկնածուներ են։ Հետևաբար, առաջիկա ընտրությունը կարող է ընթանալ բոլորովին այլ սցենարով՝ թեկնածուներից մեկի հրաժարումից մինչև նոր հավակնորդի առաջադրում։

    Իսկ թե ՍԴ դատավորները կկարողանա՞ն այս անգամ համաձայնության գալ նախագահի հարցում, թե՞ հերթական քվեարկությունը ևս անարդյունք կավարտվի, պարզ կդառնա առաջիկա շաբաթներին»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Քննարկվել են կլիմայական և բնության հետ կապված ռիսկերը ֆինանսական քաղաքականություններում ներառելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները

    Քննարկվել են կլիմայական և բնության հետ կապված ռիսկերը ֆինանսական քաղաքականություններում ներառելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները

    ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հոկտեմբերի 20-ին մասնակցել է COP17-ի շրջանակում Հայաստանի տաղավարում կայացած «Բնության և կլիմայի հարցերի ներառումը ֆինանսների նախարարությունների քաղաքականություններում» թեմայով պանելային քննարկմանը։

    Արշալույս Հարությունյանը ներկայացրել է այս ուղղությամբ իրականացված աշխատանքները և նախարարության հանձնառությունը՝ զարգացնելու կլիմայական և բնության հետ կապված ռիսկերի մակրոտնտեսական ու հարկաբյուջետային ազդեցությունների գնահատման կարողությունները։ Նշվել է, որ այդ գնահատումների ներառումը մակրոտնտեսական կանխատեսումների, կայունության գնահատման և բյուջետային որոշումների կայացման գործընթացներում նախարարության կարևոր առաջնահերթություններից է։

    Իր ելույթում վարչության պետն ընդգծել է այդ ռիսկերի՝ տնտեսության վրա ազդեցությունը համապարփակ գնահատելու անհրաժեշտությունը՝ անդրադառնալով տնտեսական աճի, առանձին ոլորտների, բնակչության եկամուտների և պետական ֆինանսների վրա դրանց հնարավոր հետևանքներին։

    Ներկայացված մոտեցումը հնարավորություն կտա առավել հիմնավորված սահմանել հանրային ներդրումների առաջնահերթությունները և միջոցներն ուղղել հարմարվողականության առավել արդյունավետ լուծումներին՝ նպաստելով երկարաժամկետ տնտեսական կայունությանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ու պետական ֆինանսների դիմակայունության ամրապնդմանը։

    Այս համատեքստում կարևորվել է Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համագործակցությունը՝ վերլուծական գործիքակազմի կատարելագործման և նախարարությունում երկարաժամկետ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման ուղղությամբ։

  • Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)

    Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)

  • ԵԿԳ-ն COP17-ում ներկայացրել է կենսաբազմազանության պահպանման իր ծրագրերը

    Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովին Երևանի կոնյակի գործարանը մասնակցում է տարբեր ձևաչափերով։ COP17-ի ողջ ընթացքում գագաթնաժողովի կանաչ գոտում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործում է Երևանի կոնյակի գործարանի տաղավարը։ 

    Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել պանելային քննարկում, որի ժամանակ Երևանի կոնյակի գործարանի մասնագետները ներկայացրել են Pernod Ricard ընկերության Կայունության և պատասխանատվության «Good Times from the Good Place» հայեցակարգի կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերը։ Այսպես, հատուկ անդրադարձ է կատարվել ջրի փակ շրջանառության համակարգերի, վերականգնողական խաղողագործության և արտադրական թափոնների (երկրորդային հումքի) վերօգտագործման հաջողված նախագծերին։ 

    Լուսանկարը` ARARAT

    Երևանի կոնյակի գործարանի Որակի, անվտանգության և շրջակա միջավայրի հարցերի գծով ղեկավար Շուշան Խաչատրյանը ներկայացրել է ջրի փակ շրջանառության համակարգը, որը ընկերության ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված կարևորագույն նախաձեռնություններից է։ Այգավանի և Արմավիրի մասնաճյուղերի թորման արտադրամասերում ներդրված համակարգի շնորհիվ արտադրական գործընթացում տաքացած ջուրն օգտագործվում է շենքերի և աշխատանքային տարածքների ջեռուցման համար, այնուհետև անցնում է հատուկ մաքրման գործընթաց և կրկին վերադարձվում արտադրական ցիկլ։ Այս մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել թարմ ջրի օգտագործման անհրաժեշտությունը, խնայել էներգիա և կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ 

    Լուսանկարը` ARARAT

    Համակարգի ներդրման շնորհիվ գործարանին հաջողվել է ջրի սպառումը նվազեցնել 70%-ով, իսկ CO₂ արտանետումները՝ տարեկան 40 տոննայով։ Ծրագրի իրականացման համար կատարված ներդրումները գերազանցել են 2 միլիոն եվրոն՝ արտացոլելով ընկերության երկարաժամկետ հանձնառությունը բնական ռեսուրսների պահպանման և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու գործունեության սկզբունքները։

    Լուսանկարը` ARARAT

    Իր հերթին Երևանի կոնյակի գործարանի խաղողի գնումների բաժնի նախագծերի պատասխանատու Սիրուն Հայրապետյանը խոսել է Վերականգնողական խաղողագործության ծրագրի մասին, որի նպատակն է վերականգնել հողի առողջությունը, բարձրացնել խաղողի այգիների դիմադրողականությունը և խթանել կենսաբազմազանությունը։ 2024 թվականից միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ իրականացվող երկարաժամկետ ծրագիրը ներառում է փորձարարական այգիներում հետազոտություններ, մասնագիտական վերապատրաստումներ և հողի ու բույսերի վիճակի մշտադիտարկում։ Հողի բերրիության և խոնավության պահպանման, ցանքածածկ մշակաբույսերի կիրառման և ավանդական թունաքիմիկատներից կախվածության նվազեցման հնարավորությունների ուսումնասիրման միջոցով, գործարանը ձգտում է ձևավորել Հայաստանի պայմաններին հարմարեցված, գիտահեն և բնության վերականգնմանն ուղղված խաղողագործական մոտեցում։ 

    Լուսանկարը` ARARAT

    Պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև արտադրական թափոնների կառավարմանը և ներկայացրել շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառման հաջողված օրինակը՝ գինենյութի թորման արդյունքում առաջացող հեղուկ մնացորդի՝ բարդայի օգտագործումը աղակալած և կիսաանապատային հողերի վերականգնման նպատակով։

  • Մարտունիում թեկնածուն ահազանգում է իր նախընտրական պաստառը «օրենքի խախտմամբ» հանելու մասին․ ի՞նչ է նախատեսում օրենքը

    2026 թվականի հոկտեմբերի 25-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում նախընտրական քարոզչության հետ կապված միջադեպի մասին է ահազանգել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Մանուկյանը։

    Մանուկյանը Facebook-ում հրապարակված տեսանյութով հայտարարել է, որ «օրենքի խախտմամբ» ապամոնտաժում են իր նախընտրական պաստառը։

    Դեպքը հարցեր է առաջացնում նախընտրական քարոզչության բնականոն ընթացքի, քարոզչական նյութերի տեղադրման և հնարավոր իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ։

    «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է նախընտրական քարոզչական պաստառների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին՝ պարզելու, թե ի՞նչ պայմաններով կարող են դրանք տեղադրվել, ե՞րբ է դրանց հեռացումը իրավաչափ և ի՞նչ պատասխանատվություն կարող է առաջանալ դիտավորյալ վնասելու դեպքում։

    Ի՞նչ է հայտարարել թեկնածուն

    Հոկտեմբերի 19-ին «Ապրելու երկիր» կուսակցության Մարտունու համայնքի ավագանու ընտրական ցուցակը գլխավորող Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ապամոնտաժվել է իր նախընտրական գովազդային պաստառը։

    «Համայնքապետի որոշմամբ իմ պաստառը ապօրինաբար հանում են։ Պաստառի չափերը 5 քառակուսին չի գերազանցել ու իրանք օրենքի խախտմամբ պաստառը հանում են»,- հայտարարել է Մանուկյանը։

    Թեկնածուն պնդում է, որ պաստառի մակերեսը համապատասխանել է օրենքով թույլատրելի չափին։ 

    Ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը

    Հայաստանի Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը կարգավորում է նախընտրական քարոզչական պաստառների և այլ նյութերի տեղադրումը։

    Օրենքի համաձայն՝ թեկնածուներն ու ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական նյութեր։

    Սակայն հանրության համար տեսանելի պաստառների տեղադրման վայրերի վերաբերյալ կան սահմանափակումներ։ Դրանք կարող են տեղադրվել հատուկ առանձնացված վայրերում, վճարովի գովազդային վահանակներին, ընտրական շտաբների վրա, ինչպես նաև օրենքով նախատեսված որոշ մասնավոր տարածքներում՝ համապատասխան համաձայնությամբ։

    «Թաղապետն է կպցրել»․ ՔՊ-ի կամավոր-պարտադիր քարոզչական պաստառները՝ Քանաքեռ-Զեյթունի խանութներին (գաղտնի նկարահանմամբ փաստեր)

    Ընտրական օրենսգիրքը նաև սահմանում է, որ արգելվում է քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ այլ կերպ վնասելը։

    Միաժամանակ, օրենսգրքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված է, որ օրենքի պահանջների խախտմամբ տեղադրված քարոզչական նյութերը կարող են հեռացվել համայնքի ղեկավարի կողմից՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա և ոստիկանության աջակցությամբ։

    Այսինքն՝ օրենսդրությունը տարբերակում է քարոզչական պաստառների ապօրինի վնասումը և իրավասու մարմնի որոշմամբ դրանց հեռացումը։

    Արդյո՞ք 5 քառակուսի մետր մակերեսով պաստառը թույլատրելի է

    Արամ Մանուկյանի հայտարարության առանցքային հանգամանքներից մեկը պաստառի մակերեսն է։ Թեկնածուի պնդմամբ՝ ապամոնտաժված քարոզչական պաստառի մակերեսը չի գերազանցել 5 քառակուսի մետրը, հետևաբար դրա տեղադրումը թույլատրելի է եղել։

    Արտապատկերումը՝ թեկնածուի էջից

    Սակայն այս դեպքում անհրաժեշտ է տարբերակել պաստառի վրա տպված քարոզչական պատկերի և պաստառի ամբողջական մակերեսի չափերը։

    Մանուկյանն ինքն է նշում, որ գովազդային վահանակի չափերը եղել են 6×3 մետր, այսինքն՝ դրա ընդհանուր մակերեսը կազմել է 18 քառակուսի մետր։ Միաժամանակ, ըստ թեկնածուի, քարոզչական պատկերը տպված է եղել ավելի մեծ սպիտակ մակերեսի վրա, իսկ անմիջապես պատկերի զբաղեցրած հատվածը չի գերազանցել 5 քառակուսի մետրը։

    Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը հատուկ կարգավորումներ է նախատեսում 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառների համար։ Հետևաբար, այս դեպքում առանցքային է դառնում այն հարցը, թե պաստառի մակերեսը հաշվարկելիս պետք է հաշվի առնել միայն քարոզչական պատկերով զբաղեցված հատվածը, թե՞ ամբողջ պաստառը՝ ներառյալ դրա սպիտակ հատվածները։

    «Փաստերի ստուգման հարթակը» պարզաբանում ստանալու նպատակով դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ պաստառի մակերես է համարվում ամբողջ այն մակերեսը, որի վրա տեղադրված է քարոզչական պատկերը՝ անկախ նրանից, թե դրա որ հատվածն է անմիջապես զբաղեցնում պատկերը։

    Այսպիսով, ԿԸՀ-ի պարզաբանման համաձայն՝ տվյալ դեպքում պետք է հաշվի առնել ոչ թե թեկնածուի նշած՝ մինչև 5 քառակուսի մետր քարոզչական պատկերը, այլ պաստառի ամբողջ՝ 18 քառակուսի մետր մակերեսը։ Հետևաբար, պաստառի տեղադրման նկատմամբ կիրառելի են եղել Ընտրական օրենսգրքով 5 քառակուսի մետրը գերազանցող պաստառների համար սահմանված պահանջները։ Քանի որ դրանք չեն պահպանվել, պաստառը տեղադրվել է ընտրական օրենսդրության պահանջների խախտմամբ։

    Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված պաստառը վնասելու համար

    Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում քարոզչական պաստառները դիտավորյալ վնասելու համար։

    Մասնավորապես, նախընտրական քարոզչության համար առանձնացված վայրերում տեղադրված պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ այլ կերպ վնասելը կարող է առաջացնել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով։

    Այսինքն՝ տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանքը կազմում է 50 հազարից մինչև 100 հազար դրամ։

    Ո՞վ է որոշել ապամոնտաժել պաստառը

    Տեսանյութում Արամ Մանուկյանը Մարտունու համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի ղեկավար Սահակ Աբրոյանից հետաքրքրվում է, թե ով է կայացրել նախընտրական պաստառի ապամոնտաժման որոշումը։ Ի պատասխան՝ Աբրոյանը նշում է՝ «Ընտրական հանձնաժողովը»։

    Սակայն «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) հերքեցին, որ պաստառի ապամոնտաժման որոշումը կայացվել է ԿԸՀ-ի կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։

    Միաժամանակ, ԿԸՀ-ից պարզաբանեցին, որ ընտրական հանձնաժողովները նախապես համայնքներին տրամադրում են տեղեկատվություն նախընտրական պաստառների տեղադրման և դրանց նկատմամբ կիրառվող օրենսդրական պահանջների վերաբերյալ։

    Ըստ ԿԸՀ-ի՝ Արամ Մանուկյանի նախընտրական պաստառի ապամոնտաժման որոշումը կայացրել է Մարտունու համայնքապետարանը, որն էլ իրականացրել է պաստառի հեռացումը։

    Այսպիսով, ԿԸՀ-ի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ պաստառը հեռացվել է համայնքապետարանի որոշմամբ և գործողություններով, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա, ինչպես նշել է Աբրոյանը տեսանյութում։

    Եզրակացություն

    Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արամ Մանուկյանի պնդումը, թե իր նախընտրական պաստառի մակերեսը չի գերազանցել օրենքով սահմանված 5 քառակուսի մետրը, չի համապատասխանում ԿԸՀ-ի ներկայացրած մեկնաբանությանը։ Ըստ հանձնաժողովի՝ հաշվարկման ենթակա է պաստառի ամբողջ՝ 18 քառակուսի մետր մակերեսը, այլ ոչ թե միայն դրա վրա տպված քարոզչական պատկերը։

    Արեն Նահապետյան

  • Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նորանշանակ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորհանքին

    Ռումինիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դան Նեկուլաեսկուն X-ի իր էջում կատարած գրառմամբ արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։

    «Շնորհակալություն, հարգելի՛ Արարատ Միրզոյան, իմ նշանակման կապակցությամբ հղած շնորհավորական ջերմ ուղերձի համար։ Պատրաստ եմ մեր երկկողմ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, նաև ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը»,- գրել է Դան Նեկուլաեսկուն։

  • ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»

    ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Թուրքմենստանից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը թեպետ արագացված ռեժիմով սկսել է քննարկել նոր սահմանադրության հայեցակարգը եւ հանձնարարել է արագացնել պրոցեսը, սակայն ԱԺ թիմում խոր անորոշություն է՝ ինչպես են ընդունելու նախագիծը, հանրաքվե նշանակելու որոշում կայացնեն` չունենալով սահմանադրական մեծամասնություն։

    Մենք երեկ նկարագրել էինք Փաշինյանի ճանապարհային քարտեզն այս հարցում, սակայն ՔՊ խմբակցությանը դեռ ոչինչ չի ասվել: Իսկ իշխող ֆրակցիայում խուլ բողոք կա խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանից, երանությամբ են հիշում նրա նախորդ Հայկ Կոնջորյանին, որը պարբերաբար քաղաքական լիկբեզ էր անցկացնում ֆրակցիայի հետ, թե ինչն ինչպես է, իսկ Մանավազյանը, նրանց խոսքով, միայն որպես ներկա-բացակա անող եւ քվեարկության կանչող վերակացու է աշխատում։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում