Category: YN.am

  • Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնարկի մասին Թրամփի հայտարարությունը

    Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե օգոստոսի 3-ից վերսկսվելու են ամերիկա-իրանական բանակցությունները։ Թեհրանում պնդում են, որ ներկայում ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ քննարկումները վերաբերում են միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավարկության հարցին։

    Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը ներկայում չի բանակցում Վաշինգտոնի հետ։

    «Մենք այժմ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չենք վարում։ Մեր բանակցություններն Օմանի հետ են՝ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու նպատակով»,- ասել է նա։

    Այս հայտարարությունը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիրակնօրյա հայտարարությանը, ըստ որի՝ օգոստոսի 3-ին պետք է մեկնարկեին Իրանի հետ նոր բանակցություններ։ Թրամփը նշել էր, որ որոշել է հրաժարվել Իրանի դեմ լայնածավալ հարվածներից՝ նախընտրելով փորձել հասնել համաձայնության, որը կավարտի արդեն վեցերորդ ամիս շարունակվող պատերազմը։

    ԱՄՆ նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեմաները պետք է լինեն Հորմուզի նեղուցում նավարկության ապահովումը և Իրանի միջուկային ծրագրի ապամիջուկայնացումը։

    Միաժամանակ Իրանը հայտարարել է, որ Օմանի հետ մոտ է համաձայնության՝ նեղուցով անցնող նոր երթուղու վերաբերյալ։ Սակայն Բաղային ընդգծել է, որ նման համաձայնությունը չի նշանակում Հորմուզի նեղուցի ամբողջական վերաբացում։

    Թրամփի բանակցությունների մասին հայտարարությունից հետո նավթի գներն ասիական շուկաներում նվազել են․ West Texas Intermediate տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 4,7 տոկոսով՝ հասնելով 80,72 դոլարի։

    Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը ռազմական հակամարտության մեջ են գտնվում փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրին Իրանի տարածքին։ Այդ ընթացքում եղել են ինչպես ռազմական սրացումներ, այնպես էլ դիվանագիտական ակտիվության փուլեր, սակայն կողմերը շարունակում են տարաձայնություններ ունենալ հատկապես Հորմուզի նեղուցի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

  • Գիշերը զանգվածային հարվածներ են հասցվել Կիևի ռազմարդյունաբերական օբյեկտներին

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին։

    Այսօր առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կիևում խոցվել են մի շարք օբյեկտներ։ Թե ինչ նշանակության էին դրանք, չի հստակեցվել, սակայն նշվել է, որ քաղաքի երկինքը պատվել է խիտ ծխով։

    Տեղական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ գիշերը օդային տագնապի ֆոնին պայթյուններ են լսվել նաև Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի մարզերում։

  • ԱՄՆ-ն Իսպանիայի կառավարությանը մեղադրել է Եվրոպայում զանգվածային ապօրինի միգրացիան խթանելու մեջ

    ԱՄՆ Պետդեպարտամենտը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է դեպի Եվրոպա զանգվածային ապօրինի միգրացիան խթանելու և դրան նպաստելու «միտումնավոր ջանքերի» մեջ՝ տեղի ունեցածն անվանելով «անընդունելի միջադեպ»։

    «Այս անընդունելի պատահարը Իսպանիայի կառավարության՝ դեպի Եվրոպա զանգվածային ապօրինի միգրացիան խթանելու և դրան նպաստելու միտումնավոր ջանքերի ուղղակի հետևանքն է», — ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

    Ամերիկյան գերատեսչությունը նաև աջակցություն է հայտնել Իսպանիայի բնակիչներին և մյուս եվրոպացիներին՝ տեղի ունեցածն անվանելով «ինքնիշխանության և մարդու իրավունքների կոպիտ խախտում»։

    «Միացյալ Նահանգները կանգնած է Իսպանիայի ժողովրդի և բոլոր եվրոպացիների կողքին՝ պաշտպանելով նրանց իրենց ինքնիշխանության և մարդու իրավունքների այս կոպիտ խախտումներից», — ընդգծել են Պետդեպարտամենտում։

    Վաշինգտոնը հայտնել է, որ դիտարկում է երկրի ներսում և արտերկրում ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության համար հնարավոր քայլերը, ինչպես նաև պատրաստ է աջակցություն ցուցաբերել եվրոպացի մյուս դաշնակիցներին, որոնք կարող են բախվել նմանատիպ իրավիճակի։

    2026 թվականի հուլիսի վերջին Աֆրիկայի հյուսիսում գտնվող իսպանական Սեուտա էքսկլավը բախվել է վերջին տարիների խոշորագույն միգրացիոն ճգնաժամին։ Մոտ 60 հազար մարդ հատել է Մարոկկոյի հետ սահմանը՝ փորձելով հայտնվել Իսպանիայի և Եվրոպական Միության տարածքում։

    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդել է անօրինական փոխադրումներով զբաղվող ցանցերի վրա և սահմանի զանգվածային հատումն անվանել է «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում»։

    Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ սահմանն անցնելու փորձերի ընթացքում զոհվել է առնվազն 57 մարդ։ Իսպանական իշխանությունները հայտնել են, որ մինչև ուրբաթ ավելի քան 48 հազար միգրանտ է կամավոր վերադարձել Մարոկկո։

    Ճգնաժամը բռնկվել է Իսպանիայի Գերագույն դատարանի այն որոշումից հետո, ըստ որի՝ Սեուտա կամ իսպանական մյուս էքսկլավ՝ Մելիլիա, հասնելու փորձի ժամանակ ծովում հայտնաբերված միգրանտները չեն կարող ավտոմատ կերպով վերադարձվել Մարոկկո՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման։

    Իրավիճակը լարվածություն է առաջացրել Եվրոպական Միության ներսում։ Իտալիան հայտարարել է Իսպանիայի հետ Շենգենյան ազատ տեղաշարժման կանոնների գործողության դադարեցման մասին՝ վկայակոչելով սահմաններում վերահսկողության nւժեղացման անհրաժեշտությունը։

    Սեուտան և Մելիլիան աֆրիկյան ափամերձ հատվածում գտնվող իսպանական երկու ինքնավար քաղաքներ են, որոնք միաժամանակ հանդիսանում են Աֆրիկայի հետ Եվրոպական Միության միակ ցամաքային սահմանները։ Դրանց աշխարհագրական դիրքն այդ տարածքները դարձնում է հիմնական երթուղիներից մեկը այն միգրանտների համար, որոնք ձգտում են Մարոկկոյի տարածքով հայտնվել ԵՄ-ում։

  • Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան

    Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար, այն է՝ սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ, նաև օգտագործված մալուխի և իրականացված աշխատանքի որակի, օգտագործված կցորդիչի որակի, ինչպես նաև ՏԻՄ կոմունալ ծառայությունների կամ այլ շին.աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը վթարի առաջացման վրա, կիրականացվի ներքին հետաքննություն։ Այս մասին գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

    «Սահմանված կարգով մեր ահազանգով ներգրավվել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը»։

  • Իրաքի բանակը բերվել է լիակատար մարտական պատրաստության

    Իրաքի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Սաբահ ալ-Նումանը հայտարարել է, որ երկրի վարչապետ Ալի ազ-Զայիդին «հրամաններ է տվել բարձրացնելու զգոնությունն ու զինված ուժերի առավելագույն մարտական պատրաստվածությունը», հաղորդում է Middle East Eye-ը։

    Որոշումը ներառում է նաև բանակը ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգերով, վաղ հայտնաբերման համակարգերով և հակաօդային պաշտպանության միջոցներով համալրելու ծրագրերի արագացումը։

    Ավելի վաղ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան հարվածներ էին հասցրել «Հաշդ աշ-Շաաբիին» պատկանող բազաներին․ այդ դաշինքն ինտեգրված է Իրաքի զինված ուժերի կազմում։

    Հասանելի է

    русский

  • Զելենսկի․ «Իրանն ու Հյուսիսային Կորեան արդեն հարձակվել են Ուկրաինայի վրա»

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի արդեն ներգրավվել են պատերազմի մեջ՝ Ռուսաստանին մատակարարելով զենք, ռազմական տեխնոլոգիաներ և զինվորականներ։ Այդ մասին նա ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

    «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր ճակատ չբացվի։ Սակայն պետք է ազնիվ լինենք․ իրանցիներն ու հյուսիսկորեացիներն արդեն հարձակվել են մեզ վրա։ Նրանք Ռուսաստանին տվել են անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, 155 մմ հրետանային արկեր և մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվոր»,– ասել է Զելենսկին։

    Նրա խոսքով՝ Իրանը պատերազմի առաջին տարում Ռուսաստանին փոխանցել է հազարավոր Shahed անօդաչու թռչող սարքեր և դրանց արտադրության լիցենզիա, ինչը, ըստ նրա, արդեն իսկ նշանակում է անմիջական մասնակցություն Ուկրաինայի դեմ պատերազմին։

    Զելենսկու այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նրան հարցրել են Իրանի վերջին սպառնալիքների մասին՝ կապված Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի ենթադրյալ հարձակման հետ։ Հուլիսի 25-ին Թեհրանը Կիևին մեղադրել էր ագրեսիայի մեջ, հայտարարել, որ կպաշտպանի իր ազգային անվտանգությունը, իսկ Իրանի արտգործնախարարը սպառնալիք էր հրապարակել X-ում՝ ուղղված Զելենսկիին։

    Նույն օրը Զելենսկին հայտարարել էր Կասպից ծովում «հեռահար հարվածների շատ ուժեղ արդյունքների» մասին՝ նշելով, որ թիրախավորվել են Իրանից ռազմական բեռներ տեղափոխելու համար օգտագործվող նավերը։ Նա նաև ավելի վաղ զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Հյուսիսային Կորեայից ստանալ ևս 30 հազար զինծառայող և նոր բալիստիկ հրթիռային համակարգեր։

  • 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ

    Ճապոնիայի հյուսիսում գտնվող Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությանը։

    Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 2026 թվականի օգոստոսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:48-ին։

    Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աոմորի պրեֆեկտուրայի մոտ գտնվող ծովում՝ մոտավորապես 41,3° հյուսիսային լայնության և 142,0° արևելյան երկայնության կոորդինատներում։

    Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 80 կիլոմետր խորության վրա։ Ճապոնիայի սեյսմիկ ակտիվության յոթբալանոց սանդղակի տվյալներով՝ ցնցումների ինտենսիվությունն առանձին շրջաններում հասել է 4 բալի։

    Երկրաշարժից հետո ցունամիի մասին նախազգուշացում չի հայտարարվել։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

  • Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ նոր հարձակման դեպքում

    Իրանի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումները Իրանի ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր նոր հարվածների մասին «խելագարություն» են, գրում է Tasnim։

    Նրա խոսքով՝ Թեհրանն արդեն պատրաստել է պատասխան գործողությունների լայնածավալ ծրագիր։

    «Մենք ամերիկյան լրատվամիջոցների հայտարարությունները Իրանի ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հնարավոր հարվածների մասին համարում ենք խելագարության դրսևորում։ Մենք պատրաստել ենք լայնածավալ պատասխան ծրագիր, որը ներառում է հարվածներ սիոնիստական ռեժիմի կենսական նշանակության ենթակառուցվածքներին և տարածաշրջանում ԱՄՆ-ի էներգետիկ օբյեկտներին։ Մենք պատրաստ ենք դրան», — Tasnim գործակալությանը հայտարարել է աղբյուրը։

    Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերն արդեն ցուցադրել են թե՛ իրենց հնարավորությունները, թե՛ նման գործողությունների պատրաստակամությունը։

    «Իրանի զինված ուժերը՝ ինչպես 40-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ վերջին շաբաթներին, ցույց են տվել, որ ունեն նման գործողությունների համար և՛ հնարավորություններ, և՛ վճռականություն», — ընդգծել է Իրանի ուժային կառույցների ներկայացուցիչը։

  • Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է պատերազմին մասնակցելու մեջ և հայտարարել պատասխան քայլերի իրավունքի մասին

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի պաշտոնակից Էդ Միլիբենդին հայտնել է, որ Թեհրանի կողմից ագրեսոր համարվող պետությունների հետ ցանկացած համագործակցություն «անընդունելի» է և միջազգային իրավունքի համաձայն կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ, հայտնում է Mehr-ը։

    Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին քննադատել է իրանական զինված ուժերի նկատմամբ Մեծ Բրիտանիայի վերջին որոշումը և Լոնդոնին մեղադրել է երկու պատերազմներին ներգրավված լինելու մեջ, որոնք, նրա խոսքով, Իրանին պարտադրվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Իրանցի նախարարը հայտարարել է, որ բրիտանական մոտեցումն «անհիմն» է և վերանայման կարիք ունի։

    Արաղչիի խոսքով՝ Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս իրավիճակի պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն են։ Նա նշել է, որ Թեհրանը դիվանագիտական գործընթացին մասնակցել է բարեխղճորեն և հունիսի 18-ին ձեռք է բերել կրակի դադարեցման հուշագիր, սակայն ԱՄՆ-ն, նրա փոխանցմամբ, կրկին խախտել է իր պարտավորությունները և արգելափակել դրա իրագործումը։

    Իրանի ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա հայտարարել է, որ Իրանը մտադիր է Օմանի հետ համատեղ ստեղծել մեխանիզմներ՝ այդ ռազմավարական ջրային ուղիով նավերի տարանցումը կառավարելու համար՝ նախազգուշացնելով, որ երրորդ երկրների միջամտությունը կարող է միայն մեծացնել լարվածությունը։

    «Միջազգային իրավունքի և ագրեսիայի սահմանման վերաբերյալ բանաձևի համաձայն՝ ագրեսոր կողմերին երկրի տարածքն ու օբյեկտներն այլ պետության վրա ապօրինի հարձակման համար օգտագործելու թույլտվությունը հանդիսանում է ագրեսիայի ակտ և օրինական ինքնապաշտպանության իրավունք է տալիս հարձակման ենթարկված երկրին», — հայտարարել է Արաղչին։

    Իր հերթին, Էդ Միլիբենդն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան Իրանի դեմ պատերազմի կողմ չէ և կողմնակից է հակամարտությունների դիվանագիտական կարգավորմանը։

    Բրիտանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Թեհրանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով։

  • Yerevannews.am | Աստղագուշակ օգոստոսի 1-ի համար

    **Խոյ.** Օրը կապված է ինչ-որ տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք մեծ դեր կխաղան ձեր հետագա կյանքի վրա: Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների, արագորեն համարձակ որոշումներ եք կայացնում, ռիսկի գնում: Համոզված եղեք՝ այդ ամենի դրական արդյունքները շատ շուտով կզգաք: Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել։

     

    **Ցուլ.** Բավական միապաղաղ, լարումներից և ծանրաբեռնվածությունից զերծ օր է: Միանգամայն հարմար պահ է նոր գաղափարներ իրականացնելու, նոր գործընկերներ գտնելու և նրանք հետ փոխշահավետ պայմաններով համագործակցելու համար: Այնպես որ, ընթացիկ գործերը կարող եք մի փոքր հետաձգել և շեշտը դնել ծրագրերը կյանքի կոչելու վրա: Ներդաշնակ են ընթանում ընտանեկան հարաբերությունները: Ձեր խորհուրդները ընդունելի են բոլորի համար, և դրանից դուք ձեզ շատ լավ եք զգում::

     

    **Երկվորյակ.** Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք, սակայն դրանցից ոչ մեկին չարժե հետևել: Հնարավոր է այնպիսի տեղեկություններ ստանաք, որոնց սպասում էիք վերջին օրերին: Այսօր լուրջ հակառակորդի հետ բախվելու, ազդեցիկ թշնամիներ ձեռք բերելու վտանգի տակ եք:

     

    **Խեցգետին.** Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Դուք հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը, թերագնահատում եք փաստերը, սակայն չափից ավելի մեծ տեղ եք տալիս ձեր մտածածին: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է: Կարելի է գնումներ անել, այդ թվում՝ խոշոր: Այսօր շափից ավելի օգտական կլինի սպարտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:

     

    **Առյուծ**. Գործողություններն այնքան էլ բարեհաջող ընթացք չեն ստանում, քանի որ նպատակին հասնելու համար այսօր բավական մեծ ջանքեն են պահանջվում, այնինչ դուք բոլորովին չեք ցանկանում լարվել: Ավաղ, այսօր աստղերը ձեզ հեշտ հաղթանակներ չեն խոստանում: Ձգտեք խուսափել չլանավորված ծախսերից, մի ստորագրեք անշարժ գույքին վերաբերող փաստաթղթեր: Բարենպաստ օր է անձնական կյանքում նախաձեռնություն ցուցաբերելու, ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:

     

    **Կույս.** Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք դուք ի վիճակի եք քննադատորեն գնահատել սեփական խորհուրդները, թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են : Կեսօրը բարդ ժամանակահատված է, երբ դուք հատկապես ջղագրգիռ եք և անհամբեր: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ այն մարդու հետ, ում սրտանց սիրում եք:

     

    **Կշեռք.** Դուք սովորականից ավելի լուրջ եք տրամադրված, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս՝ դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել դա միայն մտերիմ մարդու կողմից հոգատարորեն պատրաստած հաճելի անակնկալն է:

     

    **Կարիճ.** Այսօր դուք չաիփց ավելի պատվախնդիր եք, շրջապատի մարդկանց չատ եք ծանրաբեռնում ձեր պահանջներով ու դիտողություններով, և այս ամենը չի կարող իր հետքը չթողել ձեր փոխհարաբերությունների վրա; Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը: Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կարող են էական դեր խաղալ ձեր հետագա պրոֆեսիոնալ կարիերայի վրա:

     

    **Աղեղնավոր.** Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները: Ինչ խոսք, շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը կարևոր գործոն է, սակայն պետք է հասկանաք, որ դա չէր գլխավոր խնդիրը: Օրը կարծես, հատուկ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը. Այնպես որ, ավելի լավ է այսօր հրաժարվեք ալկոհոլի, թեյի և սուրճի օգտագործումից և հետևեք առողջ ապրելակերպի կանոններին:

     

    **Այծեղջյուր.** Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ ձեզ համար անչափ դժվար է հավասարակշռված ու հանգիստ կեցվածք որդեգրելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք ձեզ կտրուկ, վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից: Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը:

     

    **Ջրհոս.** Սա շփումների առումով բավական բարենպաստ օր է: Ձեզ սպասում են հետաքրքիր հանդիպումներ արտառոց, անգամ՝ ականավոր մարդկանց հետ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք կզարգանան անհարթ և բավական բարդ, և այնուամենայնիվ ձեզ կպարգևեն անսահման դրական էմոցիաներ, ինչպես նաև անգնահատելի կենսափորձ: Հարմար օր է խոշոր ձեռքբերումների համար. կարելի է տան համար կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի իրեր գնել:

     

    **Ձկներ.** Օրը կապված է հարաբերություններ վերսկսելու հետ, որոնք խզվել էին թյուրիմածությունների, փոխադարձ չհասկացվածության հետևանքով: Եկել է պահը՝ մոռանալու անցյալի սխալները, ամեն ին սկսել մաքուր թղթից, և դրան պատրաստ եք ինչպես դուք, այնպես էլ՝ ձեր գործընկերները: Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հրապարակայի ելույթների, նոր ծանոթությունների համար: