ԱՄՆ-ն Իսպանիայի կառավարությանը մեղադրել է Եվրոպայում զանգվածային ապօրինի միգրացիան խթանելու մեջ

Written by

in

ԱՄՆ Պետդեպարտամենտը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է դեպի Եվրոպա զանգվածային ապօրինի միգրացիան խթանելու և դրան նպաստելու «միտումնավոր ջանքերի» մեջ՝ տեղի ունեցածն անվանելով «անընդունելի միջադեպ»։

«Այս անընդունելի պատահարը Իսպանիայի կառավարության՝ դեպի Եվրոպա զանգվածային ապօրինի միգրացիան խթանելու և դրան նպաստելու միտումնավոր ջանքերի ուղղակի հետևանքն է», — ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Ամերիկյան գերատեսչությունը նաև աջակցություն է հայտնել Իսպանիայի բնակիչներին և մյուս եվրոպացիներին՝ տեղի ունեցածն անվանելով «ինքնիշխանության և մարդու իրավունքների կոպիտ խախտում»։

«Միացյալ Նահանգները կանգնած է Իսպանիայի ժողովրդի և բոլոր եվրոպացիների կողքին՝ պաշտպանելով նրանց իրենց ինքնիշխանության և մարդու իրավունքների այս կոպիտ խախտումներից», — ընդգծել են Պետդեպարտամենտում։

Վաշինգտոնը հայտնել է, որ դիտարկում է երկրի ներսում և արտերկրում ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության համար հնարավոր քայլերը, ինչպես նաև պատրաստ է աջակցություն ցուցաբերել եվրոպացի մյուս դաշնակիցներին, որոնք կարող են բախվել նմանատիպ իրավիճակի։

2026 թվականի հուլիսի վերջին Աֆրիկայի հյուսիսում գտնվող իսպանական Սեուտա էքսկլավը բախվել է վերջին տարիների խոշորագույն միգրացիոն ճգնաժամին։ Մոտ 60 հազար մարդ հատել է Մարոկկոյի հետ սահմանը՝ փորձելով հայտնվել Իսպանիայի և Եվրոպական Միության տարածքում։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդել է անօրինական փոխադրումներով զբաղվող ցանցերի վրա և սահմանի զանգվածային հատումն անվանել է «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում»։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ սահմանն անցնելու փորձերի ընթացքում զոհվել է առնվազն 57 մարդ։ Իսպանական իշխանությունները հայտնել են, որ մինչև ուրբաթ ավելի քան 48 հազար միգրանտ է կամավոր վերադարձել Մարոկկո։

Ճգնաժամը բռնկվել է Իսպանիայի Գերագույն դատարանի այն որոշումից հետո, ըստ որի՝ Սեուտա կամ իսպանական մյուս էքսկլավ՝ Մելիլիա, հասնելու փորձի ժամանակ ծովում հայտնաբերված միգրանտները չեն կարող ավտոմատ կերպով վերադարձվել Մարոկկո՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման։

Իրավիճակը լարվածություն է առաջացրել Եվրոպական Միության ներսում։ Իտալիան հայտարարել է Իսպանիայի հետ Շենգենյան ազատ տեղաշարժման կանոնների գործողության դադարեցման մասին՝ վկայակոչելով սահմաններում վերահսկողության nւժեղացման անհրաժեշտությունը։

Սեուտան և Մելիլիան աֆրիկյան ափամերձ հատվածում գտնվող իսպանական երկու ինքնավար քաղաքներ են, որոնք միաժամանակ հանդիսանում են Աֆրիկայի հետ Եվրոպական Միության միակ ցամաքային սահմանները։ Դրանց աշխարհագրական դիրքն այդ տարածքները դարձնում է հիմնական երթուղիներից մեկը այն միգրանտների համար, որոնք ձգտում են Մարոկկոյի տարածքով հայտնվել ԵՄ-ում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *