Category: YN.am

  • Վարժական հավաքի մասնակիցը Սյունիքի դիրքերից մեկում խնդիրների մասին էր բարձրաձայնել․ ԳՇ պետն անակնկալ այց է կատարել

    Վարժական հավաքի մասնակիցը Սյունիքի դիրքերից մեկում, իր դիտարկմամբ, խնդիրների մասին էր բարձրաձայնել։ Այդ կապակցությամբ գլխավոր շտաբի պետն անակնկալ այց է կատարել։

    «Գլխավոր շտաբի պետի հետ՝ «Հետք»-ի գործընկերների հրապարակման հետքերով

    Պաշտպանության նախարարությունը կառուցողական է տրամադրված փաստարկված և առողջ քննադատությունների նկատմամբ: Շնորհակալ ենք խնդիրների մատնանշման համար և հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ դրանց արագ ու հետևողական արձագանքելու:

    Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բանակային դիրքերում առկա զենքերի քանակի, դրանց տեսակների, զինամթերքի (այդ թվում՝ անձեռնմխելի պաշարի) վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի տեղեկությունների շարքին, և դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարող է առաջացնել պատասխանատվություն:

    Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից՝ առանց պաշտպանության նախարարության հետ համապատասխան քննարկումների», – գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

    Մանրամասները՝ տեսանյութում։

  • Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել հայտնի փիլիսոփային՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համար

    «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն, «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանն արձագանքել է աշխարհահռչակ փիլիսոփա Նասիմ Թալեբի որոշմանը։ Վերջինս հրաժարվել էր մեկնել Ադրբեջան՝ այդ կերպ աջակցություն հայտնելով Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանին:

    «Շնորհակալություն սկզբունքային դիրքորոշման համար»,- գրել է Աֆեյանը սոցցանցերում։

     

  • Իրանի հետ բանակցությունների արդյունքները հայտնի կդառնան 48 ժամվա ընթացքում․ Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների արդյունքները պարզ կդառնան առաջիկա 48 ժամվա ընթացքում:

    «Մենք այդ մասին կիմանանք 48 ժամից», — ընդգծել է նա, հաղորդում են ԶԼՄ-ները։

    Թրամփի խոսքով՝ եթե Իրանը կրկին հետ կանգնի իր դիրքորոշումից, ապա «խիստ կպատժվի»։ «Նրանք դա գիտեն, նրանք դա հասկանում են»,— նշել է նա:

    Նա նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն այսպես թե այնպես մասամբ բաց է։ «Մենք լիովին վերահսկում ենք նեղուցը»,— հավելել է Թրամփը:

  • ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

    Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

    «Ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է երկրի կայուն զարգացումն ապահովելու և քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու ուղղությամբ Ձեր կողմից ձեռնարկվող շարունակական ջանքերին աջակցելու մասին»,-ասվում է շնորհավորական նամակում։

    Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև շարունակական կառուցողական համագործակցությունը կնպաստի փոխշահավետ համագործակցության արդյունավետ իրականացմանը։

  • Իրանը և Օմանը շարունակում են բանակցությունները Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության վերաբերյալ․ Բաղայի

    Իրանը և Օմանը շարունակում են բանակցությունները Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության վերաբերյալ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

    Իրանցի դիվանագետի խոսքով՝ երկու ափամերձ պետությունների միջև բանակցությունները կենտրոնացած են առևտրային նավագնացության փոխադարձ երթուղիների շուրջ համաձայնության գալու վրա։ Մշակվող մեխանիզմը նախատեսված է ինքնիշխան իրավունքների հարգումն ապահովելու և Իրանի և Օմանի ազգային անվտանգության նկատառումները հաշվի առնելու համար։

    Բաղային բարձր է գնահատել քաղաքական և տեխնիկական խորհրդակցությունների միջանկյալ արդյունքները՝ ընդգծելով, որ Թեհրանը և Մուսկատը հանձնառու են մշակելու այս ռազմավարական ծովային միջանցքով երթևեկության ապագա կարգավորման համար անհրաժեշտ կանոնները։ Բանակցությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն դրանց ավարտից հետո։

  • Հայէկոնոմբանկի նոր Visa Signature Business քարտը` բիզնեսի վստահելի ուղեկից

    Հայէկոնոմբանկը ներկայացրել է իր նոր պրեմիում Visa Signature Business վճարային քարտը՝ նախատեսված կորպորատիվ հաճախորդների համար: Բանկում վստահ են՝ սա ոչ թե հերթական վճարային գործիքն է, այլ կորպորատիվ հարմարավետության նոր փիլիսոփայություն:

    Ս.թ. հուլիսի 30-ին պաշտոնական շնորհանդեսի շրջանակում քարտը ներկայացվեց կորպորատիվ հաճախորդներին: Միջոցառմանը ներկա էին Բանկի և Visa-ի ներկայացուցիչները, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներ:

    «Հայէկոնոմբանկը շարունակաբար քայլեր է ձեռնարկում համալիր կերպով զարգացնելու ինչպես մանրածախ բանկային բիզնեսը և ներդրումային բանկինգը, այնպես էլ կորպորատիվ ուղղությունը: Բանկի գործունեության 35 տարիների ընթացքում բանկային բիզնեսի զարգացման գործում առանձնահատուկ տեղ են ունեցել հենց իրավաբանական անձինք, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Եվ այսօր ես շատ ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկեր Visa-ի հետ համատեղ մշակել ենք նոր պրոդուկտ, նոր հնարավորություն հենց այս հաճախորդների համար», – ողջունելով հյուրերին՝ իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը: Մատնանշելով Visa-ի հետ արդյունավետ համագործակցության փորձը՝ նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում ևս կարձանագրվեն այնպիսի արդյունքներ, որոնք կրկին կհաստատեն՝ այն ռեսուրսը, որը ներդրվում է նոր նախագծեր կյանքի կոչելու համար, լիովին արդարացված է:

    «Ուրախ ենք ընդլայնել Հայէկոնոմբանկի հետ մեր բազմամյա գործընկերությունը՝ Visa Signature Business քարտի թողարկման միջոցով, ինչն արտացոլում է Հայաստանի աճող անկանխիկ տնտեսության հարցում մեր ընդհանուր տեսլականը: Այս քարտով մենք մեր պրեմիում դասի հաճախորդներին առաջարկում ենք ծախսերի պարզեցված կառավարում և ճանապարհորդական առաջնակարգ արտոնություններ՝ դարձնելով վճարումներն առավել հարմարավետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայէկոնոմբանկին այս արդյունավետ համագործակցության համար: Visa-ն հավատարիմ է Հայաստանի թվային փոխակերպմանն աջակցելու իր հանձնառությանը՝ ներդնելով նորարարական լուծումներ և արագացնելով թվային վճարումների կիրարկումը», – իր ելույթի շրջանակում նշեց Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիգուրաձեն:

    Միջոցառումն ավելի տպավորիչ դարձրեց իրական ռեժիմում էքսկլյուզիվ «Signature» բույրի ստեղծումը՝ ոգեշնչված քարտի փիլիսոփայությամբ և կորպորատիվ ոճով: Այն որպես հուշանվեր հանձնվեց միջացառման հյուրերին:

    Բացառիկ արտոնություններ և պրեմիում հարմարավետություն՝ աշխարհի ցանկացած կետում

    Visa Signature Business քարտը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Քարտն ապահովում է՝

    • բիզնես կոնսիերժ ծառայություն 24/7 ռեժիմով՝ ներառյալ տարեկան 1 անվճար իրավաբանական կամ հաշվապահական խորհրդատվություն,
    • ճամփորդական ապահովագրություն (թռիչքի հետաձգում, բժշկական ծախսեր, անձնական իրերի կորուստ և այլն)՝ մինչև 500,000 ԱՄՆ դոլարի չափով,
    • անսահմանափակ մուտքի հնարավորություն (պայմանների բավարարման դեպքում) աշխարհի 450 քաղաքների ավելի քան 1200 օդանավակայանների բիզնես սրահներ,
    • տարեկան 10 անվճար Fast Track ծառայության հնարավորություն աշխարահի ավելի քան 30 օդանավակայաններում,
    • հաճախորդների գլոբալ սպասարկում 24/7 ռեժիմով աշխարահի ցանկացած կետում՝ արտակարգ իրավիճակների դեպքում, բժշկական և իրավաբանական աջակցություն,
    • բազում վճարային առավելություններ, զեղչեր, քեշբեքեր, ինչպես նաև հատուկ առաջարկներ գովազդային, կրթական հարթակներում և շատ ավելին:

    Visa Signature Business քարտը՝ որպես կրեդիտային քարտ, ունի վարկային գծի տրամադրման հնարավորություն (առավելագույնը՝ 10մլն դրամ, 30 օր արտոնյալ ժամանակահատվածով):

    Visa Signature Business քարտապաններին տրվող բոլոր առավելությունների և ընթացիկ առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ:

    86 86 | aeb.am
    Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

  • «Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի թեման քննարկելու ժամանակ նրա կնոջ կողմից կառավարվող «Հայփոստի» թեման շատ շրջանառվեց: «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ 2020 թվականից, երբ «Հայփոստ»-ի կառավարումն անցավ պետությանը, ընկերության ֆինանսական պատկերը շարունակում է վատթարանալ մնալ։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ժամանակահատվածում «Հայփոստ»-ը կուտակել է շուրջ 4 միլիարդ դրամի վնաս, ինչը լուրջ հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, Էդուարդո Էռնեկյանից վերցվեց «Հայփոստը» և հանձնվեց Կառավարության կառավարմանը:

    Հիշեցնենք, որ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենն է 2024 թվքկքնից Շուշան Ալեքսանյանը՝ Հայկ Կոնջորյանի կինը։ Նրա ամսական աշխատավարձը 3.6 մլն դրամ է կամ շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար: Տնտեսագիտության պարզ կանոնն ասում է՝ եթե ընկերությունն ավելի շատ է ծախսում, քան վաստակում, ուրեմն այն աշխատում է վնասով։ Դա կարող է պայմանավորված լինել ուռճացված վարչական ծախսերով, բարձր աշխատավարձերով, գործուղումներով կամ պարզապես բիզնեսի զարգացման արդյունավետ ռազմավարության բացակայությամբ։

    Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի ձևակերպմամբ, սովորաբար նման իրավիճակում մասնավոր ընկերությունները կանգնում են երկու ընտրության առաջ՝ կամ սնանկանում են, կամ հիմնադիրը լրացուցիչ ներդրումներ է կատարում՝ պարտքերն ու վնասները ծածկելու համար։ «Հայփոստ»-ի դեպքում, սակայն, իրավիճակն այլ է. հիմնադիրը պետությունն է, իսկ վնասների բեռը՝ հարկատուների ուսերին։ Դրա վառ ապացույցը կառավարության 2024 թվականի որոշումն է, որով պետական բյուջեի հաշվին «Հայփոստ»-ի կապիտալը համալրվել է մոտ 2 միլիարդ դրամով։ Փաստացի, պետական միջոցներով փակվել են ընկերության ֆինանսական բացերը, սակայն, ինչպես ցույց են տալիս արդյունքները, դա չի հանգեցրել վնասների դադարեցմանը։

    Հիմնարկը շարունակում է վնասով աշխատել: Ստացվում է, որ բյուջեից հատկացված միլիարդներով շարունակվում են վճարվել աշխատավարձեր և պահպանվել գործող ծախսերը, մինչդեռ ընկերությունը շարունակում է աշխատել վնասով՝ ակնկալելով պետական նոր ֆինանսավորում։ Սա արդեն միայն տնտեսական խնդիր չէ։ Սա պետական կառավարման արդյունավետության, պատասխանատվության և հանրային միջոցների տնօրինման հարց է։ Եթե տարիներ շարունակ միլիարդավոր դրամներ են ծախսվում, բայց ընկերությունը շարունակում է վնասներ կրել, ապա հանրությունն իրավունք ունի ստանալու մեկ պարզ հարցի պատասխանը՝ ո՞վ է պատասխանատու այս արդյունքների համար և ե՞րբ է դադարելու պետական բյուջեի հաշվին վնասների ֆինանսավորումը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Գիտնականներն առաջին անգամ ուսումնասիրել են Արարատ լեռան սառցադաշտը

    Հուլիսին գիտնականներն առաջին անգամ հետազոտություն են անցկացրել Արարատ լեռան սառցադաշտում՝ ծովի մակարդակից ավելի քան 5000 մետր բարձրության վրա։ Հետազոտության մասին հաղորդում է Մյունստերի համալսարանը (Գերմանիա)։

    Երկու շաբաթվա ընթացքում թիմն ուսումնասիրել է սառցադաշտային դաշտը, որը մինչ այդ պահը հետազոտողների համար մնում էր չուսումնասիրված տարածք։ Նրանց նպատակն էր պարզել՝ արդյոք լեռան սառույցը պահպանո՞ւմ է կլիմայական և մշակութային պատմության եզակի արխիվը։

    Խնդիրն այն է, որ այս արխիվն այժմ վտանգի տակ է. գլոբալ տաքացման պատճառով Արարատի սառցե գլխարկը կրճատվում է արագացող տեմպերով, և ամեն ամառ կորչում է այն տեղեկությունը, որը շատ քիչ այլ աղբյուրներ կարող էին տրամադրել։

    Սառցե ծածկույթն ուսումնասիրվել է ցամաքային ռադիոլոկացիոն զոնդավորման և ակտիվ սեյսմիկ մեթոդների համադրությամբ։ Այդ մեթոդը հետազոտողներին հնարավորություն է տալիս քարտեզագրել սառույցի հաստությունն ու դրա ենթասառցային հիմքը։

    «Չնայած քամուն ու ցրտին՝ մենք ստացանք բոլոր անհրաժեշտ տվյալները։ Այժմ կարող ենք որոշել՝ որտեղ պետք է հորատել ամենաերկար մշտական սառցե միջուկը», – նշել է Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի դոկտոր Քոեն Հոֆստեդեն։

    Հաջորդ արշավախմբի ընթացքում հետազոտական խումբը նախատեսում է դուրս բերել հենց սառցե միջուկները։

    Հաջողության դեպքում դրանք կլինեն գիտնականներին հասանելի առաջին նման նմուշները։

    «Դա հնագիտության համար տվյալների բոլորովին նոր աղբյուր է։ Մինչ այժմ մենք ստիպված էինք ապավինել նրան, ինչ գտնվում է հողի մեջ։ Իսկ սառույցը կարող է հազարամյակների ընթացքում՝ շերտ առ շերտ, պահպանել մարդկային գործունեության շարունակական տարեգրությունը»,- հայտարարել է նախագծի ղեկավար, Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգերը։

    Սառույցը նաև արժեքավոր տվյալներ է պարունակում գլացիոլոգիայի համար։ Դրա շերտերում պահպանվել են տեղեկություններ անցյալի մթնոլորտների կազմի, փոշու տեղափոխման և ավելի վաղ հրաբխային ժայթքումների հետքերի մասին։ Դա կարող է հետազոտողներին հնարավորություն տալ վերակառուցելու, օրինակ, թե ինչպես են հենց այս տարածաշրջանում զարգացել այնպիսի հայտնի կլիմայական փուլեր, ինչպիսիք են Հռոմեական կլիմայական օպտիմումը կամ ուշ անտիկ ժամանակաշրջանի Փոքր սառցե դարաշրջանը։

    Լեռան աշխարհագրական դիրքը գտնվում է աշխարհի ամենակարևոր վաղ քաղաքակրթություններից մի քանիսի զարգացման ուղիների խաչմերուկում։ Մինչդեռ Միջերկրածովյան տարածաշրջանում նմանատիպ հետազոտություններ մինչ այժմ իրականացվել են միայն Ալպերում, Մերձավոր Արևելքը մեծապես մնում է չուսումնասիրված։

  • «Բարաք Օբամա․ առաջին աֆրոամերիկացի նախագահից մինչև համաշխարհային առաջնորդ»

    Բարաք Հուսեյն Օբաման ծնվել է 1961 թվականի օգոստոսի 4-ին՝ Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում։ Նա դարձավ պատմության առաջին աֆրոամերիկացին, որը գլխավորեց Միացյալ Նահանգները՝ հաղթելով 2008 թվականի նախագահական ընտրություններում և դառնալով ամերիկյան քաղաքականության ամենանշանավոր դեմքերից մեկը։

    Օբամայի ճանապարհը դեպի Սպիտակ տուն հեշտ չէր․ նա մեծացել է բազմամշակութային միջավայրում, սովորել է Կոլումբիայի համալսարանում և Հարվարդի իրավաբանական դպրոցում, որտեղ դարձել է նաև իրավաբանական ամսագրի առաջին սևամորթ խմբագիրը։

    Մինչ նախագահ դառնալը նա աշխատել է որպես իրավաբան, համայնքային կազմակերպիչ և եղել է ԱՄՆ սենատոր Իլինոյս նահանգից։ Նրա նախընտրական գլխավոր ուղերձը՝ «Այո՛, մենք կարող ենք» («Yes We Can»), դարձավ փոփոխությունների և նոր էջ բացելու խորհրդանիշ։

    2009 թվականին Բարաք Օբաման արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ միջազգային դիվանագիտության և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ Նրա նախագահության տարիներին ընդունվեցին առողջապահական համակարգի բարեփոխումներ, որոնք հայտնի դարձան որպես «Օբամաքեր», ինչպես նաև իրականացվեցին մի շարք կարևոր արտաքին քաղաքական նախաձեռնություններ։

    Այսօր Բարաք Օբաման շարունակում է մնալ համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական գործիչ, որի անունը կապվում է ոչ միայն ԱՄՆ պատմության կարևորագույն շրջանի, այլև փոփոխությունների, հավասարության և նոր հնարավորությունների գաղափարի հետ։

  • Ուկրաինան հարձակվել է Wildberries-ի պահեստների վրա Մոսկվայի մարզում և Սանկտ Պետերբուրգի մոտ. զոհվել է 5 մարդ

    Օգոստոսի 4-ի առավոտյան ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի մարզի Չեխով քաղաքի վրա, հայտնել է շրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը։ «Նովոսելկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մի քանի հրդեհ է բռնկվել։ Ամենախոշորը՝ պահեստում, որտեղ բաց այրումը արդեն մարվել է», — գրել է Վորոբյովը իր թելեգրամյան ալիքում։ Նրա խոսքով՝ վնասվել են նաև էլեկտրական ենթակայանը և վարչական շենքը։ Նախնական տեղեկություններով՝ զոհվել է հինգ մարդ, ևս վեցը վիրավորվել են։ Ըստ ականատեսների կադրերի, որոնք վերլուծել է Astra-ն, Չեխովում դրոնների հարձակման թիրախը եղել է Wildberries-ի պահեստը։

    Անօդաչու սարքերը հարձակում են գործել նաև Լենինգրադի մարզի վրա։ Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է 17 դրոնի ոչնչացման մասին։ «Կան վնասներ Կրասնի Բորի պահեստային գոտում։ Մեկ մարդ տուժել է։ Տեղեկությունը ճշտվում է», — գրել է Դրոզդենկոն իր թելեգրամյան ալիքում։ Հարվածի տակ է հայտնվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը, գրում է «Բումագա» հրատարակությունը՝ հղում անելով ընկերության աշխատակիցների չատերին և ականատեսների տեսանյութերին։ Խոցումից հետո օբյեկտում ուժեղ հրդեհ է սկսվել։ Հարձակման ենթարկված պահեստը Լենինգրադի մարզում մարքեթփլեյսի վերջին և ամենախոշոր լոգիստիկ համալիրն է։ Նրա մակերեսը կազմում է 154 հազար քառ. մետր։ Հուլիսի 24-ին ուկրաինական դրոնները հարձակվել էին տարածաշրջանում Wildberries-ի երկու այլ տեսակավորման կենտրոնների վրա՝ «Ուտկինա Զավոդ» (18 հազար քառ. մետր) և «Շուշարի» (106 հազար քառ. մետր)։

    Ուկրաինայի զինված ուժերը (ԶՈւՈւ) սկսել են հարվածել Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքին հուլիսի 18-ից։ Օգոստոսի 2-ի դրությամբ ընկերության հարձակման ենթարկված պահեստների ընդհանուր մակերեսը հասել է 1,21–1,47 մլն քառ. մետրի։ Վնասվել է 893 000–1,154 մլն քառ. մետր, կամ մարքեթփլեյսի հրապարակայնորեն հայտարարված 5,2 մլն քառ. մետր լոգիստիկ ենթակառուցվածքի 17,2–22,2%-ը, հաշվարկել էին Data Insight-ում։ Իր հերթին «Վյորստկա» հրատարակությունը վնասված պահեստների մակերեսը գնահատել էր ավելի քան 1,5 մլն քառ. մետր, կամ ընկերության բոլոր պահեստային տարածքների 27%-ը։

    Ընդհանուր առմամբ հարվածի տակ են հայտնվել առնվազն 20 պահեստներ, այդ թվում՝ Էլեկտրոստալում, Կրասնոդարում, Նևիննոմիսկում, Վորոնեժում, Եկատերինբուրգում և Սանկտ Պետերբուրգում։ Ամենամեծ կորուստը դարձել է մերձմոսկովյան Էլեկտրոստալի 250 հազար քառ. մետր մակերեսով կենտրոնը, որը ամբողջությամբ այրվել է։