Աշխեն Հայրապետյանը ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից։
Այս մասին կարգադրությունը հուլիսի 10-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Աշխեն Հայրապետյանը ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից։
Այս մասին կարգադրությունը հուլիսի 10-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ հայտնել էր իրեն սպանելու՝ Իրանի ենթադրյալ ծրագրերի մասին, հայտարարել է, որ հրահանգել է աննախադեպ ուժգնությամբ ռմբակոծել Իրանը, եթե իր հետ որևէ բան պատահի։
«Ես հրահանգներ եմ տվել. եթե որևէ բան պատահի, պարզապես ռմբակոծե՛ք նրանց այնպես, ինչպես երբեք չեն տեսել»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը New York Post-ին տված հարցազրույցում։
Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, Իսրայելը ԱՄՆ-ի հետ կիսվել է հետախուզական տվյալներով, որոնք, իբր, վկայում են Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու Իրանի ծրագրերի մասին։ Մարտ ամսին Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հերքել էր այն պնդումները, թե Թեհրանը ծրագրում է մահափորձ իրականացնել Թրամփի դեմ։
Իրանը պատրաստ է լիակատար պաշտպանության, եթե ԱՄՆ-ն «չպահպանի» հրադադարի մասին հուշագիրը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարն է։
«Մենք երբեք չենք դադարել մեր սեփական երկիրը պաշտպանել նախապատրաստվելուց, և ցանկացած պահի, երբ ամերիկացիները դավաճանություն գործեն հուշագրի դեմ, մենք պատրաստ կլինենք լիակատար պաշտպանության», – ասել է Ղալիբաֆը իր ինդոնեզացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
Սերգեյ Փարաջանովը՝ կինոյի հանճարեղ վարպետը, իր արվեստով գերազանցել է ժամանակի սահմաններն ու մշակութային տարանջատումները: Փարաջանովին ճանաչելու և հասկանալու համար բավարար չէ միայն ուսումնասիրել նրա ֆիլմերը, նկարներն ու կոլաժները: Իրական բացահայտման ճանապարհը նաև այն ֆիլմերն են, որոնք վերլուծում ու նորովի ներկայացնում են նրա կյանքն ու ստեղծագործությունը։ Այս տարի՝ Փարաջանովի 100-ամյակի առթիվ, ներկայացվեցին մի շարք նախագծեր, որոնց շարքում կարող եմ առանձնացնել Վիվյեն Բաստաջյանի՝ «Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմը։
Ֆիլմի ռեժիսորն ու մտահղացման հեղինակը Վիվյեն Բաստաջյանն է, իսկ սցենարի հեղինակները՝ Վիվյեն Բաստաջյանն ու Աստղիկ Սիմոնյանը։ Այս նախագիծը չի սահմանափակվում Փարաջանովի մասին կենսագրական փաստերի շարադրանքով։ Այն կինոգեղարվեստական մի փորձ է՝ բացահայտելու Փարաջանովին մարդու, ստեղծագործողի և ամենակարևորը՝ ցույց է տալիս, թե ինչու է Փարաջանովը համամարդկային։ Ֆիլմը առանձնանում է իր նորարար ռեժիսորական մոտեցումներով և հոգեբանական խորությամբ, ինչը այն եզակի է դարձնում։
«Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմը յուրօրինակ ճանապարհորդություն գլխավոր հերոսի՝ «Ոգու» միջոցով։ Այս կերպարը մարմնավորում է հենց ինքը՝ Վիվյեն Բաստաջյանը, խորհրդանշական կերպար է, ով հայտնվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ իբրև հետազոտող ու հայտնագործող։ Այս շրջագայությունը, որ կարծես մի անտեսանելի դռնից բացված լինի, հերոսին տանում է դեպի կոլաժների ու պատկերների մի յուրօրինակ , միստիկ աշխարհ։ Ճամփորդության ընթացքում թե’ ինֆորմացիոն, թե’ այլաբանական շեշտադրումներ են լինում Փարաջանովի մասին, ինչը էլ ավելի է խորհրդավոր դարձնում ֆիլմը։ Ֆիլմի ընթացքում մենք հասկանում ենք, թե ինչով է Փարաջանովի արվեստը վերածվում համամարդկային ժառանգության։ Այս ֆիլմը հիշեցնում է, որ Փարաջանովի արվեստը ապրում է ոչ միայն թանգարաններում կամ էկրաններին, այլև ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք նրա ստեղծագործություններին՝ նոր հարցերով և նոր հայտնագործություններով։
Հեղինակ՝ Դիանա Դեմիրճյան
Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գրեթե համոզված եմ, որ «Քեռու կնգա» նման, մնացած բոլոր մեղադրանքների փաստական տեսանյութերը հերթով հայտնվելու են համացանցում։ Դուք մտածեք, թե ո՞ւմ համար եք դոշ տվել, եկեղեցի անվանել, ու սուրբ ասել։ Ամէն»։
Նշենք, որ համացանցում տարածվել է ենթադրաբար Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութ։
Վաշինգտոնի՝ բրազիլական խոշորագույն հանցավոր խմբավորումները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու վերջին որոշումը ստեղծում է ԱՄՆ-ի կողմից հարավամերիկյան հանրապետության տարածք ուղիղ ռազմական միջամտության աննախադեպ վտանգ։ Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան։
«[Ամերիկյան իշխանությունների որոշումը] լուրջ ռիսկեր է պարունակում Բրազիլիայի քաղաքացիների համար ֆինանսական և միգրացիոն ոլորտներում։ Վերջապես, առաջացել է Բրազիլիայի տարածքում Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժ կիրառելու հավանականություն»,- նախարարի պատասխանը՝ ազգային անվտանգության սպառնալիքների մասին հարցին, Բրազիլիայի Կոնգրեսի Պատգամավորների պալատում լսումների ժամանակ, փոխանցում է CNN Brasil հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրները կարծում են, որ Վաշինգտոնի արմատական քայլը՝ Comando Vermelho (CV, «Կարմիր թիմ») և Primeiro Comando da Capital (PCC, «Առաջին մայրաքաղաքային թիմ») հանցավոր խմբավորումներին «միջազգային ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում ներառելը, առավելություններ չի տա կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարում։
Իրանը հուլիսի 9-ին 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա։
Հորդանանի պետական լրատվական գործակալությունը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչնչացրել է Իրանի արձակած 8 հրթիռներ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է նաև, որ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները օրինական թիրախ կդառնան, եթե ամերիկացիների հարձակումը Իրանի վրա կրկնվի։
1856 թ. հուլիսի 10-ին է ծնվել սերբական ծագմամբ ամերիկացի հայտնի ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան: Էլեկտրականության ու ռադիոտեխնիկայի բնագավառում մեծ ու հեղափոխական գործունեություն ծավալած Տեսլան, նաև արտասովոր մարդ էր, որի կյանքի ու գործունեության շուրջ տարբեր առասպելներ են հյուսվել: Art365-ը ներկայացնում ուշագրավ փաստեր մեծ գյուտարարի մասին:
Նիկոլա Տեսլան ծնվել է սերբ քահանայի ընտանիքում, որը շատ հետաքրքրված էր ռադիոտեխնիկայով: Գյուտարարի խոստովանությամբ, որ նա 1939թ.-ին արել է 12-ամյա Պաուլա Ֆոտիչին ուղղված նամակում, էլեկտրականությամբ նկատմամբ հետաքրքրությունը նրա մեջ առաջացել է 3 տարեկանում, երբ շոյել է կատվի մեջքն ու զգացել առաջացող հոսանքը:
Տեսլան հայտնի է հատկապես փոփոխական հոսանքի (AC) ստեղծման ուղղված իր աշխատանքներով: Հոսանքի այս տիպը ավելի արդյունավետ և անվտանգ էր մեծ հեռավորությունների վրա փոխանցվելու համար, համեմատած հաստատուն հոսանքի (DC), որի հետ կապված աշխատանքներով զբաղվում է Թոմաս Էդիսոնը։ Տեսլան և Էդիսոնը, թեև սկսել են համատեղ աշխատանքով, սակայն հետագայում նրանց ճանապարհները բաժանվում են, իսկ կայուն ու փոփոխական հոսանքների «պատերազմում» հաղթում է Տեսլան: Փոփոխական հոսանքի համակարգերը դառնում են էլեկտրացանցերի ստանդարտը ամբողջ աշխարհում։
Տեսլան է ստեղծել է ինդուկցիոն շարժիչ և տրանսֆորմատոր, որոնք դարձան էլեկտրաէներգիայի բաշխման հիմնական միջոցներ։
Թեև ռադիոյի գյուտի հեղինակ են համարվում Ալեքսանդր Պոպովն ու Գուլիելմո Մարկոնին, սակայն Տեսլան մեծ ներդրում է ունեցել ռադիոտեխնոլոգիաների մշակման մեջ և նույնիսկ ստացել է որոշ առանցքային բաղադրիչների արտոնագրերը Մարկոնիից առաջ։
Տեսլան փորձարկումներ է կատարել էլեկտրաէներգիայի անլար փոխանցման ոլորտում: Նա երազում էր ստեղծել էներգիայի փոխանցման համաշխարհային անլար համակարգ։ Նրա՝ Նյու Յորքում՝ Լոնգայլենդում կառուցած Ուորդենկլիֆ աշտարակը այս հավակնոտ ծրագրի մի մասն էր։ Ուշագրավ է, որ Տեսլայի անլար էներգիայի համակարգի աշխատանքով է մեկնաբանվում 1908 թվականի Սիբիրում Տունգուսյան երկնաքարի պայթյունը: Ըստ տարածված առասպելի, դա ոչ թե երկնաքար է եղել, այլ կուտակված էներգիայի պայթյուն, որն ուղարկել է Տեսլան հազարավոր կիլոմետրեր հեռվից:
Գիտնականին հաճախ մարգարե են համարում, քանի-որ նա է կանխատեսել ժամանակակից շատ տեխնոլոգիաներ. անլար հաղորդակցությունը, համացանցը, սմարթֆոնները և վերականգնվող էներգիան։ Ըստ տարածված առասպելներից մեկի Տեսլան հայտնաբերել է մեծ տարածություններ փոխանցող էլեկտրական մահացու ճառագայթները, որոնք ապագայում կդառնան պատերազմների հիմնական զենքերը, բայց միաժամանակ կնպաստեն պատերազմների վերացմանը:
Տեսլան երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ Կյանքն անցկացրել է մենության մեջ: Նա պնդում էր, որ սա օգնել է նրան կենտրոնանալ միայն գիտական աշխատանքի վրա: Քնում էր օրական ընդամենը 2-3 ժամ և հաճախ աշխատում 48 ժամ անընդմեջ առանց հանգստի։ Նրա աշխատանքային օրակարգը չափազանց ծանրաբեռնված էր:
Նա տառապում էր օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներով։ Մոլագարության հասնող մաքրամոլություն ուներ: Նաև հաշվում էր իր քայլերը, ամեն ինչ անում էր երեք անգամ, չէր սիրում զարդեր և կլոր առարկաներ: Կյանքի վերջին տերիներին շատ տարված էր աղավնիներով, որոնց ամեն օր կերակրում էր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նշանակման պահից, իշխանական շրջանակների գնահատմամբ, անում է հնարավորն ու անհնարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունն ու աջակցությունը պահպանելու համար, իրավապահ համակարգում բոլորովին այլ գործընթաց է հասունանում։
«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական և իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում և իշխանական տարբեր օղակներում ակտիվորեն քննարկվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի վերականգնման հարցը։ Մեր տեղեկություններով՝ մասնագիտական շրջանակները շարունակ վարչապետին ներկայացնում են այն հիմնավորումը, որ տարիներ առաջ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի քննչական ստորաբաժանումը լուծարելու և դրա լիազորությունները Քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ, գործնականում չի արդարացրել սպասելիքները։
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արդեն տվել է քաղաքական համաձայնությունը, որպեսզի գործընթացը սկսվի։ Թե ինչ ժամկետներում այն կմտնի գործնական փուլ, առայժմ հստակ չէ, սակայն իշխանության ներսում նման սցենարն այլևս բացառված չի համարվում։
«Մեկ քննչական մարմնի» գաղափարը չարդարացրեց սպասելիքները
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտան օրենսդրական փոփոխությունները, որոնցով Հայաստանում նախաքննություն իրականացնող մարմինների համակարգը էապես վերափոխվեց։
Ընդունված օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ նախաքննություն պետք է իրականացնեին միայն երկու մարմիններ՝ ՀՀ Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանումները դադարեցրին իրենց գործունեությունը։
Այդ ժամանակ իշխանությունը ներկայացնում էր, որ այս մոդելը կբարձրացնի նախաքննության արդյունավետությունը, կվերացնի լիազորությունների կրկնությունը, կապահովի միասնական պրակտիկա և կնպաստի համակարգի առավել արդյունավետ կառավարմանը։
Սակայն մասնագիտական շրջանակներում դեռևս այն ժամանակ զգուշացնում էին, որ ազգային անվտանգության ոլորտի հանցագործությունների քննությունը պահանջում է ոչ միայն քրեադատավարական գիտելիքներ, այլև հատուկ օպերատիվ փորձ, գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու հմտություններ և ազգային անվտանգության սպառնալիքների գնահատման կարողություններ, որոնք տարիներ շարունակ ձևավորվել էին հենց Ազգային անվտանգության ծառայության համակարգում։
Հիմա այդ մտահոգությունները տարիների ընթացքում միայն խորացել են։
Ի՞նչ է փոխվել իշխանության մոտեցումներում
Մասնագետների գնահատմամբ՝ հատկապես ազգային անվտանգության, լրտեսության, պետական դավաճանության, ահաբեկչության, հակահետախուզական գործունեության և պետական գաղտնիքին առնչվող քրեական վարույթների քննությունը պահանջում է ինստիտուցիոնալ առանձնահատկություններ, որոնք դժվար է ամբողջությամբ վերարտադրել ընդհանուր քննչական մարմնում։
Հենց այդ պատճառով էլ իշխանության ներսում ավելի ու ավելի մեծ աջակցություն է ստանում ԱԱԾ-ում քննչական ստորաբաժանման վերականգնման գաղափարը։ Ի դեպ, Արթուր Պողոսյանը հենց ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից տեղափոխվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: