Category: YN.am

  • Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են սեպտեմբերյան ընտրություններից հետո զորահավաք անցկացնելու հնարավորությունը․ WSJ

    Պետդումայի սեպտեմբերյան «ընտրություններից» հետո Կրեմլը կարող է զորահավաքի նոր ալիք նախաձեռնել՝ Ուկրաինայի ռազմաճակատ հազարավոր նոր զինվորականների ուղարկելու համար․ այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։ Վերջիններիս փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են նման սցենարը, քանի որ պայմանագրայինների հոսքը նվազել է, ինչն էլ խոչընդոտում է ամբողջ Դոնբասը գրավելու նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի իրագործմանը։ WSJ-ն ընդգծում է, որ, ի տարբերություն առաջին ալիքի, երբ զորակոչվում էին զինվորական փորձ ունեցող տղամարդիկ ու պահեստազորայինները, նոր զորահավաքի տակ կարող են ընկնել նվազագույն պատրաստվածություն ունեցող կամ ընդհանրապես կռվելու ցանկություն չունեցող ռուսաստանցիները։

    ՌԴ զինված ուժերում զորահավաքի նոր փուլի հավանականության մասին է փաստում նաև Մոսկվայի Ստրատեգիաների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ հուլիսին ռուսական զորքերի առաջխաղացման տեմպերը կազմել են ընդամենը 37,85 քառակուսի կիլոմետր։ Նրա խոսքով՝ եթե Պուտինը որոշի չհրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի մարզերն ամբողջությամբ օկուպացնելու իր պահանջներից, «նա կարող է այլ ելք չունենալ, քան զորահավաք հայտարարելը»։ Ինչպես նշում է WSJ-ն, նման որոշման քաղաքական ռիսկերը կարող են գերազանցել ռազմաճակատում սպասվող ռազմական օգուտը, քանի որ որոշ ռուսաստանցիներ արդեն իսկ հայտարարում են զորահավաքի դեպքում դիմադրություն ցույց տալու պատրաստակամության մասին։ «Հենց իմ ձեռքը զենք տան, ես կգնդակահարեմ ինձ զորակոչողներին»,- պարբերականին հայտնել է 53-ամյա պահեստազորային սպա Դմիտրի Ռոգինը։

    Զորահավաքի նոր ալիքի մասին լուրերին զուգահեռ՝ Ռուսաստանի մարզերում սկսվել են զորակոչային տարիքի տղամարդկանց զանգվածային որսերն ու ձերբակալությունները։ Օրինակ՝ Պենզայի մարզում վերջերս վերսկսվել է տեղի բնակիչներին բանակ պարտադիր ուղարկելու պրակտիկան․ մարդկանց հավաքագրումն ու ձերբակալումն իրականացնում են ուժայիններն ու քաղաքացիական հագուստով անձինք՝ տեղական իշխանությունների աջակցությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Ուդմուրտիայում, Ուլյանովսկի և Ռոստովի մարզերում։

    Բացի այդ, վերջին շրջանում կտրուկ ավելացել է ռուսական ընկերությունների և պետական կառույցների կողմից հրապարակված այն թափուր աշխատատեղերի քանակը, որոնք նախատեսված են զինվորական հաշվառման և զորահավաքային պատրաստության մասնագետների համար։ Այս պահին HeadHunter հարթակում տեղադրված է նմանօրինակ շուրջ 2,5 հազար հայտարարություն, որոնցից գրեթե 1,3 հազարը հայտնվել են վերջին շաբաթվա ընթացքում։

    Անցյալ շաբաթ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարում էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում իշխանություններին հաջողվել է պայմանագրային ծառայության ներգրավել շուրջ 200 հազար մարդու․ համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հենց Մեդվեդևի տվյալներով, պատերազմի համար հավաքագրվել էր ավելի քան 210 հազար հոգի։

    Արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատականներով՝ 2026 թվականի միջնանցում ռուսական բանակի ընդհանուր կորուստները (զոհվածներով և վիրավորներով) հասել են 1,4 միլիոն մարդու, իսկ պայմանագրայինների հավաքագրման տեմպերն այլևս չեն փոխհատուցում կրած կորուստները։

  • ԱԺ-ում լրագրողների համար սահմանափակումներ չեն եղել. Ռուբինյանը փոխում է աշխատաոճը. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 2-ին Ազգային ժողովում մեկնարկել է իններորդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը։ Օրակարգի գլխավոր հարցը Ազգային ժողովի նախագահի ընտրությունն էր։

    Պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր։ Նրա թեկնածության շուրջ ողջ օրը ծավալվել են ակտիվ քննարկումներ․ հարցեր են ուղղել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները, հնչել են բազմաթիվ ելույթներ։ Քննարկումները շարունակվելու են նաև այսօր։

    «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի փոխանցմամբ՝ երեկ խորհրդարանի ամբողջ տարածքում լրագրողների աշխատանքի համար որևէ սահմանափակում չի եղել։ Լրագրողները ազատ տեղաշարժվել են Ազգային ժողովի միջանցքներում և տարբեր հատվածներում, զրուցել պատգամավորների հետ, իրականացրել հարցազրույցներ և լուսաբանել նիստի ընթացքը։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՊԾ աշխատակիցներին որևէ հրահանգ չի տրվել խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությունը կամ նրանց արգելելու աշխատել խորհրդարանի այս կամ այն հատվածում։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սա կարող է կրել ոչ թե ժամանակավոր, այլ մշտական բնույթ։ Թեև իրավական առումով շարունակում են գործել այն կարգավորումները, որոնք 2021 թվականին ստորագրել էր Ալեն Սիմոնյանը, որը օրերս հաստատել էր Ռուբեն Ռուբինյանը նոր փաստաթուղթ ստորագրելով:

    Մեր աղբյուրների գնահատմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների աշխատանքի հետ կապված հարցում ընտրել է ավելի ազատ մոտեցում՝ հաշվի առնելով այն բազմաթիվ քննադատությունները, որոնք վերջին ամիսներին հնչեցրել էին լրատվամիջոցներն ու ԶԼՄ-ների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները։

    Եթե այս գործելակերպը պահպանվի նաև առաջիկա նիստերի ընթացքում, ապա այն կարող է նշանակել Ազգային ժողովում լրագրողական աշխատանքի պայմանների էական փոփոխություն՝ հօգուտ լրատվամիջոցների ազատ գործունեության։

    Սոնա Գրիգորյան

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնարկի մասին Թրամփի հայտարարությունը

    Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե օգոստոսի 3-ից վերսկսվելու են ամերիկա-իրանական բանակցությունները։ Թեհրանում պնդում են, որ ներկայում ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ քննարկումները վերաբերում են միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավարկության հարցին։

    Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը ներկայում չի բանակցում Վաշինգտոնի հետ։

    «Մենք այժմ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չենք վարում։ Մեր բանակցություններն Օմանի հետ են՝ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու նպատակով»,- ասել է նա։

    Այս հայտարարությունը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիրակնօրյա հայտարարությանը, ըստ որի՝ օգոստոսի 3-ին պետք է մեկնարկեին Իրանի հետ նոր բանակցություններ։ Թրամփը նշել էր, որ որոշել է հրաժարվել Իրանի դեմ լայնածավալ հարվածներից՝ նախընտրելով փորձել հասնել համաձայնության, որը կավարտի արդեն վեցերորդ ամիս շարունակվող պատերազմը։

    ԱՄՆ նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեմաները պետք է լինեն Հորմուզի նեղուցում նավարկության ապահովումը և Իրանի միջուկային ծրագրի ապամիջուկայնացումը։

    Միաժամանակ Իրանը հայտարարել է, որ Օմանի հետ մոտ է համաձայնության՝ նեղուցով անցնող նոր երթուղու վերաբերյալ։ Սակայն Բաղային ընդգծել է, որ նման համաձայնությունը չի նշանակում Հորմուզի նեղուցի ամբողջական վերաբացում։

    Թրամփի բանակցությունների մասին հայտարարությունից հետո նավթի գներն ասիական շուկաներում նվազել են․ West Texas Intermediate տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 4,7 տոկոսով՝ հասնելով 80,72 դոլարի։

    Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը ռազմական հակամարտության մեջ են գտնվում փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրին Իրանի տարածքին։ Այդ ընթացքում եղել են ինչպես ռազմական սրացումներ, այնպես էլ դիվանագիտական ակտիվության փուլեր, սակայն կողմերը շարունակում են տարաձայնություններ ունենալ հատկապես Հորմուզի նեղուցի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

  • Գիշերը զանգվածային հարվածներ են հասցվել Կիևի ռազմարդյունաբերական օբյեկտներին

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին։

    Այսօր առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կիևում խոցվել են մի շարք օբյեկտներ։ Թե ինչ նշանակության էին դրանք, չի հստակեցվել, սակայն նշվել է, որ քաղաքի երկինքը պատվել է խիտ ծխով։

    Տեղական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ գիշերը օդային տագնապի ֆոնին պայթյուններ են լսվել նաև Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի մարզերում։

  • ԱՄՆ-ն Իսպանիայի կառավարությանը մեղադրել է Եվրոպայում զանգվածային ապօրինի միգրացիան խթանելու մեջ

    ԱՄՆ Պետդեպարտամենտը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է դեպի Եվրոպա զանգվածային ապօրինի միգրացիան խթանելու և դրան նպաստելու «միտումնավոր ջանքերի» մեջ՝ տեղի ունեցածն անվանելով «անընդունելի միջադեպ»։

    «Այս անընդունելի պատահարը Իսպանիայի կառավարության՝ դեպի Եվրոպա զանգվածային ապօրինի միգրացիան խթանելու և դրան նպաստելու միտումնավոր ջանքերի ուղղակի հետևանքն է», — ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

    Ամերիկյան գերատեսչությունը նաև աջակցություն է հայտնել Իսպանիայի բնակիչներին և մյուս եվրոպացիներին՝ տեղի ունեցածն անվանելով «ինքնիշխանության և մարդու իրավունքների կոպիտ խախտում»։

    «Միացյալ Նահանգները կանգնած է Իսպանիայի ժողովրդի և բոլոր եվրոպացիների կողքին՝ պաշտպանելով նրանց իրենց ինքնիշխանության և մարդու իրավունքների այս կոպիտ խախտումներից», — ընդգծել են Պետդեպարտամենտում։

    Վաշինգտոնը հայտնել է, որ դիտարկում է երկրի ներսում և արտերկրում ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության համար հնարավոր քայլերը, ինչպես նաև պատրաստ է աջակցություն ցուցաբերել եվրոպացի մյուս դաշնակիցներին, որոնք կարող են բախվել նմանատիպ իրավիճակի։

    2026 թվականի հուլիսի վերջին Աֆրիկայի հյուսիսում գտնվող իսպանական Սեուտա էքսկլավը բախվել է վերջին տարիների խոշորագույն միգրացիոն ճգնաժամին։ Մոտ 60 հազար մարդ հատել է Մարոկկոյի հետ սահմանը՝ փորձելով հայտնվել Իսպանիայի և Եվրոպական Միության տարածքում։

    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդել է անօրինական փոխադրումներով զբաղվող ցանցերի վրա և սահմանի զանգվածային հատումն անվանել է «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում»։

    Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ սահմանն անցնելու փորձերի ընթացքում զոհվել է առնվազն 57 մարդ։ Իսպանական իշխանությունները հայտնել են, որ մինչև ուրբաթ ավելի քան 48 հազար միգրանտ է կամավոր վերադարձել Մարոկկո։

    Ճգնաժամը բռնկվել է Իսպանիայի Գերագույն դատարանի այն որոշումից հետո, ըստ որի՝ Սեուտա կամ իսպանական մյուս էքսկլավ՝ Մելիլիա, հասնելու փորձի ժամանակ ծովում հայտնաբերված միգրանտները չեն կարող ավտոմատ կերպով վերադարձվել Մարոկկո՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման։

    Իրավիճակը լարվածություն է առաջացրել Եվրոպական Միության ներսում։ Իտալիան հայտարարել է Իսպանիայի հետ Շենգենյան ազատ տեղաշարժման կանոնների գործողության դադարեցման մասին՝ վկայակոչելով սահմաններում վերահսկողության nւժեղացման անհրաժեշտությունը։

    Սեուտան և Մելիլիան աֆրիկյան ափամերձ հատվածում գտնվող իսպանական երկու ինքնավար քաղաքներ են, որոնք միաժամանակ հանդիսանում են Աֆրիկայի հետ Եվրոպական Միության միակ ցամաքային սահմանները։ Դրանց աշխարհագրական դիրքն այդ տարածքները դարձնում է հիմնական երթուղիներից մեկը այն միգրանտների համար, որոնք ձգտում են Մարոկկոյի տարածքով հայտնվել ԵՄ-ում։

  • Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան

    Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար, այն է՝ սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ, նաև օգտագործված մալուխի և իրականացված աշխատանքի որակի, օգտագործված կցորդիչի որակի, ինչպես նաև ՏԻՄ կոմունալ ծառայությունների կամ այլ շին.աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը վթարի առաջացման վրա, կիրականացվի ներքին հետաքննություն։ Այս մասին գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

    «Սահմանված կարգով մեր ահազանգով ներգրավվել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը»։

  • Իրաքի բանակը բերվել է լիակատար մարտական պատրաստության

    Իրաքի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Սաբահ ալ-Նումանը հայտարարել է, որ երկրի վարչապետ Ալի ազ-Զայիդին «հրամաններ է տվել բարձրացնելու զգոնությունն ու զինված ուժերի առավելագույն մարտական պատրաստվածությունը», հաղորդում է Middle East Eye-ը։

    Որոշումը ներառում է նաև բանակը ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգերով, վաղ հայտնաբերման համակարգերով և հակաօդային պաշտպանության միջոցներով համալրելու ծրագրերի արագացումը։

    Ավելի վաղ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան հարվածներ էին հասցրել «Հաշդ աշ-Շաաբիին» պատկանող բազաներին․ այդ դաշինքն ինտեգրված է Իրաքի զինված ուժերի կազմում։

    Հասանելի է

    русский

  • Զելենսկի․ «Իրանն ու Հյուսիսային Կորեան արդեն հարձակվել են Ուկրաինայի վրա»

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի արդեն ներգրավվել են պատերազմի մեջ՝ Ռուսաստանին մատակարարելով զենք, ռազմական տեխնոլոգիաներ և զինվորականներ։ Այդ մասին նա ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

    «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր ճակատ չբացվի։ Սակայն պետք է ազնիվ լինենք․ իրանցիներն ու հյուսիսկորեացիներն արդեն հարձակվել են մեզ վրա։ Նրանք Ռուսաստանին տվել են անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, 155 մմ հրետանային արկեր և մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվոր»,– ասել է Զելենսկին։

    Նրա խոսքով՝ Իրանը պատերազմի առաջին տարում Ռուսաստանին փոխանցել է հազարավոր Shahed անօդաչու թռչող սարքեր և դրանց արտադրության լիցենզիա, ինչը, ըստ նրա, արդեն իսկ նշանակում է անմիջական մասնակցություն Ուկրաինայի դեմ պատերազմին։

    Զելենսկու այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նրան հարցրել են Իրանի վերջին սպառնալիքների մասին՝ կապված Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի ենթադրյալ հարձակման հետ։ Հուլիսի 25-ին Թեհրանը Կիևին մեղադրել էր ագրեսիայի մեջ, հայտարարել, որ կպաշտպանի իր ազգային անվտանգությունը, իսկ Իրանի արտգործնախարարը սպառնալիք էր հրապարակել X-ում՝ ուղղված Զելենսկիին։

    Նույն օրը Զելենսկին հայտարարել էր Կասպից ծովում «հեռահար հարվածների շատ ուժեղ արդյունքների» մասին՝ նշելով, որ թիրախավորվել են Իրանից ռազմական բեռներ տեղափոխելու համար օգտագործվող նավերը։ Նա նաև ավելի վաղ զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Հյուսիսային Կորեայից ստանալ ևս 30 հազար զինծառայող և նոր բալիստիկ հրթիռային համակարգեր։

  • 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ

    Ճապոնիայի հյուսիսում գտնվող Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությանը։

    Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 2026 թվականի օգոստոսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:48-ին։

    Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աոմորի պրեֆեկտուրայի մոտ գտնվող ծովում՝ մոտավորապես 41,3° հյուսիսային լայնության և 142,0° արևելյան երկայնության կոորդինատներում։

    Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 80 կիլոմետր խորության վրա։ Ճապոնիայի սեյսմիկ ակտիվության յոթբալանոց սանդղակի տվյալներով՝ ցնցումների ինտենսիվությունն առանձին շրջաններում հասել է 4 բալի։

    Երկրաշարժից հետո ցունամիի մասին նախազգուշացում չի հայտարարվել։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

  • Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ նոր հարձակման դեպքում

    Իրանի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումները Իրանի ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր նոր հարվածների մասին «խելագարություն» են, գրում է Tasnim։

    Նրա խոսքով՝ Թեհրանն արդեն պատրաստել է պատասխան գործողությունների լայնածավալ ծրագիր։

    «Մենք ամերիկյան լրատվամիջոցների հայտարարությունները Իրանի ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հնարավոր հարվածների մասին համարում ենք խելագարության դրսևորում։ Մենք պատրաստել ենք լայնածավալ պատասխան ծրագիր, որը ներառում է հարվածներ սիոնիստական ռեժիմի կենսական նշանակության ենթակառուցվածքներին և տարածաշրջանում ԱՄՆ-ի էներգետիկ օբյեկտներին։ Մենք պատրաստ ենք դրան», — Tasnim գործակալությանը հայտարարել է աղբյուրը։

    Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերն արդեն ցուցադրել են թե՛ իրենց հնարավորությունները, թե՛ նման գործողությունների պատրաստակամությունը։

    «Իրանի զինված ուժերը՝ ինչպես 40-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ վերջին շաբաթներին, ցույց են տվել, որ ունեն նման գործողությունների համար և՛ հնարավորություններ, և՛ վճռականություն», — ընդգծել է Իրանի ուժային կառույցների ներկայացուցիչը։