Category: TIV 1

  • ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքը

    Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) ավիաընկերություններին խորհուրդ է տվել մինչև օգոստոսի 31-ը չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքը՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղությամբ իրականացվող հարվածների պատճառով։

    Գործակալությունը նաև կոչ է արել զգուշություն ցուցաբերել Պարսից ծոցի երկրների, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի մի շարք այլ պետությունների օդային տարածքներում թռիչքներ իրականացնելիս։

  • ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել

    Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ, իսկ այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը։ Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ներկայացնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին նվիրաբերված ժամանակակից ականազերծման մեքենան։

    Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մեքենան կծառայի՞ միայն սահմանամերձ բնակչության անվտանգությանը, թե՞ նաև ենթակառուցվածքային ծրագրերին՝ Մարագոսը պատասխանեց, որ այն կարևոր նշանակություն կունենա երկու ուղղություններով։

    «Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պետք է անցնեն։ Ինչպես գիտեք, մենք արդեն պարտավորվել ենք կառուցել երեք սահմանային անցակետ և այժմ աշխատում ենք այդ ծրագրի մանրամասների վրա։ Սակայն ականազերծումը կլինի առաջին անհրաժեշտ քայլը, որպեսզի այդ կարևոր շինարարական աշխատանքները կարողանան առաջ շարժվել»,-նշել է Մարագոսը՝ առանց մանրամասնելու, թե որ հատվածներում է նախատեսվում սահմանային անցակետերի կառուցումը։

    Նա հավելեց, որ Եվրոպական միությունը շարունակում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ ներդրումներ կատարելով ինչպես անվտանգության, այնպես էլ ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ։

    ՀՀ-ում ԵՄ դեսպանի բնորոշմամբ՝ ԵՄ-ն հետևողականորեն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, և այդ համագործակցությունն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս Հայաստանի քաղաքացիների համար։

    «Մենք աշխատում ենք ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, և սա շատ կոնկրետ օգուտներ է բերում հայ ժողովրդին։ Եվրոպական միությունը ներդրումներ է կատարել հակամարտությունից տուժած բնակչության անվտանգության ապահովման գործում՝ տարբեր ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության միջոցով։ Այժմ մենք ներդրումներ ենք կատարում նաև կյանքեր փրկելու գործում՝ համագործակցելով Հայաստանի ականազերծման գործողությունների կառույցի հետ»,-շեշտել է Վասիլիս Մարագոսը՝ մանրամասնելով, որ Հայաստանին փոխանցված ականազերծման մեքենան արտադրվել է Խորվաթիայում և եվրոպացի հարկատուների համերաշխության կոնկրետ դրսևորումն է Հայաստանի նկատմամբ։

  • Հանցավոր ծագում ունեցող 704 մլն դրամից բացի՝ շուրջ 29,5 մլն դրամ փոխանցվել է պետական բյուջե

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 704 մլն ՀՀ դրամից բացի՝ շուրջ 29 մլն 491 հզր ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:

    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

  • Ծառուկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով 3 անձ կալանավորված է

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով երեք անձ, այդ թվում Ծառուկյանը, կալանավորված է. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

    Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

  • Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են

    «Հայաստան» դաշինքի՝ երկու օր առաջ տարածված հայտարարության մեջ ամեն ինչ հստակ է։ Սակայն երեկ հրապարակված տեսագրությունները՝ ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ տանում Քննչական կոմիտե՝ բացահայտ ոտնահարելով օրենքի, բարոյականության և մարդկային տրամաբանության բոլոր նորմերը` հրապարակային նվաստացնելով, ստորաբար գետնին պառկեցնելով, իսկ այնուհետև Դատարանի վճռով կալանավորելով նրան, ևս մեկ անգամ փաստում են, որ Սրբազանների, հայազգի նշանավոր բարերար Սամվել Կարապետյանի, մեր գործընկեր Արթուր Սարգսյանի, ընդդիմադիր դաշինքների, կուսակցությունների, լրատվամիջոցների բազմաթիվ անդամների դեմ իրականացվող գործընթացները քաղաքական հաշվեհարդար են՝ թույլ, մանրախնդիր, անբարոյական միավորի վրեժխնդրություն, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

    «Հասարակության յուրաքանչյուր գիտակից անդամ հասկանում է, որ սա նրանց ձեռագիրն է, և այլ բան չէինք էլ կարող սպասել նրանցից։ Բայց պարտված, Հայաստանը այս օրին հասցրած, Արցախը հանձնած, Հայ Առաքելական Եկեղեցին հալածող, հակապետական, հակաազգային իշխանությունները որքան մնան մեր պետության կառավարման ղեկին, նրանց թիրախում է հայտնվելու ազգային արժեքներ կրող յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ կամ պարզապես իշխանությանը քննադատող քաղաքացի։

    Սակայն հատուցման, արդարության վերականգնման օրը գալու է։ Եվ այս հանցավոր ամենաթողության թե պատվիրատուն, թե հրաման տվողը, թե այսպես կոչված ոհմակով «հրաման կատարող» ոչնչությունները իրականում իրենք իրենց են նվաստացնում, ստորացնում և անկասկած կանգնելու են դատարանի առաջ, իսկ վախը Աստծո դատաստանից՝ նրանց հալածելու է ամեն վայրկյան, ողջ կյանքի ընթացքում»։

  • ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. Պետրոսյան

    ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «Նախօրեին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում ՀԷՑ-ի օրվա սեփականատերն, ի պատասխան ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցադրումների, առնվազն երեք «ՈՒԺԵՂ» ՍՈՒՏ է ասել․

    Ս.Կ – «Ընդամենը 100 հատ նոր միացում են արել՝ 3000-3500-ի փոխարեն» (ենթադրաբար, ժամանակավոր կառավարման ողջ շրջանը նկատի ուներ)։

    ՓԱՍՏ – Միայն 2026թ. 1-ին կիսամյակում ՀԷՑ-ն իրականացրել է 4103 նոր բաժանորդի միացում ցանցին (միջինը՝ օրական 31 հայտ)։

    Ս.Կ. – «Չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում ներդրումային ծրագրերը կատարել»։

    ՓԱՍՏ – Վարույթի մեկնարկից ի վեր՝ մինչ օրս, շուրջ 11 ամսում, բացառապես բաց, թափանցիկ մրցութային գնումների միջոցով ՀԷՑ-ը ձեռք է բերել շուրջ 14,5 մլրդ դրամի էլեկտրատեխնիկական սարքավորումներ և ապրանքանյութական արժեքներ։ Այս պահին ՀԷՑ-ի պահեստներում առկա են ավելի քան 27 մլրդ դրամի նյութեր՝ նախատեսված ներդրումային ծրագրի և ցանցի ընթացիկ սպասարկման համար։

    Ս.Կ. – «40%-ից ավելի ավելացել են անջատումները»։

    ՓԱՍՏ – Ընթացիկ տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին հոսանքազրկումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով, ինչը պաշտոնապես ներկայացվել է նաև ՀԾԿՀ-ին։

    Հ.Գ. Ահա այսպիսի անփառունակ վիճակագրություն և մերկապարանոց գնահատականներ՝ #Իրենց_ձևով…»։

  • Եթե Ծառուկյանը իշխանության գար, 22 միլիոն դոլարի վեճը ո՞ւմ հաշվին էր լուծվելու. Արման Եղոյան

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գրել է.

    Ծառուկյանի քրեական գործի մասին շատ բան չգիտեմ։ Չգիտեմ` ով ինչ ասելիք ու փաստարկ ունի էս գործով, բայց քաղաքական նշանակության մեկ այլ հանգամանք կա. մարդ, ով պատրաստվում էր նաև Իրանին Հայաստանում խաղաղության երաշխավոր կարգել, չի կարողացել իրանցի իր գործընկերների հետ միջին մասշտաբի մի բիզնես ծրագիր իրականացնի հերիք չի, դեռ մի բան էլ 22 միլիոն դոլարի պարտքուպահանջի մեջ ա հայտնվել (էն աստիճան, որ գործին խառնվել ա Հայաստանում Իրանի դեսպանը)։ Շատ հետաքրքիր ա, եթե հունիսի 7֊ին Ծառուկյանն ու մյուսներն իշխանության եկած լինեին, էս 22 միլիոն դոլարի ու նմանատիպ անձնական ֆինանսական վեճերը ու՞մ հաշվին էին լուծվելու։

  • Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

    Ադրբեջանի ցամաքային ուժերը լայնածավալ օպերատիվ վարժանքներ են անցկացնում 2026 թվականի ուսումնական պլանի համաձայն։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

    Վարժանքներին մասնակցում են հրամանատարական, մոտոհրաձգային, մեխանիզացված և հրետանային բրիգադների, աջակցության ստորաբաժանումների անձնակազմը, ինչպես նաև զորահավաքային վարժանքներին մասնակցող ժամկետային զինծառայողներ։

  • Փեզեշքիանը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի գործելաոճը

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի գործելաոճը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ մեղադրելով Վաշինգտոնին մրցաշարը սեփական արտաքին քաղաքական նպատակներին ծառայեցնելու մեջ։ 

    Նախագահը պնդել է, որ ամերիկյան կողմը դրսևորում է կանոնների խախտման, մրցակիցների նկատմամբ ճնշումների, խոչընդոտների ստեղծման և խաբեության վարքագիծ, ինչը բնորոշ է նրա ավանդական քաղաքականությանը։

    «ԱՄՆ կառավարության վարքագիծը որպես Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպիչ հետևում է նրա ծանոթ արտաքին քաղաքականությանը՝ կանոնների խախտում, մրցակիցներին ահաբեկում, խոչընդոտներ ստեղծել և խաբեություն։ Իրանը մերժում է նման խաղերը։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները»,- գրել է Փեզեշքիանը X-ի իր էջում։

  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 թեկնածուի գրանցումը

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 106 թեկնածուների գրանցումները։ Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։